Մատչելիության հղումներ

Մինչ հրդեհի գործով ձերբակալվածներ չկան, Կառավարության դիմաց Պապիկյանի և Փաշինյանի հրաժարականն են պահանջում


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է դեպքի վայր

Զինվորների դիերի նույնականացումն ավարտվել է

Մի քանի օր տևած նույնականացումից հետո ծնողներին են հանձնվել անցած շաբաթ զինվորական կացարանում բռնկված հրդեհի 15 զոհերի աճյունները։ Զինվորների մարմինները կրակի հետևանքով անճանաչելի էին դարձել։

Մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինա Բաղդասարյանի փոխանցմամբ՝ դատաբժշկական կենտրոնը փորձաքննություններն անցկացրել է արյան միջոցով։

«Մենք ունեցել ենք ոչ թե հյուսվածքներ, այլ արյան նմուշներ, որոնցով կատարել ենք նույնականացում», - նշեց նա:

Ձերբակալվածներ ու մեղադրյալներ դեռ չկան

Քննչական կոմիտեն շարունակում է նախաքննությունը, հարցաքննվել են տասնյակ զինվորականներ, ձերբակալվածներ ու մեղադրյալներ դեռ չկան: Քննվող հիմնական վարկածն այն է, որ կրակը բռնկվել է, երբ զորամասի կապիտանը փորձել է բենզինով թեժացնել վառարանի կրակը։ Դասակի հրամանատարը դեպքից ժամեր անց, մինչդեռ, պնդել էր, թե տարածքում բենզին չի եղել։ Իրավապահները դասակի հրամանատարին ևս հարցաքննել են, մանրամասներ չեն հաղորդվում։

Տուժածներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են

Կրակից փրկված երեք զինծառայողները դեռ շարունակում են բուժումը Այրվածքաբանության կենտրոնում։ Նրանցից երկուսը դեռ վերակենդանացման բաժանմունքում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր, «Ազատությանը» փոխանցեց փոխտնօրեն Կարինե Բաբայանը՝ հավելելով, սակայն, որ ժամկետային զինծառայող Լյովա Խառատյանն արդեն ինքնուրույն է շնչում, այլևս արհեստական շնչառական սարքի կարիքը չկա։ Վառարանը, ըստ նախնական վարկածի, ավտոբենզինով թեժացնել փորձող կապիտան Եղիշե Հակոբյանը ևս դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում, իսկ երրորդ տուժած զինվորականի վիճակն ավելի լավ է, նա հիվանդասենյակում է։

«Հիմա արդեն ինքնուրույն շնչում է, ապարատից անջատել ենք երիտասարդին, դրական դինամիկա կա, ուղղակի քանի որ իրենց այրվածքները խորն են, շնչուղիների այրվածք կա, պետք է գտնվեն վերակենդանացման բաժանմունքում», - ասաց նա:

Պաշտպանության նախարարը որևիցե ձևով այս ամեն ինչի հետ չի կարող կապ ունենալ. Ալեն Սիմոնյան

Ողբերգական հրդեհից հետո շարունակում են հնչել պաշտպանության նախարարի և զինված ուժերի շտաբի պետի հրաժարականի կոչեր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե պաշտոնանկություններ եղել են։ Խորհրդարանի խոսնակը նկատի ունի դեպքից ժամեր անց 8 սպայի պաշտոնանկությունը, նրանց թվում նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանինը:

«Մեծ քանակով շատ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ պաշտոնանակ են արվել, դա մեկ, էդ ձեր ասած ժամանակում քանի՞ նման դեպք գիտեք, որ սպանված, իրար մեջ եղած հարաբերություններ կան, որ բարձրաստիճան զինվորականների շարան է պաշտոնանկ արվել», - նշեց ԱԺ նախագահը:

Չնայած քաղհասարակության շարքերից հնչող հայտարարություններին, որ ռազմական գերատեսչության ղեկավարը քաղաքական պատասխանատվություն է կրում այս ողբերգության համար, Սիմոնյանը հակառակն է պնդում. «Պաշտպանության նախարարը որևիցե ձևով այս ամեն ինչի հետ չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքն ամբողջությամբ արել է»:

Ու մինչ իշխանությունը վստահեցում է, թե քրեական գործով կտրվեն բոլոր հարցերի պատասխանները, կհայտնաբերվեն ու կպատժվեն բոլոր մեղավորները, այսօր մի խումբ քաղաքացիներ նաև վարչապետի հրաժարականն էին պահանջում կառավարության շենքի դիմաց։

«Կառավարության դե ֆակտո ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանի հետ միասին պետք է հրաժարական տա: Նիկոլ, հեռացիր», - ասում էին ընդդիմադիր Համախմբում շարժման անդամները:

Նրանք բողոքի ակցիային էին եկել հրդեհի զոհ դարձած 15 զինվորականների նկարներով ու տարբեր պաստառներով։ Շարժման անդամներից Մենուա Սողոմոնյանը քննադատում էր իշխանությանը՝ բանակին պատշաճ ուշադրություն չդարձնելու համար. «Եթե կան միջոցներ գաղտնի որոշումներով 500 հազար դոլար տրամադրել նոր մեքենաներ վարչապետի ու իր տիկնոջ համար գնելու համար, եթե կան միջոցներ երկու միլիոն դոլարի կարգի այս հրապարակը շքեղ զարդարելու, ապա չկա՞ն միջոցներ մեր անվտանգությունը պահպանող, մեզ պաշտպանող զինվորների համար կացարանային նորմալ ստանդարտներին համապատասխանող պայմաններ ստեղծելու համար»:

Խորհրդարանի խոսնակն, արձագանքնելով այս քննադատություններին, պնդում է՝ զինված ուժերում բարեփոխումները շարունակվում են. «Այն բարեփոխումները, որը պարոն Պապիկյանն իրականացնում է, նաև այն պատասխանատվությունը, որն ինքն իր վրա վերցրել էր՝ լինելով փոխվարչապետ, պատերազմից հետո այդ վիճակում նա համաձայնություն է տվել բանակը վերցնել և սկսել բարեփոխումներ»:

Բանակին հետևող իրավապաշտպանները, մինչդեռ, հայտարարում են՝ իրենք որևէ էական ու համակարգային բարեփոխում չեն նկատել։

XS
SM
MD
LG