Մատչելիության հղումներ

Մոսկվայի հայտարարությունն անհանգստացնող է. ընդդիմադիր պատգամավոր


Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա

Պաշտոնական Երևանը երեկվանից չի արձագանքում Մոսկվայի կոշտ հայտարարությանը։ Ռուսաստանի արտգործնախարարությունը անդրադարձել էր Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու որոշմանը։ Ըստ Մոսկվայի, Եվրամիության 100 ներկայացուցիչները կարող են միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել եղած հակասությունները։

Խորհրդարանի իշխող խմբակցությունից այս թեմայով համաձայնեց խոսել Արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը։ Մյուս իշխանականները հիմնականում հրաժարվում էին արձագանքել Մոսկվայի հայտարարությանը։

«Արդյո՞ք Ռուսաստանի շահերի սպասարկման պարագայում, մեր դաշնակից պետության շահերի սպասարկման պարագայում հայկական շահերը անընդհատ պետք է խոնարհված դրոշ լինեն էդ շահերի առջև», - ասում է նա:

Գուրգեն Արսենյան
Գուրգեն Արսենյան

Արսենյանի խոսքով՝ Ռուսաստանի չարագուշակ կանխատեսումը չի սպառնում Հայաստանի անվտանգությանը, քանի որ Եվրամիության դիտորդները հենց սպառնալիքը նվազեցնելու նպատակով են Հայաստանի սահմաններ հասնում. - «Հայաստանը որևէ վտանգ առաջացնելու կամ սպառնալիք ստեղծելու ցանկություն չունի, Թուրքիան չունի, Իրանը չունի Վրաստանը չունի։ Մնացին երկու խաղացող՝ Ադրբեջանը և Ռուսաստանը։ Այսինքն, ռուսական սպառնալիքի իրականացնողը պետք է լինի Ադրբեջա՞նը։ Որովհետև մենք հասկանում ենք, որ էդ սպառնալիքը ինչ-որ մի ձև պետք ա առարկայանա, չէ՞։ Պետք ա լինի Ադրբեջանը, հենց Ադրբեջանի սպառնալիքի իրականացնելու դեմ ուղղված գործողություն ենք արել մենք՝ էդ առաքելությունը Հայաստան հրավիրելով»:

Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով: Ըստ իշխանական պատգամավորի, Ռուսաստանն անհանգիստ է, քանի որ իր մենաշնորհն է համարում տարածաշրջանում դերակատարում ունենալը. - «Որովհետև ինքը մտածում ա, որ համապատասխան տեղում համապատասխան փաստաթղթով հաստատված սեփականության իրավունք ունի տարածաշրջանում իր քաղաքական մենաշնորհը իրականացնելու հարցում։ Դա ռուսական քաղաքական պատկերացումների մի դոկտրին ա։ Մենք չեն կարող էս պահին ռուսական քաղաքական էդ դոկտրինը ջարդուփշուր անել»

Իշխանականների լավատեսությունն անտեղի են համարում ընդդիմադիրները

«Ռուսաստանը փաստացի ցույց տվեց, որ պատրաստ է այդ իրականության դեմ կատաղի պայքար տանելու համար», - ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ «կոշտ» որակելով Ռուսաստանի ԱԳ հայտարարությունը։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

Ռուսաստանը, նրա խոսքով, շահեր ունի տարածաշրջանում և համարում է՝ տրորվել են դրանք, հանգիստ չի նստելու. - «Իհարկե, Ռուսաստան - Արևմուտք դիմակայությունը ամենատարբեր տարածաշրջաններում դրսևորվում է։ Դրանք տարբեր բնույթ ունեն տարբեր ռեգիոններում։ Բայց, համենայն դեպս, այս իրավիճակը բավականին անհանգստացնող է»։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, Ռուսաստանի արձագանքը նշանակում է, որ Փաշինյանի իշխանությանը Ռուսաստան - Արևմուտք առճակատաումը բերեց տարածաշրջան՝ Հայաստանը դնելով ռազմադաշտի վերածվելու սպառնալիքի տակ. - «Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսի հետևանքով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հերթական, այսպես ասած, մենամարտը տեղափոխվում է Հայաստան։ Եվ սա շատ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար»։

Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից. Վաղարշակ Հարությունյան

Վաղարշակ Հարությունյան
Վաղարշակ Հարությունյան

«Տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը», - դժգոհում է Մոսկվան։ Սրան էլ արձագանքել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում դեսպանն ասել է, թե «Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից». - «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ապա նրանցից ոչ ոք չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և միացյալ շտաբի պետի՝ տարածաշրջան այցի արդյունքում, չստորագրվեց այն պատճառով, որ հայկական կողմը ցանկանում էր լրամշակել փաստաթուղթը։ Ահա այս փաստաթուղթը լրամշակման փուլում է»։

Ինչ հետևանք կարող է ունենալ Մոսկվայի զայրույթը Եվրամիության դիտորդների հետ կապված։ Իշխանական Արսենյանը լավատես է։ Կարծում է՝ Ռուսաստանը դաշնակից Հայաստանին վնասող գործողություններ չի անի. - «Չեմ էլ ենթադրում, որ, ասենք, մենք փոխադարձ դիվանագիտական խաղի ռեժիմից կարող ա անցնենք կիսախելագարության ռեժիմի»։

Փաշինյանի իշխանության քաղաքականությունը լավատեսական սպասումների հիմք չի կարող լինել, այդ մոտեցումները չավարտվող պատերազմ ու նոր սպառնալիքներ բերեցին, ասում է Տիգրան Աբրահամյանը։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Մոսկվայի արձագանքից էլ ակնհայտ է՝ անկանխատեսելի զարգացումներն առջևում են, Հայաստանը ներքաշվելու է նոր առճակատման մեջ։

XS
SM
MD
LG