Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատության» աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, արխիվ

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու ​միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3 -րդ մասի հատկանիշներով, տվյալ դեպքում՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։

Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Հիշեցնենք, անցած շաբաթ օրը Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը: Նա կվադրոցիկլը վարել էր լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ դատախազությունը, մամուլի հրապարակումներից տեղեկանալով հիշյալ միջադեպի մասին, անմիջապես՝ հենց նույն օրը, քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։

«Գլխավոր դատախազության անմիջական նախաձեռնողականությամբ և առերևույթ հնարավոր հանցագործությունը բացահայտելու շահերից ելնելով արագ նախաձեռնվեց լրագրողից համապատասխան հաղորդում վերցնելու և դրան հաջորդող գործողություններ իրականացնելու գործընթացը, և երեկոյան ուշ գիշերին ըստ էության լրագրողը հաղորդում տվեց հանցագործության մասին: Դրանից հետո սկսվել են իրականացնել անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորների կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով», - ասաց Աբրահամյանը:

Գլխավոր դատախազի խորհրդականի փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած ինտենսիվ քննչական գործողություններ կիրականացվեն՝ հարցաքննությունների, տուժողի ներգրավման հետ կապված, ինչպես նաև կլուծվի քննչական ենթակայության հարցը, այսինքն` այս պահին դեռևս հայտնի չէ, թե ոստիկանությունից քրեական այս գործը քննչական որ մարմնին կփոխանցվի, որն էլ պետք է իրականացնի նախաքննությունը։

Ի դեպ, Գոռ Աբրահամյանը հերքեց տեղեկություններն այն մասին, թե իբր երեկ ոստիկանները ուղևորվել են Վլադիմիր Գասպարյանի առանձնատուն՝ նրան ձերբակալելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ընդգծելով, թե իր տեղեկություններով Երևանից օպերատիվ խումբ է շարժվել Գասպարյանին ձերբակալելու համար։ Ուշագրավ է, որ ավելի ուշ փաստաբան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է այդ տեսանյութը։

«Մեր հնարավորություններով մենք արդեն գիտենք, որ Երևանից շարժվել է օպերատիվ խումբ, որպեսզի ձերբակալեն իրենց հրամանատարին», - նշել էր փաստաբանը:

«Ուզում եմ ասել, որ նման բան չկա, իրականությանը դա չի համապատասխանում: Դեռևս այդ գործով որևէ կասկածյալ, մեղադրյալ ներգրավված չէ, այդ փուլին կարելի է հասնել համապատասխան քննչական, դատավարական կամ օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու, որոշակի ապացուցողական բազա ձեռք բերելու արդյունքում: Այս պահին, բնականաբար, գտնվում ենք նախնական փուլում և որևէ նման զարգացում չունենք», - արձագանքեց Աբրահամյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն` այսօր ձերբակալման մասին խոսք լինել չի՞ կարող, գլխավոր դատախազի խորհրդականը պատասխանեց. - «Ես չեմ կարող ասել, հետագա գործողությունները ցույց կտան, բայց ուզում եմ ֆիքսել, որ մինչ այս պահը նման գործընթաց չի իրականացվել»:

Նշենք, որ այսօր մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին։ Ընդգծելով, որ Գասպարյանը իր պաշտոնավարման տարիներին էլ է աչքի ընկել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հանդուգն վերաբերմունքով, իսկ որոշ դեպքերում՝ նաև դաժանությամբ, լրագրողական կազմակերպությունները հիշեցնում են 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանի» և 2016-ի Սարի թաղի դեպքերը, երբ ոստիկանական գործողությունների թիրախ դարձան 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ, որոնք ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների ու ապօրինի հետապնդումների։ Հիշատակվում է նաև «1in.am» լրատվական կայքի թղթակից Սիրանույշ Պապյանի հասցեին արտաբերած Գասպարյանի կոպիտ վիրավորանքը։

«Այս ամենն անպատիժ մնաց, և, ըստ երևույթին, հենց դա է պատճառը, որ այսօր նախկին ոստիկանապետը շարունակում է անվայելուչ վարք դրսևորել լրագրողների նկատմամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենայն լրջությամբ քննության առնել տեղի ունեցած միջադեպը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին», - ասված է հայտարարության մեջ։

Հայտարարությանը միացած Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը, սակայն, վստահ չէ` արդյոք այս անգամ արդեն նախկին ոստիկանապետն իսկապես պատասխանատավության կենթարկվի, թե ոչ։ Ըստ նրա` Հայաստանում շատ տխուր ավանդույթ կա, երբ իրավապահները աշխատում են մեկը մյուսի դեմ քրեական գործ չհարուցել, իսկ հարուցելու դեպքում էլ գործը շատ մեղմ ելք է ունենում. - «Կարելի է հույս հայտնել, որ այնուամենայնիվ, իսկապես անվայելուչ և սանձարձակ պահվածքը կստանա համապատասխան գնահատական թե հասարակության, թե իրավապահ մարմինների կողմից, բայց 100 տոկոսանոց վստահություն դժվար է արտահայտել»:

Հավելենք, որ երեկ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատության» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու միջադեպը դատապարտել էր «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը` ընդգծելով, որ սարսափած են հայկական ծառայության լրագրողների վրա նախկին ոստիկանապետի կողմից իրականացված գրոհից։ «Լրագրողները լուսաբանում էին հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող մի թեմա, երբ պարոն Գասպարյանը իր տրանսպորտային միջոցով գրեթե հարվածել է նրանց, սպառնացել սպանել և ստիպել նրանց ջնջել կադրերը։ Մենք պահանջում ենք, որ ոստիկանությունը հետաքննի կատարված միջադեպը և պարոն Գասպարյանին պատասխանատվության ենթարկի լրագրողներին վտանգելու համար, ովքեր պարզապես կատարում էին իրենց աշխատանքը», - նշել է «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը։

XS
SM
MD
LG