Մատչելիության հղումներ

Խաղաղապահների պահուստային ուժեր կկենտրոնացվեն Փառուխի հատվածում


Արխիվ
Արխիվ

Գիշերվանից մինչև առավոտյան ժամը 10:00-ը շփման գծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, և իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի` Փառուխի հարակից հատվածի նույն հենակետերում:

Արդյոք առաջնագծում իրավիճակի փոփոխություն կա, թե ոչ, դեռ հայտնի չէ: Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքն էլ հայտնում է, որ որոշում է ընդունվել խաղաղապահների պահուստային ուժեր կենտրոնացնել Փառուխ գյուղի հատվածում` ադրբեջանական զորքի հետագա առաջխաղացումն արգելափակելու համար։

Շփման գծի վերջին սրացումների առիթով ուժային կառույցների հետ է հանդիպել Արցախի նախագահը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի զինված ուժերի ու ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, ինչպես նաև դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով շարունակվում են գործադրվել բոլոր ջանքերը խաղաղություն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար:

Արցախի նախագահը մեկ այլ աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Պաշտպանության նախարարությունում: Հարությունյանը վերջին օրերի Ադրբեջանի քայլերը պայմանավորել է արտաքին քաղաքական գործընթացներով:

«Անդրադառնալով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ հատկապես վերջին օրերին Արցախի բնակավայրերի ու խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից ինտենսիվ կերպով կիրառվող ռազմական և հոգեբանական բնույթի ագրեսիան պայմանավորված է առաջնահերթորեն արտաքին քաղաքական գործընթացներով: Ներկաներին ներկայացվել են այն հիմնական աշխատանքները, որոնք Արցախի իշխանությունները շուրջօրյա ռեժիմով ու տարբեր մակարդակներում իրականացնում են իրավիճակը կայունացնելու, լիցքաթափելու և ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Առանց գազ էլ կապրենք, միայն թե խաղաղություն լինի. արցախցիներ

Անվտանգային հարցերն Արցախում էլ ավելի են վատթարացրել հումանիտար խնդիրները: Ըստ պաշտոնական տվյալների` շուրջ 200 կին, երեխա ու տարեց է Փառուխից, Խրամորթից տեղահանվել: Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ` ինքը հանձնարարել է գնահատել բնակիչների կարիքներն ու առաջին աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև ժամանակավոր կացարաններով ապահովել տեղահանված կանանց մինչև իրավիճակի կարգավորումը:

Այս ամենի ֆոնին երեկվանից Արցախում՝ մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվել է գազամատակարարումը: Շուրջ երեք շաբաթ 100 հազարից ավելի բնակիչ ունեցող Արցախում կապույտ վառելիք չկար, ինչը գրեթե կաթվածահար էր արել ուսումնական ու առողջապահական համակարգերի աշխատանքը:

Մարդիկ վստահ չեն, որ կրկին երկարատև անջատումներ չեն լինի, բայց հիմա ավելի շատ մտահոգությունը ոչ թե գազն է, այլ շփման գիծը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG