Մատչելիության հղումներ

Քաթար-2022, օր տասներորդ. Նիդերլանդները, Սենեգալը, ԱՄՆ-ը և Անգլիան հաղթեցին


Ամերիկացիները տոնում են ծանրագույն պայքարում նվաճած հաղթանակը, «Ալ Թումամա» մարզադաշտ, Դոհա, 29-ը նոյեմբերի, 2022թ.
Ամերիկացիները տոնում են ծանրագույն պայքարում նվաճած հաղթանակը, «Ալ Թումամա» մարզադաշտ, Դոհա, 29-ը նոյեմբերի, 2022թ.

A և B խմբերից 1/8 եզրափակիչում կխաղան այս չորս հավաքականները:

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության տասներորդ օրը A խմբում Նիդերլանդներն առանց դժվարության 2-0 համոզիչ հաշվով հաղթեց տանտերերին: Գոլերը խփեցին՝ 26-րդ րոպեին Կոդի Գակպոն և 49-րդ րոպեին Ֆրենկի դե Յոնգը:

Այսպիսով, Քաթարի ընտրանին պարտվեց բոլոր երեք հանդիպումներում, խփեց1 և բաց թողեց 7 գոլ: Դա էր առնվազն 230 միլիարդ դոլար առաջնության կազմակերպմանը տրամադրած երկրի մարզական նվաճումը:

Բայց, ամենայն հավանականությամբ, Քաթարի ղեկավարներն ավելին չէին էլ ակնկալում և ուզում էին առաջնությունն անցկացնել երկրի վարկը բարձրացնելու համար:

A խմբում նոյեմբերի 29-ին Սենեգալը լարված խաղում հաղթեց Էկվադորին: Հաշիվը 44-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Իսմայիլա Սարրը:

Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին էկվադորցի Մոյզես Կայսեդոն պատասխան գոլ խփեց, բայց կարճ ժամանակ անց՝ 70-րդ րոպեին Կալիդու Կուլիբալին գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, և խաղն ավարտվեց 2-1 հաշվով հօգուտ Սենեգալի:

B խմբում Անգլիան խոշոր հաշվով առավելության հասավ Ուելսի նկատմամբ: 50-րդ րոպեին տուգանային հարվածի իրավունք վաստակեցին անգլիացիները, և Մարկուս Ռաշֆորդը բացեց հաշիվը: Տառացիորեն վայրկյաններ անց՝ 51-րդ րոպեին Ֆիլ Ֆոդենը Հարի Քեյնի ճշգրիտ փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվն, իսկ 68-րդ րոպեին Ռաշֆորդը գեղեցիկ հարվածով հաստատեց վերջնական արդյունքը՝ 3-0:

Նույն B խմբում զուգահեռ ընթանում էր օրվա ամենաբարդ խաղը՝ Իրան-ԱՄՆ:

Ոչ այնքան ֆուտբոլային, որքան քաղաքական հանգամանքներով պայմանավորված այս խաղը, թերևս, ամենաքաղաքականացվածն էր Քաթարում անցկացվող առաջնության առաջին տասնօրյակում:

Ամերիկացիներն առաջին խաղակեսում ունեին ակնհայտ առավելություն: Քրիսթիան Պուլիշիչը 38-րդ րոպեին գոլ խփեց և վնասվածք ստացավ:

Երկրորդ խաղակեսում ավելի հաճախ գրոհներ կազմակերպեցին իրանցիները, մի քանի անգամ բախտը ժպտաց ամերիկացիներին, հանդիպումն ավարտվեց նրանց հաղթանակով՝ 1-0:

Իրանի հավաքականի համար առաջնությունն ավարտվեց՝ նրանք մեկ խոշոր պարտություն կրեցին անգլիացիներից, տպավորիչ հաղթանակ տարան Ուելսի նկատմամբ, բայց դրամատիկ հավասար պայքարում զիջեցին ամերիկացիներին:

Նոյեմբերի 30-ին D խմբում տեղի կունենան Թունիս-Ֆրանսիա և Ավստրալիա-Դանիա, իսկ C խմբում՝ Լեհաստան-Արգենտինա և Սաուդյան Արաբիա-Մեքսիկա հանդիպումները:

XS
SM
MD
LG