Մատչելիության հղումներ

Ես ակնկալում եմ Հայաստանի իշխանություններից գործուն քայլեր ՀԱՊԿ-ից դուրս գալու առումով. Արամ Սարգսյան


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան

Իշխանությունները հաշվարկում են հետքայլերից բխող առավելություններն ու թերությունները։ Արտախորհրդարանական ուժերի ու Փաշինյանի այսօրվա հանդիպմանը քննարկվել է նաև Ռուսաստանի ղեկավարած անվտանգային կազմակերպությունից՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, լրագրողներին փոխանցեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Ինքն ու հանդիպմանը ներկա մի քանի գործընկերներ Երևանի անդամակցությունը անհապաղ դադարեցնելու առաջարկ են հնչեցրել։

Հարցին, թե ի՞նչ պետք է անել դրանից հետո, Սարգսյանն արձագանքեց. - «Աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որոնք որևէ ռազմական դաշինքի անդամ չեն։ Օրինակ Հորդանանը որևէ ռազմական դաշինքի անդամ չէ։Կամ Իսրայելը որևէ ռազմական դաշինքի անդամ չէ, բայց Միացյալ Նահանգների գործընկերն է։ Հորդանանին Միացյալ Նահանգները տարեկան ութ հարյուր միլիոնի ռազմական օգնություն է ցուցաբերում։ Իմ թվաբանությամբ Հայաստանի պարագայում տարեկան չորս հարյուր միլիոնի ռազմական օգնություն կցուցաբերի։ Ես ակնկալում եմ Հայաստանի իշխանություններից գործուն քայլեր ՀԱՊԿ-ից դուրս գալու առումով։ Եվ էդ պահանջը դնում եմ իրենց առաջ։ Կանե՞ն իրենք՝ շատ լավ, չե՞ն անի՝ իրենց խնդիրն է։ Մենք գտնվում ենք ռուսական ճահիճում, որը մեզանից մի բան է ուզում՝ Մեղրիի միջանցք։ Ադրբեջանն էլ մեզանից մի բան է ուզում՝ ուզում է, որ մենք ճանաչենք իր տարածքային ամբողջականությունը և հրաժարվենք Արցախից։ Մենք դո՞ւրս ենք գալիս սրանից, թե՞ դուրս չենք գալիս։ Եթե դուրս չենք գալիս սրանից, համաձայնվում ենք էս տարբերակով. պիտի տանք և' միջանցքը, և' պիտի հրաժարվենք Արցախից։ Իսկ էսօր մեզ ձեռք է մեկնված, որից օգտվելու պարագայում հնարավոր է, որ կարողանանք հրաժարվել»։

Իսկ Հայաստանը ռազմական համագործակցության առաջարկ ստացե՞լ է Միացյալ նահանգներից։ Ըստ Սարգսյանի, այս հարցի դրական պատասխանը Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակի այցն էր Երևան։ Եվ չնայած Նենսի Փելոսին հրապարակային հայտարարություններում որևէ նման ուղիղ առաջարկ չէր հնչեցրել, Սարգսյանը պնդում է, թե այդ ուղերձներն ակնհայտ էին. - «Նենսի Փելոսին բացարձակ ուղիղ ձեռք է մեկնում Հայաստանին ու ասում՝ պատրաստ ենք օժանդակելու բոլոր խնդիրներում՝ Հայաստանի անկախության, Հայաստանի տարածքային ամբողջականության, Հայաստանի տնտեսության զարգացման՝ ներառյալ հայկական բանակը, էս ամեն ինչում մենք պատրաստ ենք ձեզ աջակցելու։ Հիմի ասում եք՝ կաջակցի՞, թե՞ չի աջակցի... Մարդիկ առաջարկել են, մենք համաձա՞յն ենք աջակցի։ Էդ ասել է Նենսի Փելոսին ուղիղ։ Միայն այցելությունները էն կառույցներին բավարար է հետևություններ անելու համար, թե ինչ հարցեր են քննարկվել»։

Հայաստաանի դեմ հարձակումից շատ ավելի վաղ ծրագրված այցի ընթացքում Նենսի Փելոսին հանդիպել էր նաև Պաշտպանության նախարարի հետ, քննարկել ոլորտում երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Ավելի վաղ կայացած ասուլիսում Փելոսին, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին, ասել էր, որ իրենք Հայաստան են եկել հասկանալու, թե Երևանն ինչ ակնկալիքներ ունի Վաշինգտոնից։

Սարգսյանը վստահ է, որ միակ խոչընդոտը Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունն է. - «Իրենք նոր տեխնոլոգիան տալիս են մի երկրի, որ իրենց հակառակորդ, կամ իրենց թշնամի երկրի բանակի կամ ռազմական միավորի անդամ է։ Այսինքն՝ ՀԱՊԿ-ում մեր գտնվելը խանգարում է մեզ ռազմական նոր տեխնոլոգիաներով զենք-զինամթերք գնելու։ Իսկ ռուսական զենք-զինամթերքով, ռուսական տեխնոլոգիաներով մենք միշտ Ադրբեջանին պարտվելու ենք»։

Այս ընթացքում Հայաստանի սպառազինման խոչընդոտների մասին խոսել են թե' վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ փողը կա, բայց զենք գնելու ճանապարհին քաղաքական, տեխնիկական և տրանպորտային հարցեր են առաջանում, թե' ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով ասել էր, թե «միակ ռեալ կարիքը, որ ունենք, զենքի կարիքն է»։

Պաշտպանության հանձնաժողովի իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ , երեկ ասել էր, որ 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին ոչ մի սպառազինություն չի վաճառել։

Չնայած այս հայտարարություններին, Սարգսյանը խնդրի մասին խոսել չցանկացավ՝ հղում անելով պետական գաղտնիքին։ Բայց Փաշինյանի հետ, ասաց, այս հարցը ևս քննարկվել է։

Այս հարցերը Սարգսյանը խուճապ առաջացնող ու վտանգավոր է համարում։ Ասաց, որ Փաշինյանի մոտ քննադատել է նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ով երեկ Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպմանը ասել էր, թե «Ադրբեջանը հնարավոր է պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից»։

«Հենց Ազգային ժողովի փոխնախագահին էլ քննադատել եմ ես։ Ես նաև քննադատել եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որ 44-օրյա պատերազմից ավելի վատ դեպքեր կարող են լինել։ Բավական էր Նենսի Փելոսիի այցի ժամանակ հետևել, թե ռուսական լրատվամիջոցներում ինչ հիստերիա էր տիրում... ու ամեն ինչի եզրակացությունը գիտե՞ք ինչն էր։ Որ հայեր, ձեր խելքը գլուխներդ հավաքեք, հակառակ դեպքում դուք կունենաք ավելին, քան ունեցել եք 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եվ էդ քարոզչությունը շատ տխուր է, որ մեկ օր հետո անում է Արայիկ Հարությունյանը Հայաստանում։ Ռուսաստանը բնականաբար այլ բան չունի, մեզ վախեցնում է, որ Արևմուտքի հետ ձեր կապերը մի սերտացրեք, թե չէ մենք խնդիրներ կառաջացնենք։ Դրա համար իրենք խնդիրներ են առաջացնում»։

Վարչապետ Փաշինյանի պարբերաբար է հանդիպումներ ունենում արտխորհրդարանական մի քանի ուժերի հետ։ Այսօրվա հանդիպմանը բացի Արամ Սարգսյանից ներկա են եղել նաև Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը և ուրիշներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG