Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կշարունակի խրախուսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը


Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը: Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

Պատմական հնարավորություն՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը

«Ազատություն». - Երեկ [հուլիսի 25-ին] հայտարարվեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և, ինչպես ինքն է գրել Twitter-ում, «դրվատել է երկկողմ բանակցությունների արդյունքում առաջացած դրական թափը»։ Վերջին 30 տարիներին մենք տարածաշրջանում դրական տեղաշարժերի մասին բազմիցս ենք լսել, սակայն տեղում իրերի դրությունը դրական առումով այդպես էլ չի փոխվել: Արդյո՞ք պատճառ կա ենթադրելու, որ այս անգամ մենք այլ ելք կունենանք:

Լին Թրեյսի. - Կարծում եմ՝ Դուք ճիշտ եք, երբ կենտրոնանում եք պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգի վրա: Դա շատ ջերմ հեռախոսազրույց էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում պետքարտուղարն ընդգծել է իր ընկալումը, և ես կարծում եմ, որ դա Միացյալ Նահանգների ընկալումն է, որ մենք պատմական հնարավորություն ունենք առաջընթաց գրանցելու տարածաշրջանի այս շատ երկարատև հակամարտության կայուն և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ։ Դա չի նշանակում, որ հեշտ է լինելու։ Դուք իրավացի եք, երբ հղում եք անում անցյալի որոշ դեպքերին, երբ շատ ծանր աշխատանքին հաջորդել էին հիասթափություններ: Կարծում եմ` սրանք զգուշացումներ են, որ մենք պետք է հաշվի առնենք: Բայց, միաժամանակ, մենք այլընտրանք չենք տեսնում, քան հետամուտ լինել և աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին՝ ուղիղ խոսելու և փորձելու հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը տարածաշրջանում: Մենք կշարունակենք կենտրոնացած մնալ դրա վրա:

Դուք ականատես եք` դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա, և ոչ միայն Միացյալ Նահանգներից: Եվրոպական միության մեր գործընկերները ևս ներգրավված են, ինչպես նաև այլոք։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է այս թափը պահպանելու համար, և հասկանալու, որ դրանք բարդ հարցեր են, և լուծումները հեշտ չեն լինի։ Բայց մենք պետք է համառենք:

«Ազատություն». - Հայաստանի վարչապետի հետ զրույցի ընթացքում պետքարտուղարն առաջարկել է Միացյալ Նահանգների աջակցությունը տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական կապերի դյուրացման գործում։ Կմանրամասնե՞ք՝ ինչ օգնություն է առաջարկում Վաշինգտոնը: Կարո՞ղ ենք ավելի շատ ներգրավվածություն ակնկալել ԱՄՆ-ից, այնպես, ինչպես տեսնում ենք Եվրամիության կամ Ռուսաստանի դեպքում, որոնք մասնակցում են եռակողմ հանդիպումներին:

Լին Թրեյսի. - Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ մեր քննարկումներում հարցերից մի քանիսը վերաբերում են որոշակի տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք նպատակաուղղված են տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Սա մի նպատակ է, որը մենք շատ կարևոր ենք համարում, դա այն հարցերից, տարրերից մեկն է, որը նպաստել է հակամարտությանը տարածաշրջանում: Կուզեի նշել, որ մյուս թեման, որի մասին խոսել է պետքարտուղարը, Հայաստանի հարաբերությունների կարգավորումն է Թուրքիայի հետ։ Այդ ուղղությունը ևս մենք շատ կարևոր ենք համարում: Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք մինչ այժմ արել են Հայաստանն ու Թուրքիան, և երկու կողմերին էլ կոչ ենք անում առաջընթաց գրանցել: Որովհետև մենք տեսնում ենք, որ այս հարցերից շատերը, ի վերջո, փոխկապակցված են և, երբ տեսնում ենք դրական քայլեր մեկ ուղղությամբ, դա կարող է ամրապնդել թափը՝ հասնելու տարածաշրջանում առավել լայն խաղաղության:

ԱՄՆ-ը կշարունակի խրախուսել Հայաստանին և Թուրքիային՝ կարգավորելու հարաբերությունները

«Ազատություն». - Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ երկու կողմերն էլ պայմանավորվել են առաջ գնալ առանց նախապայմանների, այնուամենայնիվ, Անկարան շարունակում է գործընթացը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Այս պայմաններում հաշտեցումն իրատեսական համարո՞ւմ եք:

Լին Թրեյսի. - Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք փորձարկել առաջարկներն ու ներգրավվածությունները, քննության առնենք ոլորտները, որոնք առանձնացվել են Հայաստանի և Թուրքիայի կողմից։ Նաև տեսել ենք լավ բանակցություններ հատուկ բանագնացների մակարդակով, որոնց արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ սահմանային կետերի բացման վերաբերյալ: Մենք տեսել ենք որոշակի պայմանավորվածություն ուղիղ բեռնափոխադրումների վերաբերյալ: Մանրամասները պետք է մշակվեն, և կարծում եմ, որ այստեղ է, որ մենք կշարունակենք խրախուսել և՛ Հայաստանին, և՛ Թուրքիային՝ առաջընթաց գրանցել և տեսնել, որ առաջընթացն այստեղ, ի վերջո, կարող է իր դրական ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական քննարկումներում:

«Առաջին քայլն ակնկալում ենք Ռուսաստանից՝ դա վերադարձն է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին իր մասնակցությանը»

«Ազատություն». - Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, որ չնայած ուկրաինական վիթխարի կոնֆլիկտին, Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի համապարփակ լուծմանը հասնելու համար։ Եթե խումբը կրկին հանդիպի, ո՞րն է այն առաջարկը, որ Վաշինգտոնը պատրաստվում է բերել քննարկման:

Լին Թրեյսի. - Մեկնակետը հետևյալն է` մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մեր ռուս գործընկերների արձագանքը չենք լսել: Բայց, կարծում եմ, դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին: Բայց առաջին քայլը մենք ակնկալում ենք Ռուսաստանից, և դա Ռուսաստանի վերադարձն է այս ձևաչափին իր մասնակցությանը:

Պետք է դիտարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը իր ուրույն համատեքստում

«Ազատություն». - Դուք բազմիցս հայտարարել եք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված , ու որ այն դեռ պետք է կարգավորվի։ Թույլ տվեք հարցնել՝ Դուք ինչպիսի՞ կարգավիճակ եք պատկերացնում։

Լին Թրեյսի. - Գիտե՞ք, դա շատ բարդ, դժվարին հարցերի մի խումբ է: Ու ես, իհարկե, չեմ ցանկանում որևէ կերպ կանխորոշել որևէ արդյունք կամ բանակցային դիրքորոշում: Այն, ինչ մենք պատրաստ ենք անել որպես Միացյալ Նահանգներ` աջակցելն է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին, քննարկումներին, աջակցելն է այնպիսի բանակցություններին, որ մենք տեսանք հուլիսի 16-ին Թբիլիսիում երկու երկրների արտգործնախարարների միջև: Բայց կրկին, ինչպես ասացի` դա բարդ և դժվար է, և շատ տնային աշխատանք կա անելու: Եվ պետք է զգույշ լինել այս հարցում կոնկրետ լուծում կամ արդյունք չկանխորոշելու համար։​

«Ազատություն». - Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ «ժողովուրդների ինքնորոշումը համապարփակ կարգավորման հասնելու առանցքային, թեև ոչ միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքն է»։ Այնուամենայնիվ, Կոսովոյի դեպքում, օրինակ, ԱՄՆ-ի համար այն առաջնային էր։ Չե՞ք կարծում, որ սա անորոշություն է ստեղծում և երկակի ստանդարտների համար մեղադրանքների առիթ տալիս։​

Լին Թրեյսի. - Կարծում եմ, որ մենք պե՛տք է դիտարկենք այլ մոդելներ, բայց պետք է նայենք նաև այն հանգամանքներին, որոնք առկա են կոնկրետ դեպքում, որի մասին մենք խոսում ենք: Վստահ չեմ, որ ես այստեղ տեսնում եմ երկակի ստանդարտներ: Ավելի շուտ տեսնում եմ , որ մենք պետք է դիտարկենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը իր ուրույն համատեքստում, իր ուրույն պատմության մեջ: Տեղեկացված լինելով, թե ինչպես են լուծվել այլ հակամարտություններ, ի վերջո, կարծում եմ, մենք պետք է նկատի ունենանք պայմանները, պատմությունը, որոնք առնչվում են ա՛յս հակամարտությանը:

«Ազատություն». - Ադրբեջանը սկսեց 44-օրյա պատերազմը՝ չնայած միջնորդ երկրների հայտարարություններին, թե հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ուժի կիրառումն անընդունելի է։ Սակայն նախագահ Ալիևը հրապարակավ հայտարարում է, որ խնդիրը լուծել է ուժով։ Ինչո՞ւ այս դեպքում Արևմուտքը չի դատապարտում ուժի կիրառումը այնպես, ինչպես դա անում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պարագայում։

Լին Թրեյսի. - Այն, ինչ ես կմատնանշեմ, դա միայն փաստն է, որ չնայած Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ, որը մեծ ուշադրություն է գրավել աշխարհում, Միացյալ Նահանգները շատ կենտրոնացած է նաև այս տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վրա: Կարծում եմ, որ դա արտացոլվել է հեռախոսազանգերի, շփումների մեջ, որոնք մենք տեսել այս վարչակազմի` իշխանություն ստանձնելուց ի վեր: Դրանք պարբերաբար տեղի ունեցող հեռախոսազրույցներ են մեր կառավարության ամենաբարձր մակարդակի ներկայացուցիչների և տարածաշրջանի կառավարությունների միջև, մայիսին արտգործնախարարի այցն էր, պետքարտուղար Բլինքենի վերջին հեռախոսազրույցը, ինչը ցույց է տալիս Միացյալ Նահանգների, պետքարտուղարի հանձնառությունը` փորձել խուսափել հակամարտությունների վերադարձից, քննարկումները պահել ուշադրության կենտրոնում, գրանցել առաջընթաց և անել դա դիվանագիտական ճանապարհով:

«Ազատություն». - Այս պահին հայկական կողմը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահները պնդում են, որ հակամարտությունը դեռ լուծված չէ, իսկ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ այն կարգավորված է, և միջնորդներին ուղարկում է թոշակի։ Արդյո՞ք սա փակուղի չէ։ Իսկ եթե ոչ, ապա ի՞նչ լուծում եք տեսնում։

Լին Թրեյսի. - Մենք շարունակում ենք Մինսկի խումբը տեսնել որպես ձևաչափ, հարթակ, որն ունի միջազգային մանդատ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Մենք կշարունակենք ուղիներ փնտրել այդ ձևաչափն օգտագործելու համար: Բայց մենք նաև երկկողմ ձևաչափով ենք աշխատում` տարածաշրջանի կողմերի հետ, համակարգում ենք մեր ջանքերը ԵՄ մեր գործընկերների հետ։ Կարծում եմ` սրանք էլ այլ ուղիներ են` ի լրումն Մինսկի խմբի: Բայց, ինչպես ասացի, այս շատ դժվարին ու խրթին հարցերում մենք ցանկանում ենք ուշադրությունը պահել դիվանագիտական լուծումների վրա:

Գերիների վերադարձը այն խնդիրներից է, որոնց պետքարտուղարը, ամերիկացի այլ պաշտոնյաներ հետևողականորեն անդրադարձել են

«Ազատություն». - Մի քանի ամիս առաջ, հիշում եմ, Ձեր հոդվածում գրել էիք. - «Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել արագ և անվտանգ վերադարձնել [Ադրբեջանում պահվող] կալանավորներին: Մենք դատապարտում ենք հակամարտության հետ կապված վայրագությունները։ Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ Միջազգային կառույցների բազմաթիվ արժանահավատ զեկույցներ կան հայ զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների մասին։ Լսե՞լ եք որևէ դեպքի մասին, երբ մեղավորները պատասխանատվության են ենթարկվել:​

Լին Թրեյսի. - Նախ թույլ տվեք նշել, որ բոլոր բանտարկյալների և կալանավորների վերադարձը այն խնդիրներից է, որին պետքարտուղարը, պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը, ամերիկացի այլ պաշտոնյաներ հետևողականորեն անդրադարձել են տարածաշրջանի ղեկավարների հետ իրենց շփումներում: Մեզ համար սա մարդասիրական խնդիր է, և մի հարց, որը շատ կարևոր է համապարփակ կարգավորման հասնելու համար, որը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ: Ինչ վերաբերում է պատերազմական հանցագործությունների կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին զեկույցներին, կարծում եմ՝ մենք դրան անդրադարձել ենք մարդու իրավունքների մեր տարեկան զեկույցում: Մենք շարունակում ենք հետևել դրան՝ որպես շատ կարևոր թեմա։ Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունն անշուշտ միջազգային հարթակներում հետամուտ է այս հարցին: Մենք պարբերաբար զրույցներ ենք ունենում նրանց հետ այս հարցի շուրջ առաջընթացի վերաբերյալ։ Եվ ես կարծում եմ, որ դա մի հարց է, որին պետք է շատ ուշադիր հետևել: Մենք հետևում ենք հակամարտության բոլոր կողմերի գործողություններին՝ երաշխավորելու պատասխանատվություն մարդու իրավունքների ցանկացած կոպիտ խախտման համար:

«Ազատություն». - Վերադառնալով գերիների և կալանավորների խնդրին, որը, ինչպես գիտեք, շատ զգայուն հարց է հայերի համար։ Բացի հայտարարություններից ու կոչերից, Վաշինգտոնն ուրիշ ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել` հայ գերիների անվտանգ վերադարձին աջակցելու համար։​

Լին Թրեյսի. - Մեկ տարի առաջ մենք հաջողություն ունեցանք որոշ բանտարկյալների ազատ արձակման հարցում, ինչպես որ հաջողություն ունեցան նաև այլոք: Սա պետք է մնա մի ոլորտ, որտեղ մենք փնտրում ենք հնարավորություններ, հնարավորությունների պատուհաններ՝ ազատ արձակման ուղղությամբ որոշակի առաջընթաց գրանցելու համար: Մենք, անշուշտ, փնտրում ենք հնարավորություններ,թե երբ կարող է հարմար պահ լինել` օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները դյուրին դարձնելու, առաջ գնալու և քայլ անելու` այդ բանտարկյալների և կալանավորների ազատ արձակման համար:

«Ազատություն». - Եթե չեմ սխալվում, գոյություն ունի ԱՄՆ դեսպանների հիմնադրամ, որը պահպանում է մշակութային ժառանգությունը ամբողջ աշխարհում՝ աջակցելով նաև Հայաստանին։ Հնարավո՞ր է՝ այդ հիմնադրամը պաշտպանի հայկական մշակութային ժառանգությունը այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։​

Լին Թրեյսի. - Երևանում գտնվող հիմնադրամը, որը կառավարվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից, պատասխանատու է այն գործողությունների, առաջարկների համար, որոնք լինում են Հայաստանի տարածքում: Ես իսկապես չեմ կարող խոսել կամ կանխորոշել, թե ինչ կարող է անել հիմնադրամը այլ տարածքներում։ Մեր պատասխանատվությունն այստեղ առաջին հերթին Հայաստանն է, և մենք փնտրում ենք առաջարկներ, որոնք գալիս են Հայաստանի ներսից։

Սյունիքը մեծապես իր վրա է վերցրել պատերազմի բեռն ու հետևանքները

«Ազատություն». - Ձեր դիվանագիտական առաքելության ընթացքում մենք Ձեզ հաճախ ենք տեսել Սյունիքի մարզում։ Դուք այդտեղ ռիսկե՞ր եք տեսնում։ Օրինակ, վերջերս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել էր՝ զերծ մնալ Հայաստանի հետ իր երկրի սահմանը «փակելու» փորձերից: Կա՞ արդյոք դրա վտանգը։

Լին Թրեյսի. - Կարծում եմ, որ Սյունիքը մեծապես իր վրա է վերցրել պատերազմի բեռն ու հետևանքները: Դա միակ վայրը չէ, որ կրել է պատերազմի հետևանքները, բայց իր աշխարհագրական դիրքի պատճառով Սյունիքը, անվտանգության տեսանկյունից, եղել է շատ խորը և տեղին մտահոգությունների կենտրոնում: Միաժամանակ, ելնելով իմ ուղևորությունների փորձից, ես տեսնում եմ դրական զարգացումներ, որոնք ինձ լավատեսության առիթ են տալիս Սյունիքի ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ՝ մարզպետը շատ ակտիվ է և դիտարկել է սոցիալական և զարգացման առաջնահերթությունները, որոնք կարող են օգնել Սյունիքի վերականգնմանը: Իմ զգացողությամբ՝ սա մի վայր է, ուր մարդիկ կարող են այցելել, հաշվի առնելով, իհարկե, փոփոխությունները` կապված որոշ ճանապարհների հետ: Բայց, ընդհանուր առմամբ, հաշվի առնելով անվտանգության հետ կապված իրավիճակը, միաժամանակ Սյունիքում շատ դրական ու լավ բաներ են կատարվում, որոնք, ինչպես ասացի, ինձ լավատեսության առիթ են տալիս։​

«Ազատություն». - Այնուամենայնիվ, եթե իրականություն դառնա անվտանգության ռիսկը, որը շատերն են տեսնում այնտեղ, Ձեր ակնկալմամբ՝ Վաշինգտոնն ինչպե՞ս կարձագանքի:

Լին Թրեյսի. - Չեմ ուզում հիպոթետիկ իրավիճակներից խոսել կամ ենթադրություններ անել: Կարծում եմ` սա է պատճառը, որ մենք այդքան կենտրոնացած ենք դիվանագիտական ուղու վրա և պահպանում ենք ուղիղ շփումները` խրախուսելու առաջընթացը մի շարք ճակատներում՝ խաղաղ բանակցություններ, սահմանային հանձնաժողով, տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակում: Կարծում եմ, որ սա տարածաշրջանում բոլորի անվտանգության լավագույն երաշխիքներից մեկն է:

«Ազատություն». - Վերջերս Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենն այցելեց Հայաստան, ինչը բավականին անակնկալ իրադարձություն էր։ Ի՞նչն էր աշխարհքաղաքական այս բարդ իրավիճակում ամերիկյան հետախուզության ղեկավարին բերել Հայաստան:

Լին Թրեյսի. - Դե, Հեղինե, ես մեկնաբանություն չունեմ հետախուզության հետ կապված հարցերի վերաբերյալ: Այսքանով կսահմանափակվեմ:​

Շատ ամուր հարաբերություններ Հայաստանի իրավապահ մարմինների և ՀԴԲ-ի միջև

«Ազատություն». - Անդրադառնանք Հայաստանի ներքին քաղաքականությանը: 2018-ի հեղափոխությունից հետո Վաշինգտոնը խոստացել էր օգնել Հայաստանի կառավարությանը՝ վերադարձնելու գողացված ակտիվները: Կա՞ն արդյոք հստակ քայլեր այս ուղղությամբ։ Եվ, օրինակ, եթե ԱՄՆ իշխանությունները որոշեն բռնագրավել Հայաստանի ֆինանսների նախկին նախարարի` Կալիֆորնիայում գտնվող առանձնատունը, արդյոք այդ գումարը կվերադարձվի՞ Հայաստան։

Լին Թրեյսի. - Ես չեմ ուզում մեկնաբանել կոնկրետ իրավական գործողությունները, որոնք ընթացքի մեջ են։ Բայց կնշեմ, որ 2018 թվականից ի վեր ոլորտներից մեկը, որի շուրջ մենք իսկապես լավ համագործակցություն ենք հաստատել, քաղաքացիական ակտիվների բռնագրավումն է և հետապնդումը, ակտիվների, որոնք անօրինական կերպով դուրս են տարվել: Մենք շատ ամուր հարաբերություններ ենք ստեղծել Հայաստանի իրավապահ մարմինների և Հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև: Մենք օգնել ենք այն հարցում, թե ինչպես հետամուտ լինել այդ ակտիվներին Միացյալ Նահանգներում: Եվ մենք շարունակում ենք կանոնավոր կերպով զրուցել, միասին աշխատել այս տեսակ հարցերի շուրջ, որոնք, գիտենք, կարևոր են հայերի համար:​

«Ցույցերի հետ կապված տեսանք որոշ մտահոգություններ»

«Ազատություն». - Հայաստանյան ընդդիմությունը քննադատում էր Ձեզ Հայաստանում իրավունքների և ազատությունների ոտնահարումների վրա աչք փակելու համար։ Վերջերս Դուք ինքներդ հայտարարեցիք, որ մտահոգություններ կան ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ, որոնք պետք է հետաքննվեն։ Հետևե՞լ եք այդ գործընթացին։ Ձեզ գոհացնո՞ւմ է կառավարության արձագանքը։

Լին Թրեյսի. - Կարծում եմ, կան որոշ հետաքննություններ, որոնք շարունակվում են։ Ես չեմ տեսել դրանց եզրակացությունները: Ես այդ հարցերը պարբերաբար բարձրացնում եմ կառավարության հետ իմ շփումներում, բայց հասկանում եմ, որ երբեմն հետաքննությունները ժամանակ են պահանջում: Այնպես որ, չեմ ուզում ժամանակից վաղ դատողություններ անել: Նշեմ նաև, որ անհամաչափ ուժի կիրառման ցանկացած դեպք հետաքննելու կոչերին զուգահեռ, միանշանակ աջակցելով քաղաքացիների` ցույցերի և բողոքների իրավունքին, մենք նաև ակնկալում ենք, որ դրանք խաղաղ բնույթ պետք է կրեն և ընթանան առանց որևէ բռնության։ Կարծում եմ, որ այդ առումով մենք ցույցերի հետ կապված տեսանք որոշ մտահոգություններ: Սա այն ոլորտն է, որտեղ, կարծում եմ, ժողովրդավարությունը ամենուրեք էլ մարտահրավերների է բախվում, խնդիրը միայն Հայաստանում չէ: Իրավապահ մարմինների` կարգուկանոն պահպանելու և քաղաքացիների խաղաղ բողոքի ցույցի իրավունքը հարգելու անհրաժեշտության միջև հավասարակշռության հետ կապված խնդիրներ կան ամենուր: Դա շարունակական գործընթաց է։ Այս առումով, մեր Անկախության օրվա առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ ես նշեցի` ժողովրդավարությունը կատարելության վերջնական վիճակ չէ, ժողովրդավարությունը կառավարության կողմից իր ժողովրդի առջև հաշվետվողականության գործընթացի անընդհատ կատարելագործում ու լավարկում է: Եվ ես այստեղ իմ պաշտոնավարման ընթացքում` ոչ միայն վերջին մի քանի ամիսների, այլ` ավելի քան երեք տարիների ընթացքում, խրախուսել եմ կառավարությանը՝ հաշվետու լինել, ձգտել բարելավել կառավարման ինստիտուտները, իրավապահ մարմինները: Սրանք ոլորտներ են, որոնց վրա մենք աշխատում ենք ուղիղ Հայաստանի կառավարության հետ, այդ թվում՝ ոստիկանության բարեփոխումների շուրջ: Եվ մենք շատ հպարտ ենք դրանով։ Բայց, ինչպես ասացի, դա շարունակական գործընթաց է, անհրաժեշտ է, որ անընդհատ քննես ինքդ քեզ ու հաշվետու լինես:

«Ազատություն». - Վերջերս Հայաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպմանը Դուք խոսել էիք հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների պայմանագիրը վերանայելու և թարմացնելու մասին: Ի՞նչ փոփոխություն կարելի է ակնկալել։​

Լին Թրեյսի. - Այս առումով զրույցներ եմ ունեցել նաև մի քանի նախարարների հետ, ովքեր աշխատում են տնտեսության, ֆինանսների և ներդրումների ոլորտներում: Կարևոր էր զարգացնել մի շատ կարևոր աշխատանք, որով զբաղվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության իմ գործընկերները՝ աջակցել Հայաստանի տնտեսական աճին ու զարգացմանը: Դրա մյուս մասը վերաբերում է արևմտյան ներդրումների ներգրավմանը: Հայաստանում կան ամերիկյան ներդրումներ, բայց կցանկանայինք ավելին տեսնել։ Եվ մենք, մասնավորապես, քննարկում էինք, թե ինչպես երաշխավորել ներդրողների համար արդար և հավասար դաշտ, որ ներդրումների կանոնները լինեն թափանցիկ և կանխատեսելի:

«Վերջին երեքուկես տարում հայերը ցույց տվեցին ակնառու տոկունություն»

«Ազատություն». - Իմ վերջին հարցը: Այս տարի մենք նշում ենք հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մինչ մարտահրավերները ժամանակի հետ մեծանում և խորանում էին, Դուք ձեր ելույթներում նշում էիք, որ չնայած այդ ամենին՝ շարունակում եք տեսնել Հայաստանի պայծառ ապագան՝ ինքնիշխան, բարգավաճ պետություն, որը հաշվետու է իր ժողովրդի առջև և անվտանգ իր հարևանների հետ: Դա բարի ցանկությո՞ւն է լոկ, թե՞ լավատեսության հիմքեր, այնուամենայնիվ, կան։​

Լին Թրեյսի. - Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պատմությունը ավելի քան 30 տարվա վաղեմություն ունի… Բայց, գիտե՞ք, այս տարեդարձը առիթ է խորհելու, հատկապես ինձ համար: Վերջին երեքուկես տարում, չնայած շատ դժվար ժամանակներին՝ համաճարակ, պատերազմ և այլ տեսակի մարտահրավերներ, որոնք կարող էին որևէ այլ երկրի ամբողջովին ծնկի բերել, հայերը ցույց տվեցին ակնառու տոկունություն: Եվ երբ ես ասում եմ տոկունություն, նկատի ունեմ, թե ինչպես է հայ ժողովուրդը հրադադարից հետո շարունակում կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ է ուզում իր իշխանությունից, ինչ է ակնկալում նրանից` հաշվետվողականության առումով: Նրանք Հայաստանի պատմության մեջ ամենաազատ և արդար ընտրություններն անցկացրին 2021 թվականի հունիսին` դա շատ, շատ դժվար ժամանակներում էր: Բարեփոխումների առաջընթացը, որը Հայաստանը գրանցել է որոշ առանցքային ոլորտներում, ինչպիսին են իրավապահ համակարգը, ոստիկանության պարեկային ծառայությունը, այս բարեփոխումները շարունակվեցին համաճարակի ու պատերազմի ընթացքում: Հայաստանն անցած ամառ հաջողեց ոստիկանության նոր պարեկային ծառայություն դուրս բերել փողոցներ։ Եվ արդյունքները, որոնք մենք տեսնում էինք, արձագանքները, որ մենք ստանում էինք հայաստանցիներից, ցույց են տալիս, որ այս բարեփոխումը շատ դրական է ընդունվել, և հիմա էլ ընդլայնվում է Երևանից դեպի մարզեր՝ Շիրակ և Լոռի, և սպասում ենք երկրորդ փուլին։

Նման զարգացումներով եմ գալիս այն համոզմանը, որ չնայած զգալի մարտահրավերներին՝ հայերը կենտրոնացած են իրենց ապագայի վրա: Եվ ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն է այս բոլոր զարգացումների շարժիչ ուժը, մարդիկ, ովքեր, ինչպես ասացի, աչքի են ընկնում իրենց աներևակայելի տոկունությամբ, ստեղծագործական ձիրքով, համառությամբ, իրենց՝ երկրի ապագայի վրա կենտրոնացածությամբ։ Եվ դա Հայաստանի ապագայի վերաբերյալ իմ լավատեսության հիմնական աղբյուրն է։​

«Ազատություն». - Շատ շնորհակալություն, տիկին դեսպան։ Հաճելի էր Ձեզ մեր տաղավարում հյուրընկալելը։

Լին Թրեյսի. - Շնորհակալություն: Հաճելի էր այսօր Ձեզ հետ լինելը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG