Մատչելիության հղումներ

Ջերմուկում կորսված դիրքերը մարտավարական տեսանկյունից էդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից են կարևոր. ԳՇ պետի տեղակալ


Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյան
Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյան

Արդյո՞ք հարձակումից երկու շաբաթ անց Ջերմուկից հեռացել կամ հեռացվել է ադրբեջանական ստորաբաժանումը։ Պաշտպանության նախարարության խոսնակը հարցին ուղիղ չի պատասխանում, բայց և հավելում է՝ իրադրության փոփոխության դեպքում այդ մասին կտեղեկացնեն։

Մինչդեռ Ջերմուկում բնակվողներն ասում են՝ ադրբեջանցիները ոչ միայն չեն հեռացել, այլև դիրքերն են ամրացնում։

Ջերմուկցի Շիրակ Բունիաթյանն ասում է՝ դա քաղաքից իրենց անզեն աչքով տեսանելի է. - «Էդ հատվածը, որտեղ որ առաջ են եկել։ Ջերմուկից մի քիչ վերև հատվածում որ կանգնում ես, իրանք տեսանելի են, ինժեներական ակտիվ աշխատանքի մեջ են։ Նույնիսկ տրակտորներ ա աշխատել, որ տեսել ենք։ Ես ռազմական գիտելիքների չեմ տիրապետում, չեմ կարող ասել իրանք շրջափակման մեջ են թե չէ, բայց տեսել եմ, որ ընտեղ իրանց թիկունքից մարդիկ են գալիս-գնում, տեխնիկա ա գալիս-գնում... Եթե դա կարելի ա համարել շրջափակում, ուրեմն ես լավ չգիտեմ, թե շրջափակումը որն ա»։

Ավելի վաղ Ջերմուկի ուղղությամբ խորացած 10-12 հոգանոց ադրբեջանական խմբի մասին խոսել էր Գլխավոր շտաբի պետը։ Էդվարդ Ասրյանը նաև ցույց էր տվել տեղանքը, թե՝ գագաթի վրա են՝ հավելելով, որ եթե այդ խումբը ջուր ու սնունդ չստանա, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ:

«Խումբը կողքերից շրջափակված են մեր ստորաբաժանումների կողմից, այսինքն` մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա», - ասել էր նա:

Երեկ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը չհստակեցնելով տեղանքը, հայտարարեց, երկու օր առաջ ադրբեջանական կողմը Հայաստանից տարածքից հարվածներ է հասցրել ինժեներական աշխատանքներ կատարող հայկական ստորաբաժանման ուղղությամբ։ Արդյոք Ջերմուկը նկատի ուներ, չհստակեցրեց. - «Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում»:

Ադրբեջանական հարձակումից երկու շաբաթ անց Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչը մի կողմից պնդում է, թե Ջերմուկում կորսված դիրքերը մարտավարական մեծ կարևորություն չունեին, մյուս կողմից խոստովանում՝ դրանք գրաված ադրբեջանական կողմը դիտարկում է հայկական բնակավայրերը. - «Վերջին դեպքերի վերաբերյալ ամենամեծ տարածքային կորուստները մենք ունեցել ենք Ջերմուկի հատվածում։ Ստեղ տարածքային որ ասեմ լուրջ առաջխաղացում ունեցել են, չէ։ Իրանց հաջողվել ա մի քանի մարտական դիրք գրավել, բայց էդ մարտական դիրքերը մարտավարական տեսանկյունից էդքան կարևոր չեն։ Ռազմավարական տեսանկյունից դրանք կարևոր են, որովհետև դրանք անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա»։

Երեկ այս մասին ադրբեջանական թիրախ դարձած Գեղարքունիքի մարզում խոսել էր գլխավոր շտաբի պետի տեղակալը՝ չհստակեցնելով, սակայն, սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո Հայաստանի կորցրած դիրքերի թիվը։

Առաքել Մարտիկյանը պատախանել էր մարզ այցելած դեսպանների ու լրագրողների հարցերին. - «Գեղարքունիքի մարզում ամսի 13-ի դեպքերից էն մարտական դիրքերը, որոնք մենք ստիպված ենք եղել թողնելու, ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ մինչև վերջ կանգնել են մեր զինվորները և զոհվել»։

Գեներալ մայորը ընդգծել էր՝ սա երրորդ լայնամասշտաբ հարձակումն է 44-օրյա պատերազմից հետո, որը թիրախավորում է հենց խաղաղ բնակավայրերը։ Դրանով Բաքուն նպատակ ունի ստիպել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին լքել իրենց տները, ասում էր բարձրաստիճան զինվորականը։

Մարտիկյանը նշել էր նաև, որ Ադրբեջանի կիրառած տարբեր զենքերից հետո պետք է զբաղվեն սակրավորական աշխատանքներով և մինչև ձմեռ ավարտեն դրանք. - «Դեռևս որոշ հատվածներում կան, որունք քանի որ բնակավայրերից հեռու են, դրանք կոչնչացվեն տեղում մոտակա երկու օրերի ընթացքում»։

Ադրբեջանը նաև անցած տարի էր ներխուժել Հայաստանի տարածք ու փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա: Այն ժամանակ ևս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում էր, որ նրանք պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, սակայն մեկ տարի անց օկուպացված 41 քառակուսի կիլոմետրին ավելացավ ևս 10-ը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG