Մատչելիության հղումներ

Հրդեհի պաշտոնական վարկածն ու բացատրությունները՝ հակասությունների ու հարցերի առիթ


Դեռևս որևէ մեղադրյալ կամ ձերբակալված չկա

Երկսենյականոց տանը հրդեհից զոհված 15 շարքային զինծառայողների մահվան գործով դեռևս որևէ մեղադրյալ կամ ձերբակալված չկա։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակն «Ազատությանը» տեղեկացրեց, որ հարցաքննվել են մոտ մեկ տասնյակ զինծառայողներ, այդ թվում՝ վաշտի ողջ մնացած զինծառայողները։

Սպան, որն ըստ պաշտոնական վարկածի, գլխավոր գործող անձն է եղել, դեռևս ի վիճակի չէ ցուցմունք տալ։ Նախնական վարկածով դեպքը տեղի է ունեցել հակահրդեհային կանոնների խախտման հետևանքով։

Պաշտոնական վարկածն ու բացատրությունները, սակայն, մի շարք հակասություններ ու հարցեր են առաջ բերել։

Բենզին եղե՞լ է, թե՞ ոչ. ըստ զինդատախազի՝ փորձաքննությունը պետք է դեռ պարզի

Ըստ Քննչական կոմիտեի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի սպան, նախնական տվյալներով, վառարանը փորձել է վառել բենզինով, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Բենզինով վառարանը վառելու, հետո բենզինի տարրան զինվորական կացարան նետած սպայի գործողությունները առաջինը կառավարության նիստում նկարագրեց վարչապետ Փաշինյանը. «Հինգ լիտրանոց տարրայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ: Բնականաբար, այրվել է ոչ միայն վառարանը, այլ նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»:

Արդեն ավելի ուշ Հանրայինին տված հարցազրույցում զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը վերահաստատեց Փաշինյանի նկարագրածը: Ըստ զինդատախազի՝ սպան, որ կոչումով կապիտան է, օրվա պատասխանատու հերթապահն է եղել, միջանցքում տեղակայված վառարանի կրակը փորձել է թեժացնել։ Սակայն, պաշտոնական վարկածն առաջին իսկ օրը կասկածի տակ դրեց զորամասի դասակի հրամանատարը՝ պնդելով, թե զորամասի տարածքում բենզին չի եղել։

Չնայած երեկվանից հնչող պաշտոնյաների պնդումներին, թե վառարանը վառվել է բենզինով, զինդատախզը երեկ շեշտեց՝ դեռ փորձաքննությամբ պետք է պարզեն՝ զորամասից առգրավված տարրաների մեջ ինչ հեղուկ է:

«Հետագայում փորձաքննություններով կպարզվի պարունակությունը, դա դիզվառելիք է, թե ավտոբենզին է», - ասաց նա:

Երկու զինծառայողի հաջողվել է ճաղավանդակները ծռելով երկու զինծառայողի դուրս բերել

Զինդատախազը նաև պնդում է, թե զինվորական կացարանը երկու պատուհան է ունեցել, մինչդեռ «Ազատության» կադրերում հստակ երևում է առնվազն երեք պատուհան, երեքն էլ՝ ճաղավանդակներով փակված։

Ըստ զինդատախազի՝ հրդեհի ժամանակ դրսում գտնվող երկու զինծառայողի հաջողվել է այդ ճաղավանդակները ծռելով երկու զինծառայողի դուրս բերել։

«Ճաղավանդակներով փակված է: Երկու պատուհան կա զորանոցում, իրար մոտ գտնվող պատուհաններ, և այդ ճաղավանդակներից պոկելու, քանդելու հնարավորություն չի եղել: Հին խորհրդային շրջանի ճաղավանդակներ են, հաստ ամրակներով՝ այսպես ասած՝ արմատուրայով: Երկու զինծառայողի դրսում գտնվող զինծառայողների միջամտությամբ մի կերպ ծռելով հաջողացվել է երկուսին դուրս հանել այդ արանքից», - նշեց նա:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ՝ կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման պատճառով։ Հաղորդագրության մեջ, սակայն, որևէ բան չի ասվում այն մասին, որ զինվորները հնարավորություն չեն ունեցել նաև պատուհանից դուրս գալ ճաղավանդակների պատճառով։ Հստակ չէ՝ արդյոք քննություն է ընթանում պարզելու՝ ինչու էին զինվորները տեղավորվել նման՝ խոցելի կացարանում, և ով է պատասխանատվություն կրելու դրա համար։

Ե՞րբ է ինժեներասակրավորային վաշտը տեղակայվել երկու սենյականոց գյուղական տանը

Երբ պաշպանական գերատեսչությունը երեկ առավոտյան հայտնեց, թե զինվորները մահացել են ինժեներասակրավորային վաշտի շինությունում բռնկված հրդեհի հետևանքով, ոչ ոք չէր պատկերացնում, որ խոսքը երկու սենյականոց տան մասին է, որի մի սենյակում տեղավորվել են 22 զինվորներ, մյուս սենյակը ծառայել է որպես զինանոց։ Հետո լրագրողների նկարահանած կադրերում երևաց, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում ինժեներասակրավորային վաշտի շինություն ասածը։

Ընդ որում, երեկ Հանրայինին տված հարցազրույցում հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը փորձում էր բացատրել, թե զինվորները Ազատ գյուղի այդ տանն էին տեղակայվել Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո, քանի որ նրանց զորամասը պայթեցվել էր։

«Հարձակումից հետո՝ սեպտեմբերի 13-ին, երբ որ զորամասը պայթեցվել էր, զորամասի փոխարեն կառավարությունը պատվիրել էր իտալական մոդուլային զորամասեր: Բնականաբար, մինչև հիմա այն, ինչ որ եղել է, դա ունի իր հետևանքները, իր պատճառները, այսինքն՝ ինչու են զինվորները տեղավորվել գյուղերում, այդ տներում, որովհետև զորամասը պայթեցվել է Ադրբեջանի հարձակման ժամանակ», - նշել է Մարուքյանը:

Մինչդեռ Քննչական կոմիտեն հայտնել է, որ զինվորները դեռ 2021 թվականի մայիսից են այնտեղ տեղափոխվել, այսինքն՝ Մարուքյանի մատնանշած սեպտեմբերյան հարձակումից շուրջ երկու տարի առաջ։

Ավելի ուշ Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, որ խոսել է ոչ թե կոնկրետ Ազատ գյուղի տարածքում տեղակայված այդ տան մասին, այլ ընդհանուր խնդրի մասին, որին բախվեցին սեպտեմբերյան հարձակումից հետո, երբ զորամասի պայթեցման պատճառով զինվորականները ստիպված էին տեղափոխվել տներ:

Ե՞րբ է բռնկվել հրդեհը

Զինվորական կացարանում հրդեհի բռնկման վերաբերյալ տարբեր ժամեր են նշվում։

Դասակի հրամանատարն ասում է՝ 12.30 -ին է դեպքը տեղի ունեցել, զինդատախազի պնդմամբ՝ 1.30-ի սահմաններում։

Կես տարի առաջ հրդեհի հետևանքով զոհված զինծառայողի գործով նույնպես ձերբակալված չկա

Պատասխանելով հարցին, որ սա զինված ուժերում հրդեհի հետևանքով առաջին ողբերգական դեպքը չէ, զինդատախազը երեկ Հանրայինի եթերում վստահեցնում էր, թե ամեն դեպքով կատարվում է քննություն, որ ամեն ինչ անում են մեղավորների շրջանակը պարզելու համար։

Մինչդեռ, կես տարի առաջ Սյունիքի դիրքերից մեկում կրկին հրդեհի զոհ դարձած զինվորի՝ 19-ամյա Պալյան Պողոսյանի ծնողները մինչև օրս պատասխանի են սպասում՝ ինչո՞ւ և ինչպե՞ս դեպքը տեղի ունեցավ, ձերբակալվածներ նույնպես չկան։ Ծնողները նախաքննությունից տեղեկություն չունեն, 6 ամիս է՝ նրանց նաև չի հաջողվում հանդիպել պաշտպանության նախարարին։

15 զինծառայողների մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ 532-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենք-զինամթերքի, վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ Այս արարքը պատժվում է 4- ից 8 տարվա ազատազրկմամբ։

XS
SM
MD
LG