Մատչելիության հղումներ

Փաշինյանը հրդեհի մեղավոր է նշանակել. Արթուր Խաչատրյան


Մենք տեսնում ենք բանակում խաղաղ պայմաններում զոհերի թվի աճ, սա ընդհանուր անկազմակերպվածության դրսևորում է, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ձեզ բավարարո՞ւմ է քննության ընթացքը, այսօր հաղորդվեց, որ զորամասի թիկունքի պետն է ձերբակալվել:

Խաչատրյան. - Իհարկե, չի բավարարում, հենց առաջին օրվանից չի բավարարում, որ Փաշինյանը կառավարության նիստում, աղետից ընդամենը մի քանի ժամ հետ արդեն վարկած է առաջ քաշում, արդեն մեղավորներ է նշանակում, կոնկրետ մեղավոր է նշանակում, չի բավարարում, որ առանց պատշաճ քննության ամբողջ երկրորդ բանակային կորպուսի ղեկավարությունն է գլխատվում, իսկ ամենակարևորը՝ չի բավարարում այն վիճակը, որը մենք ունենք բանակում, և այն վիճակը, որը մենք ունենք պետությունում: Վերջիվերջո՝ բարդակ, անկազմակերպ պետության մեջ չի կարող լինել կազմակերպված բանակ, դրա հետևանքները բազմաթիվ դրսևորումներ ունեն: Մենք տեսնում ենք բանակում խաղաղ պայմաններում զոհերի թվի աճ, ոչ կանոնադրական հարաբերությունների աճ, դժբախտ պատահարները ոչ բանակում՝ Սուրմալուն, հրդեհները, սրանք ընդհանուր անկազմակերպվածության, ընդհանուր բարդակի դրսևորումներ են:

«Ազատություն». - Ձեր ժամանակ չէ՞ր լինում:

Խաչատրյան. - Երբ մենք իշխանության մաս ենք եղել, կարելի է դնել և նայել վիճակագրությունը, համենայնդեպս 15 զինվոր, որոնք այրվեին իրենց կացարանում, խաղաղ պայմաններում երբեք չի եղել: Իհարկե, դեպքերը, ցավոք սրտի, եղել են և ամբողջ աշխարհում կան, բայց դուք նայեք դինամիկան: Երկրորդը՝ այդ ակնարկով ընդունեցիք, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը ձախողվել է, որովհետև եթե այդ դեպքերը կային մինչև իր գալը և կային իր գալուց հետո և իր ժամանակ, այդ դեպքում ինչո՞ւ ինքը հեղափոխություն արեց:

«Ազատություն». - Պարոն Խաչատրյան, Դուք ասացիք՝ ուղղորդում է քննությանը, մեղավորներ է նշանակում, այսօր կառավարության նիստում վարչապետը հակադարձեց դրան, որ թող ստուգվեն բոլոր վարկածները, եթե իր ասածին կհակասի, բացարձակ խնդիր չի տեսնում այդտեղ:

Խաչատրյան. - Հասկանում եք, չէ՞, կոնինգտուրան կառավարման համակարգի, եթե վարչապետն ասել է՝ կապիտանը բենզին էր լցնում, որպեսզի կրակը թեժացներ, դա սակրավոների մասին է խոսքը, այսինքն՝ սակրավոր կապիտանը այրվող կրակի վրա բենզին է լցնում, որ կրակը թեժացնի՞, ինչևէ, եթե Փաշինյանը արդեն ասել է՝ սա է հիմնական վարկածը, ապա այդ ամբողջ համակարգի համար շատ-շատ ջանք կպահանջվի, որպեսզի այլընտրանքային վարկած առաջ քաշեն:

«Ազատություն». - Ստուգում են բոլոր առաջ քաշած վարկածները, այսօր դատախազն ասաց:

Խաչատրյան. - Դե հասկանալի է, դրա համար մինչև ստուգելը ինքը պետք է բերանը փակի և ասի՝ գնում է քննություն, ի՞նչն է ստիպում, որ ինքը վեր կենա ասի՝ կապիտանը բենզին էր լցնում բաց կրակի վրա, ձեռքը կպավ, ինքը շպրտեց, հետո դրանից հետո ասում են՝ զինվորները պառկած են եղել իրենց մահճակալների վրա, այսինքն՝ խեղդամահ են եղել և ոչ թե այրվել են: Տարբեր վարկածներ կան: Իմ համար էլ բազմաթիվ հարցեր կան, որոնք թե՛ ներքին խնդիրներն են, այսինքն, ներքին անկազմակերպվածության հետևանքն է, թե՛ թշնամու գործողության վարկած կարող է լինի, որ էլի անկազմակերպվածության հետևանք կարող է լինել, որ թշնամին այդքան խորը մտել է տարածք: Բայց քանի դեռ չկա նորմալ վարկած, չկան մեղադրյալներ, չի կարող կառավարության ղեկավարը ի լուր աշխարհի վեր կենա և այդ կապիտանին դարձնի 15 մարդու զոհվելու մեղավոր, թեկուզ և ոչ դիտավորյալ:

«Ազատություն». - Դուք էլ եք կարծո՞ւմ, որ պաշտպանության նախարարը պետք է հեռանար:

Խաչատրյան. - Ես կարծում եմ, որ քաղաքական պատասխանատվություն պետ է կրեն և ոչ միայն պաշտպանության նախարարը, «Սուրմալու»-ում տեղի ունեցավ հրդեհ, տենց էլ չհասկացանք՝ հրդեհ է եղել, թե պայթյուն է տեղի ունեցել: Ես նույնիսկ չգիտեմ՝ ով պատասխանատվություն կրեց, բայց վստահ եմ, ոչ արտակարգ իրավիճակների նախարարը: Այո, նա էլ պետք է պատասխան տար, պաշտպանության նախարարն էլ պետք է պատասխան տար:

«Ազատություն». - Նախարարը քաղաքականության մշակողն է, թուղթը ցույց են տալիս, մշակված է եղել:

Խաչատրյան. - Չէ, նախարարը քաղաքականության մշակող չի, նախարարը ղեկավար է, փաստաթուղթ կարող է մշակել ցանկացած դրսից եկածը:

«Ազատություն». - Պապաիկյանը անձամբ պետք է գնար զորամասերով ստուգե՞ր՝ բենզին են օգտագործում, թե՝ չէ:

Խաչատրյան. - Վերադառնանք իմ առաջին ասածին, երբ բարդակ է, այդ բարդակն իջնում է ներքև բոլոր ստորաբաժանումներում:

«Ազատություն». - Այս դեպքի հետևանքով ակտիվացան դիրքերը չկահավորելու մասին խոսակցությունները, այս առիթով ասում են՝ դա դիրք չէ, առաջնագիծ չէ, եկեք գնանք Ջերմուկ, օրինակ, տեսեք ինչքան գործ է արվել:

Խաչատրյան. - Նաև Ջերմուկում իրենք կահավորված դիրքեր են զիջել, եթե ես չեմ սխալվում: Ջերմուկում միգուցե ինչ-որ բան է արվել, բայց ակնհայտ է, որ այստեղ դա արված չի եղել: Այն դիֆերամբները, որ իրենք երգում են, որ բանակում երբեք այսքան լավ վիճակ չի եղել, էդ տնակը տեսանք՝ ինչ տնակ է, տեսանք ինչ վիճակ է:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG