Մատչելիության հղումներ

Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափը դեմ է մեր ազգային շահերին. Բորիս Նավասարդյան


«Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը համոզված է, որ այն ռեժիմով, ինչպես գործել է Լաչինի միջանցքը մինչև 2022թ. դեկտեմբերի 12-ը՝ շրջափակումն Ադրբեջանի կողմից, այլևս չի գործելու։ Այս մասին նա նշեց «Ազատության» հետ զրույցում։

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ճի՞շտ եք համարում Լաչինի հարցով Բաքվի ու Մոսկվայի հետ բանակցությունների մեջ չմտնելը:

Բորիս Նավասարդյան. - Ես ընդհանրապես դեմ եմ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան որևէ ձևաչափերի, քանի որ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ ձևաչափում իրար հետ պայմանավորվում են Ռուսաստանն ու Ադրբեջանը, իսկ Հայաստանին պարզապես ինչ-որ մի բան խոստանում են, բայց հետո այդ խոստումը չի կատարվում, և Հայաստանի ներկայությունը այդ ձևաչափում միայն լեգիտիմացնում է ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունները, որոնք շատ դեպքերում դեմ են Հայաստանի ազգային շահերին: Ես կողմ եմ, որ Հայաստանը տարբեր հարցեր քննարկի և լուծի առանձին Ռուսաստանի հետ, և առանձին Ադրբեջանի հետ:

«Ազատություն». - Բայց հնարավոր չէ փախչել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որտեղ երեք պետություններն են…

Բորիս Նավասարդյան. - Իսկ եթե բոլոր կետերն այդ հայտարարության արդեն խախտվել են, նրանք, ովքեր լիովին դեռ չեն խախտվել, մասամբ բոլորն են խախտվել, բայց կան այնպիսիք, որ լիովին չեն խախտվել, ապա այնտեղ միտումն այնպիսին է, որ նրանք էլ են լիովին խախտված լինելու, այսինքն՝ մենք այսօր անհրաժեշտություն ունենք, կարծում եմ, նոր պայմանագրային բազայի, որը կապահովի այս հրադադարի ռեժիմը, և խոսքն այստեղ առաջին հերթին պետք է գնա որպես ամենաարդիական խնդիրն այսօր հաշվի առնելով Արցախում առկա մարդասիրական ճգնաժամը, և Լաչինի միջանցքի, և Մեղրիի ճանապարհի մասին: Մեր քաղաքականությունը, կարծես թե, միշտ միտված էր նրան, որ մենք համաձայն չենք զուգահեռ անցկացնել երկու դրույթների միջև, քանի որ Լաչինի միջանցքի կարգավիճակը շատ ավելի բարձր է, բայց այսօր միտումն այնպիսին է, որ եթե մենք ուշացնենք այդ երկու դրույթների վերանայումը, կունենանք մի իրավիճակ, երբ արդեն Ադրբեջանը, միգուցե նույնիսկ այսօր Ադրբեջանը համաձայն չի լինելու նույնականաcնել երկու ճանապարհների ռեժիմը այն պատճառով, որ Լաչինի միջանցքում գործող ռեժիմն ունի ժամկետ, իսկ Մեղրիի ճանապարհի վերաբերյալ պարտավորությունները չունեն ժամկետ: Եվ այսօր շատ կարևոր է, կարծում եմ, որ մենք հասկանանք՝ իսկ ինչու Ադրբեջանին ավելի ձեռնտու է, որ Մեղրիի ճանապարհը վերահսկվի Ռուսաստանի կողմից, այլ ոչ թե Հայաստանի, այդ ինչով է Ռուսաստանն այդքան հաճելի որպես վերահսկող ճանապարհի Ադրբեջանի համար:

«Ազատություն». - Հետևաբար Երևանն այս հարցով պիտի՞ գնա ինչ-որ լուծման:

Բորիս Նավասարդյան. - Այո, ես կարծում եմ: Դրա համար առաջարկվում են մի քանի հարթակներ, առաջին հերթին դա անմիջական հայ-ադրբեջանական բանակցություններն են, որոնք կազմակերպելու կամ ուղղակի տարածք տրամադրելու պատրաստակամությունը Վրաստանն է արտահայտում, և ի վերջո կա եվրոպական հարթակը, որտեղ այդ հարցը, նաև այդ ստեղծելու նոր պայմանագրային բազա նույնիսկ մինչև խաղաղության պայմանագիր բավականին արագ սեղմ ժամկետներում հրադադարի պահպանման ռեժիմում:

«Ազատություն». - Փաստորեն, սակարկության առարկա է այսօր Լաչինի միջանցքի բացել-փակելը, բայց երկու ամիս առաջ չէ, հիմա արդեն կան այդ հոռետեսական կանխատեսումները, որ այդ միջանցքը չի էլ բացվելու, և Ադրբեջանն արդեն սկսել է այդ ճանապարհով հայաթափումը:

Բորիս Նավասարդյան. - Ցավով պիտի նշեմ, որ այն ռեժիմով, ինչ գործել է միջանցքը մինչև 2022թ. դեկտեմբերի 12-ը, ես էլ եմ համոզված, որ այն էլ չի գործելու, այսինքն՝ արտատարածքային ամբողջական միջանցք Արցախի հետ մենք չենք ունենալու, իսկ դա նաև պատճառներից մեկն է, ինչու ես կարծում եմ՝ արդեն կարելի է զուգահեռներ անցկացնել Մեղրիի ճանապարհի հետ, որ չենք ուզում այլևս արտատարածքային ընդհանրապես ճանապարհներ: Ո՛չ մենք, ո՛չ էլ Ադրբեջանը պիտի նման պահանջ ներկայացնի, բայց հաշվի առնելով այն վստահությունը, որ կա Երևանի և Բաքվի, Ստեփանակերտի և Բաքվի միջև, անհրաժեշտ է, որ այն ռեժիմները, որոնք հիմա քննարկվելու են բոլոր ընդհանրապես ճանապարհների, հաղորդակցական ուղղությունների մասին, պետք է լինեն որոշակի միջազգային հսկողության տակ, որպեսզի պայմանավորվածությունները չխախտվեն, իսկ մենք շատ լավ գիտենք, որ խախտման միտումները Ադրբեջանում ցանկացած պայմանավորվածության, հաշվի առնելով իրենց առավելությունը, բավականին ուժեղ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG