Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները Արևմուտքին մեղադրում են հայաստանյան իրադարձությունները չդատապարտելու ու երկակի ստանդարտներ կիրառելու համար


Ընդդիմության ցույցը Հանրապետության հրապարակում, 17-ը մայիսի, 2022

Արդեն կես ամսից ավելի փողոցային պայքար սկսած ընդդիմությունն արևմտյան երկրներին, այդ թվում Միացյալ Նահագներին, մեղադրում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չդատապարտելու ու երկակի ստանդարտներ կիրառելու համար:

Ընդդիմադիրները երեք շաբաթ շարունակ հայտարարում են, թե Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ ոստիկաններն անհամաչափ ու բիրտ ուժ են կիրառում. - «Դուք ձեր լռությամբ նպաստում եք, որպիսի Հայաստանում լինի բռնապետություն» (Իշխան Սաղաթելյան)։

Ֆրանսիայի հրապարակում Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը երեկվա հանրահավաքին հայտատարեց, որ իրենք պատրաստ են հանդիպել Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ մանրամասն ներկայացնելու երկրում ստեղծված իրավիճակը։

Արդյո՞ք Միացյալ Նահանգների ու Եվրամիության դեսպանները ծրագրում են հանդիպել ընդդիմադիրներին։ «Ազատության» հարցմանն ի պատասխան ԵՄ պատվիրակությունից արձագանքել են, որ իրենք կապի մեջ են բոլոր կողմերի հետ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից դեռ չեն արձագանքել։

«Հարգարժան դեսպանին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, վերջ տվեք երկակի ստանդարտներին», - կոչ էր արել Սաղաթելյանը։

Ընդդիմադիր առաջնորդին վրդովեցրել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցը, որտեղ Լին Թրեյսին խոսել էր 2018-ին Հայաստանի որդեգրած ժողովրդավարական արժեքների մասին։ Այսօր պարզ դարձավ, որ հարցազրույցն «Արմենպրեսը» նախքան ընդդիմության անհնազանդություններն էր արել՝ ապրիլի 29-ին, ամբողջական տարբերակը հրապարակվեց միայն այսօր։

«Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ», - ասել է Լինն Թրեյսին:

«Երեկ ես կոնկրետ անդրադարձել եմ Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությանը, քանի որ ինքն էր արձագանքել, հասցեական արձագանքել եմ հարգելի դեսպանի հայտարարությանը։ Ու շատ հստակ եմ անդրադարձել այս ամեն ինչին։ Մենք գտնում ենք, որ առհասարակ բոլոր նրանք, ովքեր լռում են այն ապօրինությունների համար, ինչ տեղի է ունենում մեր Հայաստանում, իրենք նպաստում են, որ այլևս Հայաստանում ժողովրդավարություն չլինի», - ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մյուս ընդդիմադիր ուժի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ չի հասկանում, թե ինչո՞ւ են արևմտյան երկրների դեսպանները լռում, ընդդիմության պնդմամբ՝ համատարած բռնության դեպքերի մասին. - «Այդ լռությունը հանցակից է դարձնում: Ես համարում եմ, ավելի ճիշտ՝ հույս ունեմ, որ այս պահին խոսքը բյուրոկրատական դանդաղկոտության վերաբերյալ։ Սա ես ընդամենը անմեղության կանխավարկած եմ թողում, թեպետ իմ համեստ փորձը միջազգային կառույցների հետ աշխատանքի հուշում է, որ ցանկության պարագայում կարելի է շատ արագ, շատ հասցեական արձագանքել»։

Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան

Ինչո՞ւ են ընդդիմադիրները միայն արևմտյան երկրներին քննադատում գնահատականներ չտալու համար, ինչո՞ւ խոսք չկա Ռուսաստանի Դաշնության մասին։ Մամիջանյանը պարզաբանում է. - «Որևէ այլ ենթատեքստ փնտրելու խնդիր չկա։ Իրենք սովորաբար նման հայտարարություններով հանդես չեն գալիս, ի տարբերություն Ամերիկայի, եվրոպական երկրների և այլն, և այլն»։

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ավելի վաղ իշխանություններին հորդորել էին զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին՝ զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը։

«Ի տարբերություն Նիկոլի, մենք Մոսկվայում չենք բամբասում ամերիկացիներից և եվրոպացիներից, իսկ Վաշինգտոնում և Բրյուսելում՝ Մոսկվայից», - հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմությունը հանրահավաքի ընթացքում արևմտյան երկրներին քննադատելու ֆոնին ևս մեկ անգամ շեշտեց, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Միացյալ Նահանգներն ու Եվրամիության երկրները՝ կարևոր գործընկերներ. - «Ուստի երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին տեր ենք, բայց նաև տեր ենք ստանձնած միջազգային իրավունքներին» (Հայկ Մամիջանյան)։

Ռուս-ուկրաինական պատերազմի ելքը չի կարող փոխել իրենց դիրքորոշումը, ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Ինչպե՞ս է տեսնում գործակցությունը Ռուսաստանի հետ մյուս ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան
Սաղաթելյանը. - «Դուք հիմա մի բան եք ասում՝ եթե ռուս-ուկրաինական պատերազմը մի ելք ունենա, որի արդյունքում Ռուսաստանը թուլանա… բաներ եք ասում, որ հեռանկարի հետ կապված էս պահին ամբողջական էդ հարցերի պատասխան տալը դժվար է»։

Ընդդիմությունը խոստանում է իշխանափոխության դեպքում ժամանակավոր կառավարություն ձևավորել, որը կղեկավարի մեկից մեկուկես տարի։ Թե ովքեր կլինեն այդ կառավարության կազմում, ընդդիմադիրները դեռ հստակ անուններ չեն նշում, ասում են՝ փորձառու մասնագետների 250 հոգանոց ցանկ են կազմել։

XS
SM
MD
LG