Մատչելիության հղումներ

Որևէ ռազմամթերք կամ ռազմական նշանակության ապրանք Արցախ չի տեղափոխվել. ՀՀ ԱԳՆ


Հայաստանը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը, թե իբրև «երեկ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով», և թե նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ անձնակազմի փոխադրում:

«Պաշտոնապես շեշտում ենք, որ սույն տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է, չունի և չի կարող ունենալ որևէ փաստական հենք և աղերս իրականության հետ», - ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ:

Նմանօրինակ «աղմկոտ բացահայտումներով» Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել ու մոլորեցնել, նշում է ԱԳՆ-ն՝ հավելելով, որ ակնհայտ փաստերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանը որդեգրել է ապատեղեկատվության ու լարվածության աճի գործելակերպ՝ փորձելով կեղծ տեղեկատվական հիմքեր ստեղծել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ծավալելու համար:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությունը տարածվել էր երեքշաբթի երեկոյան՝ աշխատանքային օրվա ավարտին: 2020 թվականի աշնանից՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի տեղակայումից ի վեր առաջին անգամ ադրբեջանական կողմը բացահայտորեն մեղադրում էր խաղաղապահներին հայկական կողմի ռազմական նշանակության բեռներն ու շարասյուներն ուղեկցելու մեջ։

«Ընդ որում, Ադրբեջանն այդ քաղաքականությունն «արդարացնելու» համար շարունակում է արևմուտքում Հայաստանին որպես ծայրահեղ ռուսամետ, իսկ Ռուսաստանում՝ ծայրահեղ արևմտամետ ներկայացնելու իր քաղաքականությունը:

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ որևէ ռազմամթերք կամ ռազմական նշանակության ապրանք Լաչինի միջանցքով չի տեղափոխվել ինչպես մինչև դրա շրջափակումը, այնպես էլ 2022թ. դեկտեմբերի 12-ից հետո», - շեշտում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, նաև պնդում, որ Արցախում Հայաստանը բանակ չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG