Մատչելիության հղումներ

Անկարան Երևանից հստակ քայլեր է ակնկալում և երկու նախապայման ներկայացնում


Անկարան Երևանից հայտարարություններից զատ հստակ քայլեր է ակնկալում, այսօր ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հայկական կողմին մեղադրելով գործընթացի ձգձգման համար և երկու հստակ նախապայման առաջ քաշելով։ Երկուսն էլ կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։

Մևլյութ Չավուշօղլուն այսօր TRT Haber-ի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այսպես կոչված`«Զանգեզուրի միջանցքի» բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում:

«Ադրբեջանը և մենք անկեղծ ենք: Թե ինչքանով է անկեղծ Հայաստանը, ուզում ենք գործնականում տեսնել: Մինչ այժմ ազդակներ կան, հայտարարություններ կան: Ճիշտ է, ճնշում էլ կա: Դրսից սփյուռքի ճնշումը, ներսից էլ մոլեռանդ խմբերի: Սակայն Հայաստանի կողմից դեռ հստակ քայլեր չենք տեսնում Զանգեզուրի և այլ ծրագրերի հարցում կամ խաղաղության պայմանագրի: Այսինքն` Հայաստանի ղեկավարությունը` Փաշինյանի գլխավորությամբ, խաղաղության համար պետք է դրական քայլեր անի: Միայն խոսքերը բավարար չեն», - ասել է նա։

Չավուշօղլուի խոսքով` ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի մոտեցումն ու առաջարկները հայտնի են, Թուրքիայի դիրքորոշումը ևս պարզ է, հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, բանակցությունները շարունակվում են, վստահության բարձրացմանը միտված քայլեր են ձեռնարկվել, և հիմա ժամանակն է` Հայաստանն էլ ցույց տա, որ խաղաղություն է ուզում:

Այնինչ, Հայաստանի ղեկավարությունը բազմիզս հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության գնալ: Ավելին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած ամիս իր առցանց ասուլիսում Ադրբեջանին էր մեղադրել խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում խոչընդոտներ ստեղծելու համար։

Թեև հայ և թուրք բանագնացների բոլոր չորս հանդիպումներից հետո Երևանն ու Անկարան վերահաստատել են պատրաստաակմությունը` բանակցությունները շարունակելու առանց որևէ նախապայմանի, Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր բացահայտ ասել է, թե հայ-թուրքական կարգավորումը, ըստ էության, եռակողմ գործընթաց է, քանի որ իրենց քայլերը Ադրբեջանի հետ են համակարգում:

«Հայաստանին դուր է գալիս, թե ոչ, սա է իրականությունը: Մենք մեկ ազգ` երկու պետություն ենք: Այդ պատճառով, եթե տարածաշրջանում խաղաղություն է լինելու, բոլորը պետք է քայլեր անեն, այդ թվում` Վրաստանը, Միջին Ասիայի երկրները: Հայաստանից էլ այս հարցում կոնկրետ քայլեր ենք ակնկալում, լինեն դրանք Զանգեզուրի, համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում, թե մեզ ուղղված քայլեր», - շեշտել է նա:

Մինչդեռ, պաշտոնական Երևանը մշտապես հայտարարում է, թե հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական բանակցությունների հետ կապելը, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին Անկարայից հնչող պնդումները չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: Օրերս Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» եթերում ասել էր, թե Հայաստանը պատրաստ է հենց վաղը բացել Թուրքիայի հետ սահմանները և դիվանագիտական հարաբերություններ հաստատել։

«Եթե դա տեղի չի ունենում վաղը, և եթե Հայաստանը պատրաստ է դրան, դա նշանակում է, որ դրա իրագործումը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից այս պահին, որովհետև Հայաստանն ակնհայտորեն այդ քաղաքական կամքն ունի», - նկատել էր ԱԺ փոխխոսնակը:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», որի մասին անընդհատ խոսում են Անկարան ու Բաքուն, ապա Երևանը շարունակ հայտարարել է, որ մերժում է միջանցքային տրամաբանությունը։ Հունիսին Երևանում Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, և հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող։ Օրերս էլ Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին էր Էրդողանի և Պուտինի հետ զրույցներում զգուշացրել՝ Թեհրանը չի հանդուրժի «Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու հնարավոր ծրագրերն ու քաղաքականությունը»։

Չավուշօղլուն այսօրվա հարցազրույցում հիշեցրել է վերջերս կայացած Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին՝ ասելով, որ դրա ընթացքում Թուրքիայի նախագահը ներկայացրել է Անկարայի տեսակետները: Անցած շաբաթ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահն առաջին անգամ զրուցել էին հեռախոսով և հույս հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնել։ Թե երբ սա տեղի կունենա, ոչ Երևանը, ոչ էլ Անկարան դեռ չեն հստակեցնում։ Բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչի խոսքով` կարևոր է, որ Թուրքիայի հետ առաջին պայմանավորվածությունները շատ արագ իրագործվեն:

«Եթե դրանք արագ իրագործվում են, դա մեծապես օգնում է վստահության ամրապնդմանը, եթե չեն իրագործվում, հակառակը` շատ խաթարում է այդ վստահությունը: Եվ ես հույս ունեմ, որ շատ արագ այդ պայմանավորվածությունները կիրագործվեն», - օրեր առաջ ասել էր Ռուբեն Ռուբինյանը:

Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Չավուշօղլուի հայտարարություններին։ Շուրջ վեց ամիս ընթացող հայ - թուրքական բանակցությունների միակ առարկայական արդյունքն այս պահին ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG