Մատչելիության հղումներ

Թուրքիան փորձում է իր նպատակներին հասնել ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքով․ Բաղդասարյան


Թուրքիան փորձում է իր նպատակներին հասնել ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքով, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյան՝ շեշտելով Թուրքիան ունի կարճաժամկետ և երկարաժամկետ շահեր։

Բաղդասարյանը վստահ չէ, որ Պրահայում կկայանա Էրդողան-Փաշինյան հանդիպում՝ ընդգծելով՝ դա կախված կլինի ավելի շատ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություներից։

Երևանն ու Անկարան չեն բացառել, որ Պրահայում անցկացվելիք քաղաքական հանրության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեն։ Եվրոպական միության գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին:

«Ազատություն»․ - Պարոն Բաղդասարյան մի քանի օրից Էրդողան-Փաշինյան հանդիպումն է։ Ի՞նչ է ուզում Թուրքիան։

Բաղդասարյան․ - Թուրքիան ունի կարճաժամկետ շահեր և երկարաժամկետ շահեր։ Երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան ցանկանում է տեսնել Հայաստանն առանց ռուսական ազդեցության, առանց ռուսական ռազմաբազաների, տնտեսական էքսպանսիայի որպես շատ հեշտ թիրախ՝ իր ազդեցության գոտում և միջանցք Թուրքիայի, Ադրբեջանի և Միջին Ասիայի միջև։ Կարճաժամկետ հեռանկարում՝ նպաստել Ադրբեջանի հաղթանակներին, այդ թվում՝ նաև անմիջական մասնակցությամբ, ստանալ Սյունիքն ամբողջությամբ և այդ ճանապարհով արդեն Հայաստանին պարտադրել մի քանի իր համար առանցքային կետեր, օրինակ, պաշտոնապես հրաժարվել Ցեղասպանության խնդիրը միջազգային ատյաններում արծարծելուց, Սփյուռքի կառույցներին զսպել, ճանապարհներ բացել և այլն։

«Ազատություն»․ - Էդպիսի բաները բաց ասվում են, խոսակցություններում` Պրահայում դա տեղի կունենա՞։

Բաղդասարյան․ - Ես նախ վստահ չեմ, որ Պրահայի հանդիպումը տեղի կունենա։

«Ազատություն»․ - Կարծես, Անկարան էլ, Երևանն էլ ասում են՝ այո', լինելու է։

Բաղդասարյան․ - Ուրեմն դա կախված կլինի ավելի շատ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություներից, որովեհտև Թուրքիան ասում է, որ Հայաստանի հետ հարաբերություններն անպայման պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններով։ Վստահ եմ՝ նրանք անընդհատ իրար հետ համաձայնացնելու են՝ Թուրքիան և Ադրբեջանը, այսինքն՝ աստեղ Էրդողանը հանդես է գալիս, որպես ավելի մեղմ, ավելի լուրջ, իսկ Ադրբեջանն ավելի ագրեսիվ, այսինքն՝ Թուրքիան փորձում է իր նպատակներին հասնել ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքով։ Այստեղ բարի քննիչ, չար քննիչ էս դերով նրանք խաղում են։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG