Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև


Փետրվարի 10-ին հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի միջև, ինչպես հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Արարատ Միրզոյանը շնորհավորել է ռուսաստանցի գործընկերոջը մասնագիտական տոնի՝ Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ։ Նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը: Ընդգծվել է եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման և անվերապահ պահպանման հրամայականը: Միրզոյանը և Լավրովը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ՝ արտահայտելով Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու երկկողմ տրամադրվածությունը։

Քննարկվել է հայ - ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու հարցը։ Ռուսական կողմից շեշտադրվել է աշխատանքները շուտափույթ վերականգնելու կարևորությունը՝ իրականացելու համար 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022-ի հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնությունները, ներառյալ՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների երկխոսության առաջ մղումը, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

XS
SM
MD
LG