Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը՝ հայ-ադրբեջանական նոր բախումների մասին


«Ռոյթերսն» արձանագրում է, որ չորեքշաբթի նոր բախումներ բռնկվեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև, նշելով, որ բախումները վերսկսվեցին միջազգային խաղաղարար ջանքերի ակտիվացումից մեկ օր անց՝ այն բանից հետո, երբ մոտավորապես 100 զինվոր զոհվեցին 2020-ից հետո բռնկված ամենակատաղի մարտերի ընթացքում։

«Բախումները ևս մեկ խոշոր ռազմական հակամարտության վախեր են առաջացրել նախկին Խորհրդային Միության տարածքում մի ժամանակահատվածում, երբ ռուսական զինված ուժերը կենտրոնացած են Ուկրաինայի պատերազմի վրա»։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ հակամարտությունը կարող է ներքաշել Ռուսաստանին և Թուրքիային ու ապակայունացնել նավթ և գազ մատակարարող խողովակաշարերի կարևոր միջանցքը՝ ճիշտ այնպես, ինչպես պատերազմը Ուկրաինայում խաթարում է էներգակիրների մատակարարումը»,- նշում է «Ռոյթերս»-ի մեկնաբանը։

Ռուսական «Կոմերսանտն» առանց մեկնաբանությունների և գնահատականների ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ադրբեջանը վերսկսել է ռազմական գործողությունները սահմանին կիրառելով հրետանի, հրաձգային զենք և նռնականետեր Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ։ Իբր գործի են դրվել նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր», - գրում է «Կոմերսանտը», նշելով, որ Ադրբեջանը իրադարձություններին ուղիղ հակառակ մեկնաբանությունն է տալիս՝ Հայաստանի զինված ուժերը կրկին խախտել են հրադադարի համաձայնությունը և կրակ բացել Քելբաջարի ու Լաչինի շրջանների ադրբեջանական ստորաբաժանումների վրա։

«Պուտինի ռազմավարական գլխացավանքն ուժգնանում է Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին մարտերի ֆոնին»

«Պոլիտիկո» ամերիկյան պարբերականի ախտորոշմամբ՝ Պուտինի ռազմավարական գլխացավանքն ուժգնանում է Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին մարտերի ֆոնին։ Մինչ Ռուսաստանը Ուկրաինայում ցայտնոտի մեջ է, Կովկասյան երկրները վերսկսում են մարտական գործողությունները։ «Երկու կողմ էլ կասկածի տակ են դնում Կրեմլի խաղաղարար ջանքերը», նշում է «Պոլիտկոն», հավելելով, թե այդ բացը փորձում է լրացնել Եվրամիությունը։

«Ռոյթերսի» հետ զրույցում «Չաթըմ Հաուսի» վերլուծաբան Լոուրենս Բրոերսը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն այժմ զգացողություն ունի, որ եկել է ժամանակը օգտագործելու իր ուժը, իր ռազմական առավելությունը և վերցնել առավելագույնը։

«Նյու Յորք Թայմսը» նշում է, որ Ռուսաստանը Հայաստանի մերձավոր դաշնակիցն է և որոշ ռազմական վերլուծաբաններ ենթադրում են, որ նոր հարձակում սկսելու համար Ադրբեջանը կարող էր քաջալերվել Ուկրաինայի հյուսիս-արևելքում Ռուսատանի վերջին անհաջողություններից։

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը «Ազատություն» Ռ/Կ-ին տված հարցազրույցում ասել է․ «Ես չգիտեմ, արդյոք Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է հակամարտության վերսկսմամբ: Նույնիսկ ներկա իրավիճակում, չեմ կարծում, որ նրանք կփորձեն ինչ-որ բան հրահրել, ինչը չեն կարող վերահսկել, որովհետև չեմ կարծում, որ նրանք կարող են վերահսկել: Ես նաև անհանգստանում եմ, որ Իրանը սա կարող է դիտել որպես հնարավորություն»:

BBC-ի ռուսական ծառայությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր բախումները վերջին շրաջանի համար աննախադեպ է համարել։ Սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի զորքերը կրակ բացեցին հարևան Հայաստանի տարածքի վրա։ Վերջին ամիսներին սա տարածաշրջանում առաջին սրացումը չէ, բայց իհարկե աննախադեպ է՝ հրետակոծության տակ ընկան ոչ միայն սահմանային քաղաքները, այլև հայկական հանգստավայր Ջերմուկը։ Տարածաշրջանում անվտանգության երաշխավորը մնում է Ռուսաստանը, բայց նա չափազանց զբաղված է Ուկրաինայի պատերազմով և Լեռնային Ղարաբաղում անհանգիստ իրավիճակը Մոսկվային ձեռնտու չէ, գրել է BBC-ի ռուսական ծառայությունը՝ ներկայացնելով նաև մի շարք փորձագետների մեկնաբանություններ։

Ադրբեջանցի ռազմական հարցերով փորձագետ Ազադ Իսազադեն, պաշտպանելով իր երկրի ղեկավարության դիրքորոշումը, ասել է, թե «մենք դեռ կբախվենք նմանատիպ իրավիճակների մի ժամանակահատվածում, երբ երկու կողմերը մոտենում են խաղաղության համաձայնագրի կնքմանը»։

«Ադրբեջանը հարված հասցրեց օգտվելով պահից»

Պատմաբան Արիֆ Յունուսն ասել է, որ Ադրբեջանը հարված հասցրեց օգտվելով պահից՝ աշխարհը հիմա զբաղված է Ուկրաինայի պատերազմով, իսկ Հայաստանի բանակը թույլ է։ Նոր սրացումը նա կապել է Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի վերջին հանդիպման անհաջողության հետ, ասելով, թե Ադրբեջանը Հայաստանից պահանջում է կատարել հրապարակված 5 թեզերը։ Իսկ Փաշինյանը այդ պահանջները անընդունելի է համարում, Ղարաբաղի հարցը մնում է, և դա ոչ թե տարածքային ամբողջականության, այլ մարդու իրավունքների հարց է, և դա կարող էր նյարդայնացնել Ալիևին, - նշել է Արիֆ Յունուսը։

Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանն ասել է, որ Ռուսաստանը հիմա խիստ զբաղված է Ուկրաինայով և հիմա Ռուսաստանին ձեռնտու չէ, որ նոր հակամարտություն կամ ինչպես իրենք են ասում՝ «երկրորդ ճակատ» բացվի։

«Արդյունքում մենք տեսնում ենք Ռուսաստանի փաստացի անգործությունը։ Եթե նախկինում բավական էր նրա մի քանի զանգը, ապա հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ի վիճակի չէ հակամարտության գոտում դադարեցնել մարտական գործողությունները ամիսների ընթացքում։ Ռուսաստանի զբաղվածությունը ուժեղ փոխել է իրավիճակը տեղում», - ասել է Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանը և նշել է, որ վերջին ամիսներին Ադրբեջանի գործողությունների նպատակը ռազմավարական մի քանի բարձունքների գրավումն էր, ինչը և արվել է։

«Ռազմական փորձագետները մեզ պարզաբանում են, որ այն տարածքները, որտեղ գտնվում է Լեռնային Ղարաբաղն ու ռուսական խաղաղապահները հիմա փաստացի գտնվում է Ադրբեջանի զինվորականների լիակատար դիտարկման տակ։ Ադրբեջանցիները կարող են տեսնել՝ ինչ է կատարվում այդ գոտու ներսում։ Բացի այդ, Ղարաբաղի ներկայացուցիչները ասում են, որ իրենց շրջապատված են զգում և գտնում են, որ Ադրբեջանը ուժեղացրել է իր դիրքերը, որպեսզի հետագայում, եթե նոր ռազմական սրացում տեղի ունենա՝ ավելի հեշտ լինի նոր տարածքներ վերցնելը»։

«Բայց դեռ մինչ Ուկրաինա ներխուժելը Մոսկվայի մոտ մեծ ցանկություն չկար միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը։ Միջնորդի կարգավիճակը կարևոր է Ռուսաստանի համար, սակայն վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի նշանակությունը Մոսկվայի համար նշանակալիորեն աճել է»,- BBC-ի ռուսական ծառայությանը ասել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Միջազգային մամուլը՝ հայ-ադրբեջանական նոր բախումների մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG