Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքի բացման հարցով դրական տեղաշարժերը կարող են ստեղծել եռակողմ հանդիպման հնարավորություն. իշխանական պատգամավոր


Արխիվ
Արխիվ

Արդյոք Մոսկվան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում է փորձում կազմակերպել կամ հայ-ադրբեջանական կարգավորման նոր առաջարկներ է ներկայացնում: Պաշտոնական Երևանը փակագծեր չի բացում:

Ռուսաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունից հետո, որ Մոսկվան քննարկում է եռակողմ հանդիպման հարցը, Երևան եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական կարգավորման հարցով Ռուսաստանի արտգործնախարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Այսօր էլ երկու արտգործնախարարները հեռախոսով խոսեցին։

Ռուսաստանցի պաշտոնյանի վերջին երկու օրերի հանդիպումների մասին միայն պաշտոնական հաղորդագրություններ են եղել, որտեղ այս հարցերի պատասխանը չկա։

Դեկտեմբերյան մեկ այդպիսի հանդիպման Լաչինի միջանցքը փակ լինելու պատճառաբանությամբ հայկական կողմը չմասնակցեց։ Մի քանի օր առաջ Արարատ Միրզոյանը չէր բացառել այդ ձևաչափով հանդիպումը, ինչպես ասել էր՝ «հարմար պահի»՝ առանց նախապայմաններ դնելու ու կոնկրետ ժամկետներ նշելու։

Իշխանական պատգամավոր Արման Եղոյանը տեղյակ չէր՝ արդյոք Խովաևը ռուսական նոր առաջարկներ է բերել։ Ինչ վերաբերում է եռակողմ բանակցություններին, պատգամավորն ասում է՝ Լաչինի միջանցքի բացման հարցով դրական տեղաշարժերը կարող են ստեղծել հանդիպման հնարավորություն։ Երևանը պարբերաբար ռուսական կողմին է հիշեցնում, որ միջանցքով անխափան երթևեկությունը նրանց պարտավորությունն է։

«Փակուղային էր իրավիճակը Լաչինի միջանցքի հետ կապված, և հիմա ես անկեղծ դեռ ելքը չեմ նշմարում: Հարթակի հետ կապված կարող են որոշակի դրական հնարավորություններ լինել այլ հանգամանքների ազդեցության տակ, բայց այն, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ մեծ խոչընդոտ է նման արդյունավետություն նշմարելու համար, դա փաստ է», - ասաց նա:

Արդյոք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մինչև Լաչինը չբացվի, եռակողմ հանդիպում չի լինի, պատգամավորն ասաց. «Չեմ կարող նման կատեգորիկ պնդում անել, մյուս կողմից էլ հասկանալի է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը չի նպաստում այդ գործընթացին ամենևին, եթե չասենք՝ խանգարում է: Միջանցքը փակվել է, պարզ է, որ այդ միջանցքը փակելու նպատակը մի կողմից, իհարկե, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ժողովրդին ահաբեկել, հուսալքել, այնպես անել, որ թողնեն իրենց տները, բայց նաև ակնհայտ է, առանց ասելու էլ է հասկանալի, որ եթե փակում են, ուրեմն նաև փակում են, որ ինչ-որ բանի դիմաց բացեն, այլ հարց է, թե ինչի մասին է խոսքը, և ինչքանով է դա ընդունելի հայկական կողմի համար»:

«Ազատության» հարցին, թե հենց դա՞ է պատճառը, որ հայկական կողմը ձեռնպահ է մնում բանակցություններից, Արման Եղոյանը պատասխանեց. «Ես ասացի՝ չէ, դեկտեմբերի մասին եմ խոսում, խնդիրը ոչ թե վախն էր ինչ-որ հետևանքներից, այլ մտահոգությունը արդյունավետության վերաբերյալ»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի տեսակետն այն է, որ Հայաստանը պետք է գնա բանակցությունների. «Պետք է Հայաստանի իշխանությունները բանակցեն Ադրբեջանի իշխանությունների հետ Արցախի ճակատագրով, այլապես ստացվում է՝ իրենք ձեռքերը լվացել են, ասում են՝ Ղարաբաղը թող գնա, ինքն իր յուղով տապակվի»:

Թեզը, որ զիջումների պահանջը բանակցություններում անխուսափելի է, ընդդիմադիր պատգամավորը արհեստական է համարում. «Ուզում են ասել, որ զիջենք Արցախը, որպեսզի Հայաստանից հավելյալ զիջումներ չպահանջեն, ոչ, այս արհեստական տարբերություն մտցնելը ազգակործան քաղաքականություն է: Երբ հայկական զորքերը դուրս եկան Քարվաճառից, Գեղարքունիքի վրա, Վայոց ձորի վրա հարձակումներ եղան»:

Ռուսաստանցի դիվանագետ Խովաևն այսօր հանդիպել է արտգործնախարար Միրզոյանին, Հայաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, մտքեր փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Հայաստանի արտգործնախարարը խոսել է խաղաղությանը խոչընդոտող գործոններից՝ դրանց թվում նշելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումները, ռազմատենչ հռետորաբանությունը։

Երեկ ռուս դիվանագետին նաև վարչապետ Փաշինյանն էր ընդունել։ Անդրադարձել էին Լաչինի միջանցքի շրջափակմանը, հայ-ադրբեջանական կարգավորմանը։

Խովաևի հանդիպումներին հաջորդեց Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Մոսկվան շեշտադրել է հայ-ադրբեջանական բանակցությունները շուտափույթ վերականգնելու կարևորությունը։ Պաշտոնական Երևանի հաղորդմամբ էլ՝ նախարարներն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։ Ռուսական կողմի հաղորդագրությունում, սակայն, միջանցքին անդրադարձ չկա։

Ի դեպ, հայ-ռուսական շփումները վերջին երկու օրերին ակտիվացել են ոչ միայն դիվանագիտական ճակատում, այսօր նաև պաշտպանության երկու նախարարներն են զրուցել, քննարկել տարածաշրջանային անվտանգությանը, պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր, բայց պաշտոնական հաղորդագրությունում չկա կոնկրետություն։

XS
SM
MD
LG