Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ հարձակվեց Ադրբեջանը. Փաշինյանը մի քանի պատճառ նշեց


Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները դահլիճում չէին և նրան հարցեր չուղղեցին։

Կեսգիշերից մի քանի ուղղություններով Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական գործողություններից հետո պաշտոնական Երևանի դիմել է ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հարցը հրատապ քննարկելու համար։

Այսօր խորհրդարանում վարչապետ Փաշինյանը մի քանի պատճառ նշեց, թե ինչու նման իրավիճակ ստեղծվեց, բայց չխոսեց այն մասին, թե ինչպես է պատկերացնում բանակցային ապագան Ադրբեջանի հետ. - «Բոլոր այն պնդումները, թե Հայաստանի Զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների, և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական Զինված ուժերի գործողությունների, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում»։

Վարչապետի խոսքով, այս իրավիճակը առաջին հերթին կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ: Հիշեցրեց գարնանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հինգ սկզբունքները, որոնք Հայաստանը ընդունել ու լրացրել էր իր առաջարկներով։ Ի տարբերություն Հայաստանի, ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է Երևանի առաջարկները՝ պնդելով, որ Ղարաբաղի հարցը փակված է։

«Չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության հետ», - ասաց Փաշինյանը։

Նա փակագծեր բացեց նաև միմյանց տարածքային ամբողջականությունը ընդունելու Ադրբեջանի առաջարկի մասին, որը ևս Հայաստանը ընդունելի էր համարել։ Նա նշեց, որ Ադրբեջանը չի հստակեցնում, թե արդյոք Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ ներառում է այն տարածքները, որոնք 2021 թվականի մայիսի իրադարձությունների և առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ օկուպացրել է։ Փոխարենը, Փաշինյանի փոխանցմամբ, Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս։

Փաշինյանի խոսքով, տեսականորեն, եթե անգամ այս պայմաններին էլ Հայաստանը համաձայնի, պարզ չէ, թե մինչև ուր կարող են հասնել Ադրբեջանի տարածքային նկրտումները. - «Նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում են Հայաստանի մայրաքաղաք Երևանով։ Ես ուզում եմ ընդգծել, որ եթե սրանք լինեին պարզապես հարցազրույցներ և հայտարարություններ, կարելի էր դրան նույնիսկ չանդրադառնալ։ Բայց սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից»։

Ըստ Փաշինյանի, սահմանային այս լարման հաջորդ պատճառն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով անցնող միջանցք է պահանջում. - «Հայաստանի Հանրապետության տարածքով մենք չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել։ Բայց մենք ընդունում ենք և նույնիսկ շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության տարածքով նաև ճանապարհների բացմանը»։

Սադրանքի նպատակը, ըստ Փաշինյանի, նաև բանակում բարեփոխումների գործըթացը խաթարելն ու Հայաստանի «ակնհայտ տնտեսական հաջողությունները» կասեցնել. - «Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում։ Եվ այս սադրանքը նպատակ ունի նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու»։

Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները դահլիճում չէին և նրան հարցեր չուղղեցին։

Իշխանականներից միայն չորսը հարց ունեին, որոնցից երկուսը բանակը զինելու մասին էին։ Փաշինյանն ասաց, թե այսօր այս թեմայով ավելի բաց կխոսի, մանրամասնեց, որ հարցը չորս բաղադրիչ ունի՝ ֆինանսական, քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային։

Առաջին բաղադրիչը Հայաստանի համար խնդիր չէ. փող, վստահեցրեց, կա. - «Ցավոք, Հայաստանը, ինչպես գիտեք, էնպես չի, որ ելք ունի դեպի ծով, ինչը նշանակում է, որ կարելի է, օրինակ, որոշակի պայմաններում գնել զենքը վաճառող երկրից և միջազգային ջրերով ներկրել Հայաստան»։

Իշխանական պատգաամավոր Վիգեն Խաչատրյանը ծավալուն հարց տվեց, հավելեց, թե փակ քննարկման ու փոփոխությունների կարիք է տեսնում։ Մի քանի նոր շեշտադրում արեց, որ նախինում չի հնչել պաշտոնական Երևանի կողմից։ Նախ, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթը միջազգային ուժ չունի, առաջարկեց մի կողմ դնել խաղաղության պայմանագիրն ու խոսել խաղաղ համակեցության մասին, ինչն ավելի իրատեսական է։

Ապա իշխանական պատգամավորը խոսեց Հայաստանի միջազգային գործընկերների վարքի մասին. - «Դեռ որևէ մեկը մեր գործընկերներից չի դատապարտում Ադրբեջանին, բայց Թուրքիան արդեն դատապարտել ա Հայաստանին... Այսինքն՝ մենք պըտի մտածենք... մենք ո՞ւմ հետ ենք համագործակցում։ Ժողովուրդը մեզանից ա դա պահանջելու, ոչ թե դաշնակիցներից։ Ինչի՞ չի դատապարտվում Ադրբեջանը։ Պիտի մեր գործընկերն իմանան, որ մեր համբերությունը սահման ունի»։

Վարչապետն ու իշխանական գործընկերները հասցրին խոսել նաև 2016 թվականի քառօրյա պատերազմին իրենց մասնակցության, իրենց հարազատների սահման գնալու, ինչպես նաև վարչապետի որդու 44-օրյա պատեազմին մասնակցելու մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG