Մատչելիության հղումներ

Ռուսական կողմն ընդունել է, որ իր պարտավորությունը չի կատարել. նախագահը` Փառուխի միջադեպի մասին


Նախագահ Վահագն Խաչատրյանը Ռուսաստանում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ռուսական կողմն ընդունել է, որ թերացել է իր խաղաղապահ առաքելությունն իրականացնելիս՝ հանգեցնելով Փառուխի միջադեպին:

«Քանի որ լարված օրերին ես էլ եմ մասնակից եղել այդ քննարկումներում, մենք շատ կոշտ դիրքորոշում ենք ցուցաբերել, և այդ դիրքորոշման արդյունքում ի վերջո ռուսական կողմն ընդունեց, որ այդտեղ բացթողում կա, և հիմա իրենք ներքին քննություն են անցկացնում` հասկանան` պատճառն ինչ է, բայց իրենք ընդունեցին, որ իրականում իրենց պարտավորությունը չեն կատարել: Դա հրապարակավ պետք էլ չէր ասել, մենք դրա կարիքը չունենք, որովհետև մենք ուղղակի ներքին զուտ պայմանավորվածությունների շրջանում է այդ քննարկումը եղել, իրենք ընդունել են, որ իսկապես ինչը, որ խաղաղապահները պիտի անեին, չեն արել», - ասել է նախագահը:

Դրությունը Լեռնային Ղարաբաղում կրկին սրվել էր ամիսներ առաջ՝ մարտի վերջին, երբ ադրբեջանական զինուժը խախտել էր շփման գիծը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ, հայկական կողմը զոհեր տվեց։ Մոսկվան և Բաքուն միմյանց էին մեղադրում, Ռուսաստանը ադրբեջանական կողմին կոչ էր անում հետ քաշել զորքերը, Ադրբեջանը հակադարձում էր` «ափսոսանք» հայտնելով, թե ռուսական զինվորական գերատեսչության հայտարարությունը «միակողմանի է» և «իրականությանը չի համապատասխանում»:

Օրեր անց Մոսկվան հաղորդեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը ստորաբաժանումները դուրս է բերել Փառուխի տարածքից։ Մինչդեռ, ըստ հայկական կողմի, Ադրբեջանի զինուժը պահպանում է Քարագլուխ լեռան հիմնական մասի վերահսկղությունը։

«Այնքան լարված է իրավիճակը, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից խնդիր է դրված, որ եթե խաղաղապահները չեն կարող մեր անվտանգությունը ապահովել, մենք վերադառնանք Հայաստան: Պատասխանը հակառակն է եղել ռուսական կողմից, որ ոչ, մենք պարտավոր ենք ապահովել ձեր անվտանգությունը, դուք պետք է մեր պայմանավորվածությունների շրջանում ապրեք այդտեղ: Սա իրենց վերջին խոսքն է եղել, ու դրանից հետո մենք տարածքային կոնֆլիկտներ, արհեստական ինչ-որ իրավիճակներ չենք ունեցել», - հավելել է նախագահ Խաչատրյանը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս Երևանում հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Փառուխի շուրջ իրավիճակի հանգուցալուծումը համարել էր ռուսական կողմի առաջնահերթություններից՝ միաժամանակ ընդգծելով, թե կա ընկալում, որ սահմանազատման՝ արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կքննարկվեն և անպայման կլուծվեն։ Բաքուն կոշտ էր արձագանքել, թե Փառուխը գտնվում է Խոջալուի շրջանում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ուստի այս հարցը չի կարող կապ ունենալ հայ-ադրբեջանական սահմանազատման հետ։ Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարությունը խմբագրեց Լավրովի խոսքերը։

Նախագահ Վահագն Խաչատրյանը Ռուսաստանում հայ համայնքի հետ հանդիպմանը պնդել է՝ նոր իրողություններից ելնելով Երևանը նախ պետք է արցախահայերի իրավունքները բարձրացնի, նոր միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Ընդ որում, նախագահը շեշտել է, թե այս դիրքորոշման հետ համաձայն է նաև Արցախի ղեկավարությունը։

Պաշտոնական Ստեփանակերտը, սակայն, հրապարակավ միայն ասում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի առաջին հերթին ժողովուրդների ինքնորոշման սկզբունքով՝ բացառելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:

«Երբ որ մենք Լավրովի հետ ամսի 9-ին հանդիպում էինք, ես հիշում եմ, որ ինքը շատ առանձնահատուկ դրա մասին խոսեց, որ մենք էլ ենք կիսում ձեր դիրքորոշումը, շնորհակալություն, որ դուք էլ եք դրան հանգել: Իմիջիայլոց, այդ տեսակետին համաձայն է եղել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը: Ես կարող եմ իրենց փոխարեն ասել, երբ որ դուք առիթ ունենաք, կհանդիպեք, մենք իրենց հետ քննարկել ենք, որ մենք գնում ենք այս ճանապարհով», - նշել է ՀՀ նախագահը:

Նախագահը մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, նախատեսված է հանդիպում նաև Վլադիմիր Պուտինի հետ։

XS
SM
MD
LG