Մատչելիության հղումներ

Զինվորական կացարանում հրդեհի գործով երկրորդ սպան է կալանավորվել


Զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով կալանավորվել է երկրորդ սպան։

15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով մեղադրվող երկու զինվորականներն էլ պատասխանատու էին հրդեհային անվտանգության ապահովման համար։

Քննչական կոմիտեն երեկ հաղորդեց, որ ձերբակալել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության, հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետին։ Մայորի անունը իրավապահները չեն բացահայտում, նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար։

Նույն մեղադրանքն է առաջադրվել օրերս կալանավորված զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղաբեկյանին։ Իրավապահները չեն մանրամասնում՝ երկու մեղադրյակները մեղքն ընդունում են, թե՝ ոչ։ Դեռևս հայտնի չէ նաև, թե ովքեր են նրանց իրավունքները պաշտպանող փաստաբանները։

Պաշտոնական աղբյուրները հաղորդում են միայն, որ ողբերգական հրդեհից մոտ երկու շաբաթ անց դեռ չի հարցաքննվել պաշտոնական վարկածով գլխավոր գործող անձը՝ կապիտանը, ով փորձել է բենզինով վառել վառարանը։ Ենթադրվում է, որ նրան ևս մեղադրանք կառաջադրվի, մինչ այդ Քննչական կոմիտեից հայտնում են, որ կապիտանին դեռ չեն հարցաքննել առողջական վիճակից ելնելով, սակայն հայտնի է, որ հարցաքննվել են Եղիշե Հակոբյանի հետ բուժվող մյուս երկու զինվորները։

Այրվածքաբանական հիվանդանոցի փոխտնօրեն Կարինե Բաբայանի խոսքով՝ հրդեհից հետո հիվանդանոց տեղափոխված երեք զինվորականներն էլ առաջին իսկ օրից գիտակցություն են ունեցել։ Իսկ կապիտանի վիճակն, ըստ բժշկի, օրեցօր բարելավվում է, նա վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ է տեղափոխվել։

«Վիճակի լավացում, բայց առողջացում չկա, որովհետև հետագայում, եթ վիճակը թույլ է տալիս վերակենդանացումում չպահել, ուրեմն լավացում է գնում, իսկ առողջացում կլինի այն դեպքում, երբ որ վիրահատությունն ավարտենք, ամեն ինչ նորմալ լինի», - «Ազատությանը» փոխանցեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ մյուս շաբաթ հնարավոր է մաշկի փոխպատվաստում անեն Եղիշե Հակոբյանին ու նրա հետ օրեր շարունակ վերակենդանացման բաժանմունքում գտնված ժամկետային զինծառայող Լյովա Խառատյանին։

«Հնարավոր է, ես կոնկրետ չեմ ասում, որովհետև ամեն ինչ կախված է իրա վերքային վիճակից և ընդհանուր վիճակից։ Մենք գնահատում ենք ամեն ինչը և որոշում ենք վիրահատությունը կատարել իքս օրը», - ասաց Բաբայանը։

Իրավապաշտպաններն ու մահացած զինվորների հարազատները շարունակում են պնդել՝ հակահրդեհային պայմաններ չունեցող գյուղական տանը զինվորներին բնակեցնելն անթույլատրելի է, և դրա համար պատասխանատվություն պետք է կրի նաև պաշտպանության նախարարը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG