Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը խայտառակվել է, էլ ի՞նչ դաշնակից. Դավիթ Հովհաննիսյան


ՀԱՊԿ-ը խայտառակվել է, էլ ի՞նչ դաշնակից, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Եվրամիության անզեն դիտորդները զսպելո՞ւ են Ադրբեջանին:

Հովհաննիսյան. - Դիտորդի զենքը ո՞րն է, իր ներկայությունը, ինչքան որ Եվրամիության նշանակությունը Ադրբեջանի աչքերում բարձր կլինի, Թուրքիայի` ավելի, բնականաբար, այնքան կզսպեն:

«Ազատություն». - Ի դեպ, Ռուսաստանը դժգոհեց, որ Երևանը ՀԱՊԿ-ի փոխարեն եվրոպացի դիտորդներին է է նախընտրել, անգամ վտանգների մասին է զգուշացնում, Կրեմլում ի՞նչ նկատի ունեն:

Հովհաննիսյան. - Բնականաբար, ինչքան հնարավոր է ճնշում այս իշխանությունների վրա: Պիտի այստեղ հասկանանք, որ, այնուամենայնիվ, ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում Ռուսաստանն իր սոցիալական հենարանները կորցնելու նպատակ պետք է որ չունենա: Բայց ճնշել իշխանությունների վրա ինչ հնարավոր ձևով ասեք կանեն, բայց կոնկրետ հայ հասարակության մեջ, հայաստանյան հասարակության մեջ էդ հնարավորությունները շատ սահմանափակ են, չունեն ուժ, կորցրել են վստահությունը և անցած ընտրությունները դրա մասին վկայեցին: Նաև չունեն այն ուժը, որը կկարողանա ինչ-որ ձևով մրցակից դառնալ: Հին էդ գող, ավազակների վրա հենվելը իրենք էլ են արդեն վաղուց հասկացել, որ չի արդարացնում իրեն, բաց էդ ունեն:

«Ազատություն». - ՀԱՊԿ-ի դիտորդներին, նրանց զորավարժությունները մերժելը քանի դեռ այդ դաշինքը չի դատապարտում Ադրբեջանի ագրեսիան և չի ասում, թե որն է Հայաստանի սահմանը, ճի՞շտ որոշում է:

Հովհաննիսյան. - Անշուշտ, ՀԱՊԿ-ը իրեն բացարձակապես իր պարտավորությունների առումով խայտառակ արեց այս խնդիրներով, չնայած հազար ու մի ձևակերպումներ են գտնում, իրենց մեկնաբանություններն են տալիս, բայց բոլորի համար պարզ է, որ դաշնակիցը չի կատարում իր պարտականությունները: Այս դեպքում էլ ի՞նչ դաշնակից, այդտեղ մենք ՀԱՊԿ-ի հետ բան չունենք անելու:

«Ազատություն». - Խորանում է Արցախի շուրջ անորոշությունը, և Հայաստանի իշխանությունները քննադատության են արժանանում, որ Ադրբեջանի հետ այս հարցով չեն բանակցում:

Հովհաննիսյան. - Բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան միջավայր և համապատասխան այդ արարքի գիտակցում՝ բանակցություններին մասնակցող կողմերի կողմից: Այստեղ այդպիսի բան չկա, կա Ադրբեջանի նախագահ Ալիևի ձգտումը հնարավորինս արագ մաքսիմալ արդյունքներ ձեռք բերել: Ինչո՞վ է պայմանավորված այդ ձգտումը, նրանով, որ այս անորոշությունը, որը տարածաշրջանային բալանսի հարցում կա, ի վերջո, ինչ-որ պահի ավարտվելու է: Քանի այդ ամեն ինչը դեռ չի եղել, Ալիևը ձգտելու է մաքսիմալ օգուտ ստանալ այն վիճակից, որում հայտնվել ենք մենք:

«Ազատություն». - Ո՞րն է այդ մաքսիմալը:

Հովհաննիսյան. - Իր տեսանկյունից, բնականաբար, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իր ընկալմամբ, Արցախի հարցի, ինչը ինքը ժխտում է, որ այդպիսի խնդիր կա, բացարձակ վերացումը և այլն, որը ոնց որ թե իր մոտ չի ստացվում և դրա համար գոնե այն, ինչ կկարողանա պոկել, պիտի պոկի:

«Ազատություն». - Այնուամենայնիվ, Դուք կգնայի՞ք Մոսկվա՝ եռակողմ հանդիպմանը, երբ մջանցքը փակ է:

Հովհաննիսյան. - Ես դիվանագետ եմ, ինձ, որ ասում են՝ արի խոսենք, ես գնում եմ խոսելու: Նախ ես վստահ եմ, որ կկարողանամ բանակցել, այնպես որ եթե ծանր նախապայմաններով չեն սկսվում, բանակցությունները, ապա պետք է գնալ: Եթե նախապայմաններ կան, ապա նախաբանակցային փուլ կա, որտեղ դու պիտի այդ խնդիրները փորձես լուծել:

«Ազատություն». - Ձեր կարծիքով ի՞նչ է ուզում Ադրբեջանը բացի միջանցքը:

Հովհաննիսյան. - Ինքը ուզում է, որ մեր տարածքով էքստերիտորիալ ճանապարհ լինի, իր տեսանկյունից, Թուրքիայի տեսանկյունից, սա կարևորագույն ձեռքբերումը կլինի:

«Ազատություն». - Ռուսաստանը չեք հիշատակում, նրանք հետաքրքրված չե՞ն:

Հովհաննիսյան. - Նրանք հետաքրքրված չեն, որ էստերիտորիալ լինի, նրանք հետաքրքրված են, որ իրենց ազդեցության տակ լինի, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունը պահպանվի այդ տարածքների վրա:

«Ազատություն». - Այսինքն՝ նաև ենթարկվի Հայաստանի օրենսդրությանը, իրենք միայն անվտանգությունը ապահովե՞ն:

Հովհաննիսյան. - Այո, անվտանգություն, մաքսային ծառայություն, էս, էն, այսինքն, նրանք էլ հնարավորինս ամեն ինչ, ինչ միայն թե հեշտ կլինի փախցնել, կփախցնեն:

«Ազատություն». - Հետևաբար համաձայն չե՞ք, որ Մոսկվայի մատն էլ է խառը այս միջանցքը փակելու պատմության մեջ, միացել են թուրք-ադրբեջանական ճնշմանը:

Հովհաննիսյան. - Անշուշտ Մոսկվան Հայաստանի իշխանությունների վրա ճնշում է գործադրում բոլոր հնարավոր ձևերով, իհարկե, կան կարմիր գծեր, որ այդ սահմանները չի անցնի Մոսկվան, բայց մինչև այդ կարմիր գծերը հնարավորինս ինչ կարելի է անել, կանի: Լաչինի միջանցքը չբացելը, ոչ թե փակելը իրենց գործն է:

«Ազատություն». - Եվ այդ կարմիր գիծն է, որ կթողնեն այնտեղից գնան, դա չեն անի:

Հովհաննիսյան. - Իմ կարծիքով՝ ոչ:

XS
SM
MD
LG