Մատչելիության հղումներ

«Առանց քաղաքական գնահատական տալու, գալիս են ի՞նչ անեն». ՔՊ-ից արձագանքում են Սերգեյ Լավրովի հայտարարությունը


«Առանց քաղաքական գնահատականի, գալիս են ի՞նչ անեն»,- Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար մարմնի՝ վարչության անդամ Գևորգ Պապոյանը արձագանքն է Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայելու Ռուսաստանի արտգործնախարարի առաջարկին։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ եթե Հայաստանը շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում։

Իշխանությունը նախ Հայաստանի տարածքների ադրբեջանական օկուպացիայի մասին գնահատական է ակնկալում Ռուսաստանի առաջնորդած ռազմաքաղաքական դաշինքի երկրներից։

Առաջարկը Մոսկվան առաջին անգամ չէ հնչեցնում։ Արևմուտք - Ռուսաստան հակասությունների այս շրջանում, սակայն, պայմանավորվածություն ձեռք բերվեց հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության դիտորդներին տեղակայելու մասին։

«Սա սանատորիա՞ է իրենց համար, թե՞ առողջարան կամ ուրիշ բան, հստակ առաքելությամբ պիտի գան, չէ՞: Գնահատական պիտի տրվի, էդ գնահատականին պիտի շարունակի գործողություն: Լավ, իրենք եկան այստեղ, ադրբեջանցիներն առաջ եկան, ի՞նչ է փոխվելու, իրենք պիտի հետ գնան, որովհետև իրենց երկրի ղեկավարությունն ասում է՝ սահմանները դեռ հստակ չեն, Ադրբեջանն էլ ոնց որ ագրեսիա չի ձեռնարկում, դուք հետ քաշվեք: Գալիս են այստեղ առանց գնահատականի որ ի՞նչ», - ասաց Պապոյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարում է՝ եթե Հայաստանը քաղաքական գիծ է փոխել, իշխանությունը պետք է դրա մասին խոսի։ Պատգամավորը կարծում է՝ Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը դրսևորվում է նաև Հայաստանում։

«Եթե Հայաստանի քաղաքական կուրսում արդեն իսկ առարկայական փոփոխություն է տեղի ունեցել կոնցեպտուալից մինչև գետնի վրա, ապա այդ դեպքում պետք է իշխանությունը հայտարարի, որպեսզի շատ ավելի պարզ լինի, թե Հայաստանն ինչի է հրաժարվել իր ռազմավարական դաշնակցի ծառայություններից, որ ամրագրված է փաստաթղթով, ու այս պահին դիմել է Եվրամիության դիտորդական առաքելությանը: Այն, որ Հայաստանի իշխանությունների մոտեցումն ինքնին ընկալելի չէ մեր տարածաշրջանում ներկայացված գլխավոր խաղացողի համար, դա ինքնին խնդիր է և ազգային անվտանգության սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար», - նշեց Աբրահամյանը:

Գևորգ Պապոյանը վստահեցնում էր՝ կուրսի փոփոխության մասին խոսք չկա։

Երեկվանից հայաստանցիներին փոթորկել է Լավրովի մեկ այլ հայտարարություն, թե Հայաստանը տևական ժամանակ օկուպացրել էր Ադրբեջանի յոթ շրջանները, Բաքուն էլ վերադարձրել է իրեն պատկանող հողերը։ Ինչպես հասարակության, իշխանության ու ընդդիմության տրամադրություններն էլ տրամագծորեն տարբեր են։

Իշխանական Գևորգ Պապոյանը կարծում է՝ ոչ Լավրովն է նորություն ասել, ոչ էլ Ռուսաստանի շեշտադրումներն են փոխել։ Միշտ էլ հայտարարել են, որ 7 շրջանները ադրբեջանական են. - «Ուղղակի ամբողջ խնդիրը նրանում է՝ Հայաստանի նախագահները գնացել են բանակցել են այդ յոթ շրջանները բանակցելու շուրջ, բայց եկել են փող են տվել վարձու քաղաքագետներին և վարձու պատմաբաններին, որպեսզի մեկը ասուլիսի միջոցով, մյուսը դասագրքերի միջոցով հայ ժողովրդին, երեխաներին ու հանրությանը մոլորության մեջ գցի»:

«Ազատության» դիտարկմանը՝ «Նիկոլ Փաշինյանն էլ երկու տարի, որը բանակցել է մինչև պատերազմը, չի եկել և ասել, որ այլ ելք չկա, քան շրջանները հանձնել, և ի վերջո քայլ չի արել դրա ուղղությամբ՝ շրջաններ տալու», Պապոյանը պատասխանեց. - «Իրականում շատ մեծ տարբերություն կա, նոր իրավիճակ ենք փորձել ստացել, հուսահատ փորձեր ենք արել Արցախը փրկելու, բայց, ցավոք սրտի, չի ստացվել: Փորձ է կատարվել Հայաստանի ռազմական բյուջեն ավելացնել, տարին 30 տոկոսով ավելացնում ենք, բայց դրա համար մեզ ժամանակ է պետք»:

Տիգրան Աբրահամյանի համար խնդրահարույց է, որ Ռուսաստանի արտգործնախարարը որպես լուծում կամ կարգավորում է համարում այն, որ Ադրբեջանը 7 շրջանները վերադարձրեց պատերազմի միջոցով։ Ռուսաստանցի պաշտոնյաներն, ասում է, մեկ անգամ չեն հայտարարել, որ ռազմական ճանապարհով հարցին լուծում չկա։ Ուստի ինչո՞ւ է Լավրովը հիմա նման հայտարարություն անում։

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն է պատճառը, թե իրենք տեր են բացառապես ՀՀ տարածքին. - «Սա հնչում է հատկապես Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքական կուրսի պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունն ինքը քննարկում է փաստաթղթեր, որի հիմքում կարող է լինել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ լինելը: Լավրովը խոսում է 7 շրջանների մասին, ի դեպ, Ադրբեջանն օկուպացրել է նաև ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և Քարին տակ գյուղը»:

Հեռավար բանավեճերի այս ֆոնին պաշտոնական Երևանը մինչ հիմա չի հստակեցրել՝ արդյոք ընդունել են Մոսկվայի միջնորդությամբ արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացնելու առաջարկը։ Դեկտեմբերյանը՝ մերժվեց՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառաբանությամբ։

XS
SM
MD
LG