Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանի դուստրը թեև մեղքը չի ընդունում, բայց վերականգնել է պետությանը պատճառած վնասը


Վլադիմիր Գասպարյան
Վլադիմիր Գասպարյան

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը թեև չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, բայց վերականգնել է պետությանը պատճառած վնասը։ «Ազատության» հետ զրույցում գործը հսկող դատախազ Արմեն Մուրադյանն ասաց՝ դա իր իրավունքն է։

«Քրեական վարույթի նախքննության ընթացքում հիշյալ գումարը Յուլիա Գասպարյանի կողմից վերականգնվել է», - ասաց Մուրադյանը։

Դատախազությունն օրերս վարույթ է սկսել Յուլիա Գասպարյանի դեմ՝ նրան մեղադրելով պետական միջոցները վատնելուն օժանդակելու համար։

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանն իր դստեր՝ Յուլիա Գասպարյանին նշանակել է պաշտոնի Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում, մասնավորապես, 2015 թվականի մարտի 7-ին հրամանագրվել է և պաշտոնավարել է մինչև 2018-ի մայիսի 10-ը», - ասաց դատախազը։

39-ամյա Գասպարյանն, ըստ իրավապահների, հափշտակել է գրեթե 9 միլիոն դրամ։ Դատախազությունը գործն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, որն էլ մեղադրյալ Գասպարյանին արգելել է երկրից բացակայել։

Դատախազ Մուրադյանի խոսքով՝ Գասպարյանի դուստրն օժանդակել է այդ ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին, որն էլ վատնել է բյուջեի գումարները, դրանք որպես աշխատավարձ, արձակուրդային և պարգևատրումներ ձևակերպել և փոխանցել մեկ օր անգամ աշխատանքի չներկայացած իր աշխատակցին՝ Յուլիա Գասպարյանին։ Հենց Երանոսյանն է Գասպարյանի դստերը փոխգնդապետի կոչում տվել։

Լևոն Երանոսյան
Լևոն Երանոսյան

«Ստացել է արդեն մեղադրանքի հիմքում դրված 8 մլն 838 հազար 362 դրամ։ Այո՛, ինքը գումարը ստացել, ծախսել է և, ասեմ ավելին, օժանդակել է, մասնավորապես, միջոցներ տրամադրելով։ Խոսքը գնում է նրա մասին, որ տարբեր օրերին ներկայացրել է արձակուրդ տալու մասին զեկուցագրեր, որի հիման վրա ի թիվս ստացված աշխատավարձի, ի թիվս պարգևատրումների նաև ստացել է արձակուրդային վճարներ», - ասաց Մուրադյանը։

«Կոռուպցիան էս համակարգում ես կոչնչացնեմ հիմնովին»․ կոռուպցիայի դեմ անխնա պայքարի մասին իր պաշտոնավարման օրոք հայտարարած Գասպարյանի ընտանիքի անդամների անունները հեղափոխությունից հետո հիշատակվում են հենց կոռուպցիոն դրվագներով։

Երկու տարի առաջ նախկին ազդեցիկ պաշտոնյային մեղադրանք էր առաջադրվել մի քանի հոդվածներով՝ պաշտոնական դիրքի չարաշահումից մինչև մի քանի միլիոն դոլարի յուրացում։ 18 տարի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած 64-ամյա գեներալ լեյտենանտն, ըստ իրավապահների, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած 4 միլիոն դոլարը։

Ըստ իրավապաշտպանի՝ ելքը քաղաքական որոշման արդյունքում է լինելու

Ժաննա Ալեքսանյան
Ժաննա Ալեքսանյան

«Ես կարծում եմ, որ քաղաքական որոշման արդյունքում է լինելու ելքը, դատարան չի հասնի, իսկ եթե, որպես բացառություն, դատարան հասնի, կարծում եմ, որ գործը կքննի Մնացական Մարտիրոսյանը՝ ցանկալի դատավորը, որ ընտրվել է վերջերս Հակակոռուպցիոն դատարանի դատավոր», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը կասկածներ ունի, որ Գասպարյանների գործը ևս հօգուտ հանրության չի ավարտվի։

«Հարցն ա է, թե ինչպես կավարտվի այս քննությունը, կհաստատվի, արդյոք, այս ամեն ինչը, թե ոչ։ Ես հենց դրան եմ կասկածում։ Դիտարկելով մնացած դեպքերը, որ մենք արդյունքներ դեռ չենք տեսել էդ չարաշահողներից, թալանչիներից, էսպես ասած, էդ մեծ գումարների տերերին որևէ մեկը պատասխանատվության է ենթարկել, ես ընդհանրապես չեմ մտածում, որ Վովա Գասպարյանը պատասխանատվության կենթարկվի», - ասաց Ալեքսանյանը։

Թե ինչու է մեղքը չընդունող Յուլիա Գասպարյանը վերականգնել վնասը, հնարավոր չեղավ պարզել․ ոստիկանությունից մանկավարժական ոլորտ տեղափոխված Գասպարյանը, որն այժմ ղեկավարում է Հայաստանի մենթալ թվաբանության զարգացման ասոցիացիան, «Ազատության» հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Սա օրենքով ընդունված պրակտիկա է, երբ մեղադրյալը, մինչև դատարանի վճռով մեղավոր ճանաչվելը, վերականգնում է վնասը ոչ թե պետական բյուջե, այլ քննչական մարմնի հաշվին և սպասում. եթե մեղավոր է ճանաչվում, ապա այդ գումարը փոխանցվում է պետությանը, հակառակ դեպում՝ վերադարձվում է։

Նույնը ժամանակին արել են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Տարբեր կոռուպցիոն հոդվածներով մեղադրվող Խաչատրյանը քննչական մարմնի հաշվին դեռ երկու տարի առաջ փոխանցել էր ավելի քան 2 միլիոն դոլար, Սեդրակ Առուստամյանն էլ 2 միլիոն դոլար է վճարել՝ «Հյուսիս-հարավի» գործով։

«Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում՝ այն տեղերից, որ դուք մտածում եք՝ չենք հասնի և չենք բերի։ Այո՛, բերելու ենք»․ վարչապետի այս հայտարարությունից երկու տարի է անցել, ու չնայած նախկին իշխանավորների շարքերում տասնյակ մեղադրյալներ կան, հրավապահները հրապարակավ առնվազն երեք հոգու մասին են հայտնել, որոնք միլիոնավոր դոլարներ են վճարել պետական բյուջե՝ ազատվելով քրեական հետապնդումից։ Նրանց թվում է երրորդ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը և գործարար, նախկին հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

Ալեքսանդր Սարգսյանի քրեական գործը կարճվել էր հենց չվճարած 7 միլիոն դոլար հարկը վճարելու համար։ Նույնը 2018-ին տեղի էր ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի դեպքում։ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել էր, քանի որ գործարարը վճարել էր մոտ 10 միլիոն դոլար չվճարած հարկը։ Իսկ Վաչագան Ղազարյանը շուրջ 6 միլիոն դոլար չվճարած հարկ է վերադարձրել պետբյուջե և ազատվել քրեական պատասխանատվությունից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG