Մատչելիության հղումներ

Արդեն կարելի է խոսել Փելոսիի այցի որոշակի արդյունքների մասին, բայց ավելի շատ անելիք ունի ՀՀ իշխանությունը. փորձագետներ


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի Երևան անակնկալ այցին ու հայտարարություններին ամենասուր արձագանքները հնչեցին Բաքվից, Ադրբեջանի արտգործնախարարությունը հենց Նենսի Փելոսիի հայտարարությունների ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ, թե դրա հետևանքով կարող է լարվածությունը աճել, ինչը ուղղակի սպառնալիք էր հնարավոր գործողությունների: Այսպիսի կարծիք հայտնեց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:

«Դրան անմիջապես հաջորդեց Բլինքենի հեռախոսազրույցը Իլհամ Ալիևի հետ, որտեղ կոչեր էին արվում պահպանել հրադադարը, նույնիսկ որոշակիորեն նվազեցնել լարվածությունը, հետ քաշել զորքերը և այլն, և այդ զանգերը, բնականաբար, իրենց դերակատարումը ունենում են որոշակիորեն զսպման առումով: Դրա համար, ինձ համար զարմանալի չէ, որ կարճ ժամանակ հետո Ալիևը իր ելույթում ասում է՝ «ոչ ոք չի կարող ինձ զանգել, թող հայերը ուրիշների վրա հույս չդնեն». ես կարծում եմ՝ հենց այդ ամենն է իրեն նյարդայնացրել, և այդ նյարդայնացումից բխում են այդ ելույթի կետերը», - նշեց Հայրապետյանը:

«Բնական է, որ այցը անհանգստացնելու էր, ինչպես Դուք նշեցիք՝ կարևոր և խորհրդանշական այց էր, կարևոր էր նաև ուղերձների, գնահատականների առումով: Բայց ամենից շատ այստեղ կարևորը՝ թե մեր կողմից ինչ օրակարգեր են դրվել սեղանին: Ինձ համար մեծագույն խնդիրը, որ մնում է ներկայիս պատասխանատուների հետ կապված, դա բովանդակային օրակարգերի բացակայությունն է», - ասաց փորձագետը՝ մանրամասնելով. - «Օրինակ, երբ որ հայկական կողմը շարունակ հետ է կանգնում իր նախկին պայման ասեմ, թե դիրքորոշումներից, չգիտեմ՝ սկզբում ասում էր, որ զորքերը մինչև դուրս չգան 21 թվականի ներխուժումից, ինքը չի գնա նոր գործընթացների, բայց գնում է, հետո ասում է, որ անվտանգություն պիտի ապահովվի, նոր՝ դեմարկացիա, դելիմիտացիա, բայց գնում է գործընթացի, և այսպես շարունակ, կամ, չգիտեմ, նշաձող է իջեցնում Արցախի հարցում: Ու այս գործելաոճը ամբողջությամբ տապալվեց, և տապալվեց վերջին պատերազմական գործողությունների հետևանքով»:

«Այդ տրամաբանության մեջ պետք է հասկանալ՝ մեր կողմն ինչ բովանդակություն է դրել: Ես դրան տեղյակ չեմ, չգիտեմ, հուսով եմ՝ դրվել է նորմալ բովանդակություն, որովհետև դրանից է կախված՝ այցը կմնա զուտ խորհրդանշակա՞ն, և մենք ուղղակի հանրային առումով կասենք, որ շատ կարևո՞ր է, թե՞ հեռուն կգնա», - ընդգծեց Հայրապետյանը:

Նա հաստատեց, որ Երևանում կայացել է Փելոսիի հանդիպումը որոշ փորձագիտական շրջանակների հետ, որին ինքն էլ ներկա է եղել. - «Հանդիպումը փակ էր և Chatham House կանոններով, ուստի շատ բան չեմ կարող ասել բովանդակության մասին: Ընդամենը կարող եմ ասել, որ ինքս իմ կողմից փորձել եմ ներկայացնել խոսնակին բուն խնդիրը՝ որ ոչ թե խնդիրը, ասենք, միայն միջնորդների, կամ, չգիտեմ, այլոց մեջ է, այլ խնդիրը այդ [Ալիևի] բռնապետական վարչակարգի և դրա ագրեսիվ գործելաոճի մեջ է, որը տորպեդահարում է խաղաղությանը ուղղված կամ կայունացմանը ուղղված ցանկացած ջանք, և խնդրեցի՝ եթե կան մեխանիզմներ, առնվազն մոնիթորինգի ձևով փորձել հասկանալ, թե ինչ հետևանքներ է ունենում ատելության խոսքի քարոզը, որովհետև մարդիկ աչք են փակում դրա վրա՝ չհասկանալով հետևանքները, և հետո մենք ունենում ենք դեպք, երբ կին զինծառայողին անդամահատում են և հրճվում այդ տեսարանի վրա, այդ ամենը մի օրում տեղի չի ունենում»:

Հաղորդմանը հյուրընկալված մյուս փորձագետը՝ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, նշեց. - «Այո, ակնհայտ է, որ Բաքվում բավականին վատ են ընդունել այդ այցը, ադրբեջանական իշխանությունների հիմնական մոտեցումը այն է եղել, որպեսզի այդ այցը ներկայացնեն որպես Միացյալ Նահանգներում ներքաղաքական ինչ-որ գործընթացների ազդեցության տակ տեղի ունեցած այց, այսինքն՝ ակնարկ էր արվում, որ տիկին Փելոսին և նրա պատվիրակության անդամները այցելել են Հայաստան, որպեսզի գալիք ընտրություններում ստանան, օրինակ, հայ համայնքի ձայնը Միացյալ Նահանգներում: Երկրորդ կարևոր պատումը, որը այս օրերին շրջանառվում էր Բաքվի և նրանց լոբբիստների կողմից, այն էր, որ այս այցը պայմանավորվեցված չէր Միացյալ Նահանգների իշխանությունների գործադիր ճյուղի հետ, այսինքն՝ Պետդեպարտամենտի հետ: Եվ այդ առումով կարևոր է, որ այդ այցին զուգընթաց տեղի է ունենում նաև Միացյալ Նահանգների դիվանագիտական ակտիվացումը՝ տեսնում ենք, որ Պետդեպարտամենտի ջանքերով տեղի ունեցավ նաև արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում»:

Գրիգորյանը կարծում է՝ արդեն իսկ կարելի է խոսել որոշակի արդյունքների մասին. - «Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգների փաստորեն երրորդ պաշտոնյան ժամանեց Հայաստան այսպիսի դժվար պահին մեր երկրի համար և հստակ գնահատականներ հնչեցրեց: Սա օգնեց մեզ նաև միջազգային մամուլի ուշադրությունը սևեռել Ադրբեջանի գործողություններին և լուսաբանել տեղի ունեցող գործընթացները: Սրա արդյունքներից մեկը կարող է լինել նաև Միացյալ Նահանգների ակտիվացումը մեր տարածաշրջանում և հատկապես հայ – ադրբեջանական համատեքստում՝ հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանի Եվրամիության ջանքերը առանձնակի արդյունքներ չտվեցին և ավարտվեցին նոր մինի-պատերազմով»:

«Բայց ինչ վերաբերում է ավելի հեռուն գնացող գնահատականներին՝ այստեղ ես կհամաձայնեմ, որ ավելի շատ անելիք ունեն Հայաստանի իշխանությունները, և ակնկալիքները հենց Հայաստանի իշխանություններից են, թե ինչ օրակարգով են նրանք ցանկանում առաջ շարժվել Միացյալ Նահանգների հետ», - ընդգծեց փորձագետը:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի սեպտեմբերի 25-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG