Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանման ուղղությամբ. Փաշինյան


Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով զոհված երեք զինծառայողներից մեկը 19-ամյա ժամկետային Էդվարդ Հովհաննիսյան է։ Նա մեկ տարի երկու ամսվա ծառայող էր, զորակոչվել էր Ապարանից։

Ապարանի փոխքաղաքապետ Արկադի Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում այսօր պատմեց, որ Էդվարդի մահվան լուրը երեկ են ստացել, այսօր արդեն նրա հոգեհանգստի արարողությունն է. - «Ապարան քաղաքի բնակիչ ա, 2003 թվականին ծնված։ Ժամկետային զինծառայող էր՝ Հովհաննիսյան էդվարդ Հայկի։ Խելոք, շնորհքով, հարգված երիտասարդ էր մեր Ապարան քաղաքում։ Ծառայության ժամանակ ա եղել, միջադեպից տեղյակ չեմ ոնց ա պատահել։ Ինչքանով տեղյակ եմ, զոհվածներից մեկը իրենց կամանդիրն ա եղել, ու երկու զինվոր»։

Երեկ զոհված մյուս զինծառայողը 32-ամյա Նահապետ Մարգարյանն է, նա Վայոց ձորից էր։ Մարզի Թառաթումբ համայնքի ղեկավար Վահանիկ Մարկոսյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ Նահապետը փոխգնդապետ էր, ռազմական կրթություն էր ստացել, ամուսնացած էր, 2 մանկահասակ աղջիկների հայր էր։ Նահապետը մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին։

«Այո, 44-օրյային մասնակցել ա։ Շատ լավ բաներ էին պատմում իրա մասին, իրա կատարած հերոսությունների մասին», - ասաց Մարկոսյանը։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զոհված երրորդ զինծառայողը սերժանտ Հովհաննես Սուքիասյանն է։

Պաշտպանության նախարարությունը երեկ անդրադառնալով հրադադարի խախտմանը, տեղեկացրել էր, որ ժամը 18-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին պնդել էր, թե հայկական կողմն է խախտել հրադադարը՝ տեղեկացնելով մեկ վիրավորի մասին:

Ադրբեջանական զինուժը երեկ հարվածներ է հասցրել ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանման ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։

Այսօրվա կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց երեք հայ զինծառայողի մահվան պատճառ դարձած միջադեպից՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանման ուղղությամբ։

Փաշինյանն ընդգծեց՝ տեղի ունեցածը ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, որը տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում. - «Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում: Հայաստանի տարածքն օկուպացված է, և մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության տարածքից»:

Թե որ հատվածում են տեղի ունեցել մարտական գործողությունները, պաշտոնապես չի նշվում, սակայն շրջանառվող տեղեկությունների համաձայն, ադրբեջանական կողմը կրակել է Ջերմուկի դիրքերի ուղղությամբ։ Ամեն դեպքում, Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ քաղաքում կրակոցների ձայներ չեն լսվել, հանգիստ է եղել. - «Իրիկունն էլ հանգիստ ա էղել, քաղաքում ոչ մի կրակոց բան չի լսվել... թե դիրքերում, որ դիրքերում, ինչ, ոնց, ինչ ուղղությամբ, դա ես չեմ տիրապետում»։

Սեպտեմբերի 13-ի մարտերից հետո, ըստ կառավարության, հայկական կողմը 206 զոհ ու անհետ կորած ունի։ Նրանց անունները, ի տարբերություն երեկվա զոհերի, դեռ չեն հրապարակվել։

XS
SM
MD
LG