Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն մերժել է Գասպարյանի հաղորդման հիմա վրա «Ազատություն» Ռ/Կ-ի դեմ քրեական գործ հարուցել


Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանy, արխիվ

Քննչական կոմիտեն հաստատում է՝ «Ազատության» լրագրողների կողմից նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, ինչպես նաև բնակարանի անձեռնմխելիությունը չի խախտվել։ Հետևաբար կոմիտեն մերժել է «Ազատության» դեմ քրեական գործ հարուցելու մասին Գասպարյանի հաղորդումը։

Նշենք, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքով, անցած օգոստոսին հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալիս, Վլադիմիր Գասպարյանը, ըստ Քննչական կոմիտեի, նշել է, որ «անօդաչու թռչող սարքը 2020-ի օգոստոսի 8-ին նկարահանել է իր ընտանիքին պատկանող առանձնատան այն հատվածը, որտեղ գտնվում է լողավազանը, որտեղ ինքը հաճախ ընդունում է հյուրեր, և երբեմն էլ իրականացնում է բուժական պրոցեդուրաներ»։ Հետևաբար, ըստ Գասպարյանի, «Ազատություն» ռադիոկայանի տեսանկարահանումը ուղղված է եղել իր անձնական կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններին տիրանալուն և դրանով ապօրինի մուտք են գործել իր բնակարան։

Մինչդեռ «Ազատության» լրագրողը բացատրություն է տվել այն մասին, որ իր ռեպորտաժի թիրախը եղել են Սևանա լճի ափին կառուցված ապօրինի շինությունները, որոնց թվում է եղել նաև Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատունը։ Նկարահանումը իրականացվել է առնվազն 50 մետր բարձրության վրա, առանձնատուն չեն մտել և նպատակ չեն ունեցել հավքել անձնական կյանքի մասին տվյալներ, պարզապես իրականացրել են իրենց մասնագիտական պարտականությունները։

Ըստ քննչական կոմիտեի, Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կատարած անօդաչու թռչող սարքով նկարահանումների ժամանակ ԱԹՍ-ի բարձրությունը պարզելու նպատակով զննության է ենթարկվել թռչող սարքի հիշողության կրիչից վերականգնված տեսագրությունը։

Թռչող սարքը գտնվել է Վլադիմիր Գասպարյանին պատկանող տնից 40-50 մետր բարձրության միջակայքում. Քննչական կոմիտե

Հիշեցնենք՝ թռչող սարքի տեսագրությունը, դեպքի օրը Վլադիմիր Գասպարյանի սպառնալիքների ներքո դրոնի օպերատորը ջնջել էր։ Միկրոչիփից վերականգնված տեսագրության զննությամբ, ըստ Քննչական կոմիտեի, պարզվել է, որ նկարահանումներ իրականացրած թռչող սարքը գտնվել է Գասպարյանին պատկանող տնից 40-50 մետր բարձրության միջակայքում։

Իրավապահ մարմինն ընդգծում է՝ տեսանյութում երևում է անձ, որին անզեն աչքով նույնականացնել հնարավոր չէ։ Մինչդեռ, հիշեցնենք, Վալդիմիր Գասպարյանը միջադեպից հետո տված իր հարցազրույցներում պնդում էր, թե թռչող սարքը «իջել է իր բակ», «իր գլխավերևում է եղել՝ 10 -ը մետր բարձրության վրա»։

Բացի այն, որ թռչող սարքը եղել ոչ թե 10, ինչպես պնդում է Գասպարյանը, այլ առնվազն 40 մետր բարձրության վրա, Քննչական կոմիտեն նաև պարզել է, որ այդ տեսագրությունները չեն պարունակում մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ, հետևաբար «Ազատության» աշխատակիցների արարքներում բացակայում է Քրեական օրենսգրքի 144 -րդ հոդվածի հանցակազմը, ինչպես նաև 147-րդ հոդվածի հանցակազմը՝ բնակարանի անձեռնմխելիության խախտումը։

«Ազատության» աշխատակիցների դիտավորությունը, ըստ Քննչական կոմիտեի, եղել է ոչ թե բնակարան ապօրինի մուտք գործելը կամ տուժողի անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը, այլ մասնագիտական գործունեություն իրականացնելը, ռեպորտաժ պատրաստելը և Սևանի ափամերձ տարածքում առկա ապօրինի կառույցների վերաբերյալ հանրային իրազեկում իրականացնելու համար նկարահանումներ կատարելը։

Ելնելով վերոգրյալից, Քննչական կոմիտեն որոշել է Վլադիմիր Գասպարյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել։

Հավելենք, որ Գլխավոր դատախազությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահի դրությամբ նախկին ոստիկանապետի կողմից քննիչի որոշումը բողոքարկելու դիմում չեն ստացել:

XS
SM
MD
LG