Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց կազատվի կալանքից


Ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կազատվի կալանքից գրավի դիմաց։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Ըստ փաստաբանի, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին։ «Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության համար և նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ»,- գրում է Խաչատրյանի փաստաբանը։

Այլ մանրամասներ փաստաբանները չեն հաղորդում՝ վկայակոչելով ռազմական դրությունը։

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, 9 տարբեր հանցագործությունների համար մեղադրվող Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի, նրա փաստաբանները բազմիցս են պնդել, որ ողնաշարի խնդիրներ ունեցող իրենց պաշտպանյալը չի կարող բանտում մնալ։ Նախկին իշխանությունների ամենաազդեցիկ դեմքերից մեկը համարվող 64-ամյա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ չարաշահման, առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու և այն կազմակերպելու, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 22 միլիոն դոլար կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանի կողմից պետության պատճառած վնասի և ստացած կաշառքի ընդհանուր գումարը կազմում է 41 միլիոն դոլար։ Նախկինում սուպերնախարար տիտղոսով հայտնի Խաչատրյանի հետ մեղադրյալի աթոռին են նրա երկու որդիներն ու երկու եղբորորդիները, նրանցից երեքը հիմա հետախուզման մեջ են։ Եղբոր մյուս որդին՝ Կարեն Խաչատրյանը ևս մեղադրյալ է։ Նա կալանքի տակ է։ Խաչատրյաններից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։ Մինչդեռ գլխավոր դատախազության պնդմամբ՝ մեղադրանքը հաստատող ապացույցները բավարար են։

XS
SM
MD
LG