Մատչելիության հղումներ

Քաղաքագետը չի բացառում՝ հնարավոր է Ուիլյամ Բըրնսը Հայաստանում էր ռուսական կողմի հետ փակ հանդիպման համար


ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը
ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը

Հայաստանի վարչապետը երեկ ընդունել է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալութան ղեկավարին: Նիկոլ Փաշինյանը և Ուիլյամ Բըրնսը, ըստ Հայաստանի կառավարության հաղորդագրության, քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր, անդրադարձել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին:

Ուիլյամ Բըրնսը և Նիկոլ Փաշինյանը
Ուիլյամ Բըրնսը և Նիկոլ Փաշինյանը

Բըրնսի հետ հանդիպել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրանք քննարկել են Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում, ըստ հայկական կողմի, Անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։

«Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները», - ասված է հաղորդագրության մեջ։

Բըրնսի և Արմեն Գրիգորյանի հանդիպումը
Բըրնսի և Արմեն Գրիգորյանի հանդիպումը

Պետական գերատեսչությունների հաղորդագրությունները հակիրճ են, ամերիկացի նման բարձրաստիճան պաշտոնյայի անակնկալ այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Թե կոնկրետ ի՞նչ պատճառով է առաջին անգամ Հայաստան ժամանել Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրենը, ամերիկյան կողմն էլ չի հայտնում։ Գործակալության մամուլի ծառայությունից «Ազատությանը» գրավոր հայտնել են, թե տնօրենի հանդիպումների օրակարգը չեն մեկնաբանում։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ այցի նպատակը Հայաստանին առնչվող հարցերը չեն։

«Ինչքանով ես եմ պատկերացնում Կենտրոնական հետախուզական գործակալության գործառույթները և առավել ևս գործակալության տնօրենի գործառույթները, դժվար թե Հայաստանին առնչվող որևէ խնդիր պատճառ դառնար, որպեսզի գործակալության տնօրենը այցելեր Հայաստան կամ առնվազն Հայաստանի հետ առնչվող խնդիրները՝ լինի դա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթաց, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ, Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներ, առնվազն այս ամենը չէին կարող լինել հիմնական պատճառ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրենի այցի», - նշեց քաղաքագետը:

Բենիամին Պողոսյան
Բենիամին Պողոսյան

Պողոսյանն ասում է՝ միայն կարելի է ենթադրել, թե ինչո՞ւ է առաջին անգամ Հայաստան ժամանել Միացյալ նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրենը։ Քաղաքագետը չի բացառում՝ հնարավոր է Բըրնսը Հայաստանում էր ռուսական կողմի հետ փակ հանդիպման համար՝ ռուս պաշտոնյաների հետ քննարկելու Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները։

66-ամյա ամերիկացի պաշտոնյան 2005-ից 2008 թվականներին եղել է Ռուսաստանում Միացյալ նահանգների դեսպանը։ Երեկ Երևան նրա ժամանման մասին առաջինը հենց ռուսական պետական լրատվամիջոցները հաղորդեցին՝ իրենց դիվանագիտական աղբյուրներին հղում տալով, իսկ հայաստանյան պետական գերատեսչությունները ժամեր շարունակ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էին Բըրնսի այցի մասին լուրը։

«Իրանի հետ կապված այնքան էլ վստահ չեմ, որովհետև դժվար թե եթե անհրաժեշտ լինել Իրանի հետ անցկացնել փակ հանդիպում, ընտրվեր Հայաստանը որպես վայր, որը հասկանալի է՝ ռուսական որոշակի վերահսկողության գոտում է, այլ՝ ռուսական կողմի հետ ինչ-որ փակ հանդիպում անցկացնելու և քննարկումներ ունենալու, ես չէի բացառեի: Կարծում եմ, ամեն դեպքում, երևի թե ինչ-որ փակ կոնտակտներ Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կան Ուկրաինայի հետ կապված: Իհարկե, նաև բաց կոնտակտներ կան, հիշենք, որ փետրվարի 24-ից հետո գոնե մեկ անգամ հրապարակայնորեն հաղորդվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների հեռախոսզրույցի մասին: Սակայն հասկանալի է, որ փակ ձևաչափով քննարկումները շարունակվում են», - ընդգծեց քաղաքագետը:

Հայաստանն է ընտրվել ռուս-ամերիկյան քննարկումների համար, քանի որ, ըստ Պողոսյանի, Երևանը, չնայած Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, փորձում է հարաբերություններ պահպանել Եվրաատլանտյան կառույցների հետ։

Բըրնսը Հայաստանում է եղել նաև 2011-ին, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալն էր։

XS
SM
MD
LG