Մատչելիության հղումներ

Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին. «Ոչ մեկի զանգը, ոչ մի հայտարարություն, նախաձեռնություն մեզ չի կանգնեցնի»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Մինչ Ադրբեջանի արտգործնախարարը ՄԱԿ-ում միջազգային գործընկերների հետ հանդիպումներում խոսում է խաղաղության գնալու Բաքվի պատրաստակամության մասին, երկրի նախագահը կրկին սպառնում է Հայաստանին: Իլհամ Ալիևն այսօր Լաչինում Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան»:

«Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի: Ոչ ոք մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել, և թող ոչ ոքի վրա հույս չդնեն: Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել, մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: Մենք իրավունքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, պաշտպանում, պաշտպանել ու վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Ողջ աշխարհին ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ, մենք ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով: Սեպտեմբերի 13-ին, երբ մեր դեմ հերթական սադրանքը իրականացվեց, ադրբեջանական բանակը պատասխանեց ու թշնամուն իր տեղը դրեց: Ես հուսով եմ, որ սա վերջապես դաս կլինի նրանց: Քանի որ տեսան, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի: Ոչ մեկի զանգը, ոչ մի հայտարարություն, նախաձեռնություն մեզ չի կանգնեցնի: Մենք մեր հողի վրա ենք ու մեր հողն ենք պաշտպանում»,-հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը պնդել է, թե Հայաստանը խաղաղություն չի ուզում և ռևանշիստական մտքեր ունի: Նա դժգոհել է, թե պաշտոնական Երևանը գրեթե մեկ տարի ձգձգում է սահմանների դելիմիտացիայի գործընթացը, իսկ հիմա այն պարզապես ֆորմալ բնույթ է կրում, և ոչ մի էական բան, քարտեզների մասին քննարկումներ չկան:

Ադրբեջանի նախագահն ասել է, թե ադրբեջանական կողմը 20-րդ դարի և նախորդ ժամանակաշրջանի քարտեզներ ունի, և դրանց հիման վրա պետք է սահմանազատման աշխատանքներ տարվեն: Թե ինչ քարտեզներ են ու արդյոք Հայաստանը ընդունում է դրանք, Ալիևը չի մանրամասնել։ Դեռ անցած տարի Ռուսաստանի նախագահն առաջարկել էր սահմանազատումն իրականացնել ռուսական բանակի գլխավոր շտաբում պահվող քարտեզներով, սակայն մինչ օրս էլ հայտնի չէ՝ որ թվականի քարտեզն է հիմք ընդունվելու դելիմիտացիայի համար։

«Եթե Հայաստանը ուզում է մեզ մեղադրել, թե մենք իրենց տարածք ենք ներխուժել, դա ոչ մի հիմնավորում չունի: Նախ և առաջ, եթե սահմանները լինեին այնտեղ, որտեղ իրենք են ասում, ապա սահմանային ինժեներական աշխատանքներ կտարվեին: Նրանք կարծում էին, թե ողջ Ղարաբաղն ու Զանգեզուրը իրենց է մնալու: Այդ պատճառով էլ ոչ մի բան չեն արել հայ - ադրբեջանական սահմանին», - պնդել է Ալիևը:


Ադրբեջանի նախագահը նաև խոսել է Հայաստանին առաջարկված խաղաղության պայմանագրի մասին՝ նշելով, որ դրա համար Բաքուն Երևանին ներկայացրել է 5 սկզբունք, Հայաստանը դրանք բանավոր ընդունել է, բայց գործնականում ոչինչ չի արվում՝ ժամանակ ձգելով:

«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի համաձայն, Հայաստանը պետք է դուրս բերեր իր զինված ուժերը Ղարաբաղից: Դեռ ամբողջությամբ դուրս չեն բերվել: Հայաստանը պետք է Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք տրամադրեր: Մինչ օրս ոչ միայն չեն տվել միջանցք, նույնիսկ դրա երթուղին մեզ չեն ասել: Գործնական ոչ մի քայլ չեն արել», - հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը մինչև հաջորդ տարեվերջ Հայաստանի սահման տանող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը կավարտի, այնինչ, նրա խոսքով, հայկական կողմում ոչինչ չի արվել և կարծես չեն էլ ուզում անել:


Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել, որ դուրս է բերել իր զինված ստորաբաժանումները Արցախից, իսկ եռակողմ հայտարարությունով ամրագրված միակ միջանցքը Լաչինի միջանցքն է, Հայաստանը չի պատրաստվում իր ինքնիշխան տարածքում Ադրբեջանին միջանցք տրամադրել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG