Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանին հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեղադրանք առաջադրվեց


Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր արարքների կատարման համար, տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ հաղորդագրության, հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ:

Արդյունքում, ինչպես Հակակոռուպցիոն կոմիտեն է նշում, Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում` իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Գասպարյանի ու նրա ընտանիքի ապօրինի հարստացման գործը, հիշեցնենք, Գլխավոր դատախազությունն ուղարկել է դատարան՝ բռնագանձում պահանջելով հօգուտ պետության։

XS
SM
MD
LG