Մատչելիության հղումներ

Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել անվտանգային օժանդակությունը Ադրբեջանին


ԱՄՆ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդես, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օժանդակությունը, հաղորդում են Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը և Ամերիկայի Հայկական համագումարը:

Սեպտեմբերի 22-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հասցեագրված բավական խիստ նամակում Մենենդեսը նշել է, որ ԱՄՆ-ը չպետք է դերակատարում ունենա ավտորիտար բռնություններին աջակցելու գործում, և որ ինքն ու իր գործընկերները Կոնգրեսում աշխատելու են 907-րդ բանաձևի կիրարկման նախագահական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ 907-րդ բանաձևի կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումն ուղղակիորեն ենթադրում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցում։


Մենենդեսը նաև հղում է արել ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի ուսումնասիրություններին, ըստ որոնց՝ Պետդեպարտամենտը պատշաճ կերպով Կոնգրեսին չի զեկուցել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակության ազդեցության վերաբերյալ։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը չպետք է անաչառ երևալու համար նվազեցնի ադրբեջանական հարձակումների ծավալը։ Մենենդեսը, մեջբերելով Բայդենի՝ «...երբ բռնապետերը գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են առաջացնում» պնդումը, կարծիք է հայտնել, որ «ԱՄՆ-ը կարևոր հնարավորություն ունի կանգնելու հայ ժողովրդի կողքին, երբ վերջինս փորձում է հետ մղել բռնատիրական վարչակազմի հարձակումը»։

Ամերիկայի հայկական կազմակերպությունները շնորհակալություն են հայտնում Ռոբերտ Մենենդեսին սկզբունքայնության համար:

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Հրադադարը, փաստացի, արդեն երեք օր է խախտվում է։

XS
SM
MD
LG