Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել


Armenia -- Prosperous Armenia Party leader Gagik Tsarukian, Aug 28, 2020
Armenia -- Prosperous Armenia Party leader Gagik Tsarukian, Aug 28, 2020

Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն առնչվող հերթական քրեական գործն է հարուցվել։ Խոսքը դարձյալ ընտրակաշառք բաժանելու մասին է։

Պետեկամուտների կոմիտեի փոխանցմամբ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2012 և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցները Արարատի մարզի մի շարք բնակիչների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար կաշառք են տվել։

Բացի այդ, նշվում է, որ «Արարատցեմենտ» ընկերության որոշ աշխատակիցներ ստիպողաբար անդամակցել են «Բարգավաճ Հայաստան»-ին և աշխատանքից ազատվելու սպառնալիքով ձայներ են ապահովել կուսակցության օգտին, ինչպես նաև ներկայացրել անձանց ցուցակներ, որոնք պատրաստակամություն են հայտնել քվեարկել Ծառուկյանի գլխավորած կուսակցության օգտին։

Ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված այս քրեական գործն ուղարկվել է Գլխավոր դատախազություն։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ գործով մեղադրյալներ կամ կասկածյալներ դեռ չկան. – «Մեղադրյալների, կասկածյալների մասին խոսելը դեռևս վաղ է: Ինչպես գիտեք, քրեական գործը նոր է հարուցվել, իսկ այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել, բավարար են եղել տվյալ պահին քրեական գործի հարուցման համար: Այսինքն` լրացուցիչ քննության ընթացքում, նախաքննության ընթացքում ձեռք բերվող նոր ապացույցների հիման վրա արդեն կորոշվի մեղադրանքի առաջադրման, քրեական հետապնդման հետագա հարցերը»:

Ամբրահմայնի փոխանցմամբ, ՊԵԿ-ում հարուցված քրեական գործն արդեն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ.- «Գլխավոր դատախազությունից գործն արդեն իսկ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ` այնտեղ քննվող քրեական գործին միացնելու և մեկ վարույթի շրջանակներում քննություն իրականացնելու նպատակով»:

Խոսքն ընտրակաշառք բաժանելու դեպքով ավելի վաղ հարուցված քրեական գործի մասին է, որով Գագիկ Ծառուկյանը մեղադրյալ է։ Հենց այս գործի շրջանակում դեռեւս հունիսին Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

Այս գործը Ծառուկյանն ու նրա պաշտպանները որակում էին որպես քաղաքական հետապնդում և հիմնավորում, թե քրեական գործում չկա գեթ մեկ տվյալ Ծառուկյանի դեմ, որ նա հրահանգել է ընտրակաշառք բաժանել։

ԲՀԿ-ականների պնդմամբ՝ ընդամենը ընտրական ծախսեր են եղել։

Ծառուկյանի փաստաբան էմին Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նոր հարուցված քրեական գործի նյութերին դեռ չեն ծանոթացել, բայ կարծիք հայտնեց. – «Որպես իմ սուբյեկտիվ կարծիք, կարող եմ հայտնել, որ ես արժանահավատ չեմ համարում, որովհետև էդ հաղորդագրության մեջ նշված փաստական տվյալները... գործը գտնվում է նախնական փուլում, ու էդ փաստական տվյալները պետք է ստուգվեն, պետք է բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարվի: Բայց որպես իմ սուբյեկտիվ կարծիք, կարող եմ հայտնել, որ էնտեղ բան չհաստատվեց, հիմա հետ են գնում 2012 թիվ, հետո կարող ա գնանք 2008 թիվ...»

Փաստաբան Խաչատրյանը հիշեցրեց, որ Ծառուկյանին առնչվող քրեական գործը քաղաքական հետապնդում են շարունակում համարել, իսկ այս նոր զարգացումների մասին գնահատականներն ավելի ուշ կհայտնեն. – «Արդեն հետևությունները թողնում եմ ձեզ: Էն մեկը պարոն Ծառուկյանի կողմից գնահատվել ա որպես քաղաքական հետապնդումներ իր հայտնի ելույթից հետո, ու հիմա էս նոր հարուցված գործից էս պահի դրությամբ որևէ տեղեկատվություն չունենք: Տեսնենք ինչ ընթացք կստանա: Ամեն դեպքում, ամեն ինչ գոնե մեր համար ակնհայտ է, որի մասին էս պահին չեմ ուզենա խոսել»:

Նոր քրեական գործի մասին հաղորդագրությունից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները դարձան անհասանելի, մեր զանգերն անպատասխան մնացին։

XS
SM
MD
LG