Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը Ասկերանի շրջանի ուղղությամբ խախտել է շփման գիծը, բանակցություններ են ընթանում, հայտնում է Ստեփանակերտը


Ադրբեջանի զինված ուժերն այսօր ժամը 16:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել ադրբեջանական կողմից հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր, ասված է հաղորդման մեջ:

Տեղեկատվական շտաբից նաև հայտնում են, որ անվտանգության նկատառումներից ելնելով` այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները. «Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»:

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել հրապարակմանը:

Շուրջ մի ամիս Արցախի Խրամորթ գյուղն ադրբեջանցիների թիրախում էր՝ կրակում էին նաև ականանետից։ Իր տան բակում խաղաղ բնակիչ վիրավորվեց ադրբեջանական ականի պայթյունից. կանայք, երեխաները ստիպված հեռացան գյուղից։ Խրամորթցիներին հատկապես տագնապի էր մատնել այն, որ ադրբեջանական կողմն իրենց դիրքերին զինտեխնիկա էր մոտեցրել: Օրեր առաջ գյուղում ռուս խաղաղապահները մշտական հենակետ տեղակայեցին, դրանից հետո լուրջ միջադեպեր չէին եղել։

XS
SM
MD
LG