Մատչելիության հղումներ

Մեկնարկել են Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումները Էրդողանի ու Ալիևի հետ


Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Չեխիա, որտեղ այսօր մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը։

Առաջին անգամ մեկ սեղանի շուրջ են եվրոպական 44 երկրներ՝ ոչ միայն Միության անդամ պետությունները, այլև Միությունից դուրս եկած Մեծ Բրիտանիան, անդամակցության ձգտող թեկնածուները՝ Թուրքիան, Ալբանիան, ասոցացման համաձայնագիր ստորագրած Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանն ու համագործակցության ավելի ցածր աստիճան ունեցող Հայաստանն ու Ադրբեջանը։

Եվրոպան միավորելու այս առաջարկը ներկայացրել էր Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից հետո։

Ինչպես այս օրերին եվրոպական օրաթերթերն են գրում՝ հավաքի ամենաակնառու ուղերձը կդառնա եվրոպական մայրցամաքի բոլոր ղեկավարների համատեղ, այսպես կոչված, ընտանեկան լուսանկարը՝ առանց Ռուսաստանի ու Բելառուսի՝ կրկին ի ցույց դնելով երկուսի միայնությունն ու մեկուսացումն աշխարհում։

Ընդարձակ հավաքի մասնակիցները մի քանի ժամ կքննարկեն անվտանգության ամրապնդման հնարավորությունները, Եվրոպայի էներգետիկ խնդիրներն ու մյուս մարտահրավերները։ Ավելի ուշ՝ մինչև կեսգիշեր, նախատեսված են երկկողմ ու եռակողմ բանակցություններ։

Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի առաջնորդները, ոչ պաշտոնական միջավայրում, արդեն մեկ սեղանի շուրջ են

Պրահայում սկսված գագաթնաժողովի կուլիսներից լուսանկարներ են տարածվում, որտեղ երևում է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի առաջնորդները արդեն նստել են մեկ սեղանի շուրջ՝ ոչ պաշտոնական միջավայրում։

Եվրամիության քաղաքական հանրույթի՝ այսօր Պրահայում սկսված պաշոնական հանդիպումները տեղի կունենան մի քանի ժամից․ նախ, տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի առաջնորդների ու Եվրոպական խորհրդի ղեկավարի հանդիպումը՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու շուրջ:

Սա առաջնորդների առաջին հանդիպումն է մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած հարձակումից հետո, որի արդյունքում ադրբեջանական բանակը ներխուժել է Հայաստան՝ օկուպացնելով որոշ տարածքներ։

Քառակողմ հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահը, արձագանքելով «Ազատության» հարցին, թե Փաշինյանը կոչ է անում Բաքվին ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, որն է նրա պատասխանը, ասել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։

Այսօր առաջին անգամ պաշտոնապես կհանդիպեն նաև Թուրքիայի ու Հայաստանի ներկայիս ղեկավարները։

Ո՞րն է հիմա հայ-թուրքական սահմանի բացման ամենամեծ արգելքը, «Ազատության» թղթակիցն այսօր հարցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Նա հստակ պատասխան չի տվել:

«Կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս», - ասել է Թուրքիայի նախագահը առանց հավելյալ մանրամասների։

Ալիևն արդեն երկկողմ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ

Ալիև-Միշել հանդիպում, Պրահա, 6-ը հոկտեմբերի, 2022թ․
Ալիև-Միշել հանդիպում, Պրահա, 6-ը հոկտեմբերի, 2022թ․

Գագաթնաժողովի վայր՝ Չեխիայի նախագահական նստավայր, ժամանելուց առաջ Ադրբեջանի նախագահն արդեն իսկ երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։

Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ, կողմերը քննարկել են հաջորդ ամիս Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման օրակարգը։ Այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսին, սակայն դրանից երկու շաբաթ անց Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա, ըստ փորձագետների, լուրջ հարված հասցնելով նաև Եվրամիության միջնորդական ջանքերին։

Հայաստանի վարչապետի ու Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի միջև դեմ առ դեմ՝ երկկողմ հանդիպում այսօր նախատեսված չէ։

Բանակցությունները տեղի են ունենում Հայաստանի համար վճռորոշ փուլում

Բանակցությունները տեղի են ունենում Հայաստանի համար վճռորոշ փուլում, երբ Ադրբեջանը երկու շաբաթ առաջ իրականացրած հարձակմամբ օկուպացրել է Հայաստանի տարածքները՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։

Պրահա Ժամանելուց առաջ՝ երեկ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե անվտանգային իրավիճակը Հայաստանի շուրջ մնում է կայուն, լարված, միաժամանակ պնդել, թե լարվածության թուլացման որոշ միտումներ է տեսնում Վաշինգտոնի միջնորդությամբ Ադրբեջանի հետ կայացած բանակցություններից հետո։

Արմեն Գրիգորյան-Հիքմեթ Հաջիև հանդիպում Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ, 28-ը սեպտեմբերի, 2022թ
Արմեն Գրիգորյան-Հիքմեթ Հաջիև հանդիպում Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ, 28-ը սեպտեմբերի, 2022թ

Այդ բանակցությունների մանրամասները դեռ չեն հաղորդվել, հայկական կողմը միայն ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, նույն օր, սակայն, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Ղարաբաղում ապրող իր քաղաքացիներին վերաբերող հարցեր որևէ այլ երկրի հետ չի քննարկելու։

Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Թուրքական մամուլը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, թե Պրահայում կարող է առաջընթաց գրանցվել ինչպես Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի նախապատրաստման գործում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG