Մատչելիության հղումներ

Եթե ադրբեջանական ԶՈւ-ն կարևոր դիրք գրավեր, ռուսական կողմին չէր հաջողվի նրանց ետ քաշել ելման դիրքեր. քաղաքագետ


Ադրբեջանական ուժերը խախտել են շփման գիծը Մարտակերտի շրջանում, ապա վերադարձել ելման դիրքեր

Արցախի Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի ուղղությամբ առաջխաղացումից երեք շաբաթ անց ադրբեջանական ուժերը խախտել են շփման գիծը Մարտակերտի շրջանում, երեկ հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկել միջադեպը կարգավորելու ուղղությամբ։ Կեսգիշերին մոտ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ադրբեջանի զինուժը խախտել է Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մոտակայքում շփման գծի չեզոք գոտու միջդիրքային հատվածում, հավելելով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր։

Շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է

Իսկ արդեն այսօր Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց. «Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմն արդեն ամբողջությամբ վերադարձել է իր՝ մինչև վերոնշյալ միջադեպը զբաղեցրած դիրքերը։ Շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է»։

Պաշտոնական Բաքուն այս միջադեպի մասին որևէ հայտարարություն չի արել:


Արցախի մարդու իրավունքների պաշտպանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց՝ բնակչության տարհանման հարց այս պահին չի քննարկվում։

«Ադրբեջանն օգտագործում է ռուս-ուկրաինական պատերազմը տեղում ավելի նպաստավոր դիրքեր զբաղեցնելու համար»

Արցախի տեղեկատվական շտաբն իր այսօրվա հաղորդագրության մեջ նշում է նաև, որ Ադրբեջանը, Մարտակերտի ուղղությամբ որոշ քանակությամբ կենդանի ուժ առաջ քաշելով, փորձում էր բարելավել իր դիրքերը չեզոք գոտում։ Ինչո՞ւ է շարունակվում ադրբեջանական ուժերի առաջխաղացումն Արցախի բնակավայրերի ուղղությամբ այն պարագայում, երբ ռուս խաղաղապահ ուժերը վստահեցնում են, որ իրավիճակը կայուն է և վերահսկողության տակ։

«Ադրբեջանն օգտագործում է ռուս-ուկրաինական պատերազմը տեղում ավելի նպաստավոր դիրքեր զբաղեցնելու համար, դա Ադրբեջանին հնարավորություն է տալիս նաև նախապատրաստվելու ապագայի ավելի լայն էսկալացիաներին, եթե դրանք պլանավորվում են, ու դրանք լինելու են: Այս պարագայում, ինչպես տեսանք, փաստորեն ռուսներին հաջողվեց նրանց համոզել, որ ելման դիրքեր վերադառնան։ Կարծում եմ, որ պայմանավորված է նրանով, որ այնուամենայնիվ, այս առաջխաղացումը տեղի չի ունեցել ինչ-որ ստրատեգիական նշանակություն ունեցող տեղանքում, ես ինչպես հասկացա, նույնիսկ չեզոք գոտում է եղել այդ առաջխաղացումը:

Եթե ինչ-որ ավելի կարևոր դիրք գրավեին կամ ինչ-որ գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատեին, վստահ եմ, որ ռուսական կողմին չէր հաջողվի նրանց ետ քաշել ելման դիրքեր, ինչպես Քարագլխի ու Փառուխի դեպքում», - ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Ադրբեջանի կողմից այս գործողությունները կարող են շարունակական լինել, կարծում է քաղաքագետը, հավելում՝ չի բացառվում, որ գուցե այլ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ իրենց վերահսկողության տակ վերցնեն. «Շարունակելու են այս քաղաքականությունը, որ գոյություն ունի, ռազմական ճնշման քաղաքականությունը, մարդկանց ահաբեկելու, որպեսզի վերջում` իրենց նախատեսված ժամկետների վերջում այստեղ կա՛մ բնակչություն չլինի, կա՛մ էլ շատ փոքր քանակությամբ բնակչություն լինի»։

Ադրբեջանական զինուժը շփման գիծը նաև մարտի 24-ին էր խախտել՝ Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում և առաջացել դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքը։ Հաջորդած բախումներում Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայող է զոհվել, մեկ տասնյակից ավելին վիրավորվել է, ըստ ՊԲ-ի՝ կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը։

Ներկայումս Փառուխ գյուղը վերահսկում են ռուս խաղաղապահները, որոնց մասնակցությամբ նաև ջանքեր են գործադրվում՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։ Արցախի նախագահն այսօր հայտարարել է. «44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ: Խաղաղապահները ներգրավված են շփման գծում ծագող խնդիրների լուծմանը»:

Արայիկ Հարությունյանն ակնկալում է խաղաղապահների թվաքանակի ավելացում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG