Մատչելիության հղումներ

Բաքուն և Անկարան հայտարարում են, թե Փելոսիի այցը «չի նպաստի հայ-ադրբեջանական հաշտեցմանը ու ավելի կխորացնի ճգնաժամը»


Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան չի նպաստի հայ-ադրբեջանական հաշտեցմանը ու ավելի կխորացնի ճգնաժամը, հայտարարում են Բաքվից և Անկարայից:

Երեկ Նենսի Փելոսիի՝ ադրբեջանական հարձակումը դատապարտող հայտարարությունից շատ չանցած պաշտոնական Բաքուն քննադատեց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։ «Անհիմն ու անարդար մեղադրանքները, որոնք Փելոսին հնչեցրել է Ադրբեջանի հասցեին, անընդունելի են», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով, թե դա լուրջ հարված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին:

Միակողմանի ու անհիմն որակելով Փելոսիի հայտարարությունները՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը նաև պնդել է, թե նման քայլերը խանգարում են տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը և մեծացնում են լարվածությունը։

Պաշտոնական Անկարան ևս համոզված է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան խաղաղություն չի բերի տարածաշրջանին: Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը պնդել է, թե Միացյալ Նահանգները, լինելով Մինսկի խմբի համանախագահ, 28 տարվա ընթացքում ոչինչ չի արել ադրբեջանական հողերի օկուպացիային վերջ դնելու համար: Թուրքական մեջլիսի խոսնակը ընդգծել է, թե այս ժամանակաշրջանում նման այցը կարող է հրահրիչ ազդեցություն ունենալ՝ է'լ ավելի խորացնելով ճգնաժամը:

Թուրքիայի փոխնախագահը ևս անընդունելի է համարել Փելոսիի ուղերձները՝ դրանք որակելով կողմնակալ և դիվանագիտական ջանքերը խափանող։ Ֆուադ Օքթայը Թվիթերում գրել է, թե Սպիտակ տունը պետք է պարզաբանի, թե արդյոք Փելոսիի և հայկական լոբբիի աջակցությունը վայելող մի քանի քաղաքական գործիչների հայտարարությունները արտացոլում են պաշտոնական Վաշինգտոնի տեսակետը։

«Կոչ եմ անում միջազգային բոլոր դերակատարներին պատասխանատու գործել այն ժամանակ, երբ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության կարիք կա», - գրել է Օքթայը:

Նենսի Փելոսիի եռօրյա այցի մասին մեկնաբանություններ են հնչել նաև տարածաշրջանի մյուս մեծ պետություններից՝ Ռուսաստանից ու Իրանից: Մոսկվան պատրաստ է ողջունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան, եթե դա կօգնի կարգավորել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը ասել է, թե «ժամանակի ընթացքում պարզ կդառնա կարող են արդյոք այդ բարձրաձայն գործողություններն ու հայտարարությունները իրականում նպաստել կարգավորմանը»:

Իսկ պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը դիտարկում է Հարավային Կովկասում վերջին զարգացումների ու կոնֆլիկտի վերաբերյալ Իրանի քաղաքական տեսանկյունից։ «Ցանկացած կողմ, որն ուզում է տարածաշրջանի մասին հայտարարություն անել, պետք է փորձի օգնել խաղաղությանն ու կայունությանը», - ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG