Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան խնդրում Հայաստանի մարտավարությունն է՝ արցախցին պետք է ապրի Արցախում և իրեն համարի հայ. Փաշինյան 


Ղարաբաղյան խնդրում Հայաստանի մարտավարությունն է հասնել այնպիսի լուծման, որ արցախցին ապրի Արցախում և իրեն համարի հայ, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը, սակայն, կրկին չհստակեցրեց՝ ո՞րն է Երևանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում. «Կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ առումով մեր մարտավարությունը հետևյալն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ կամ այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում, և, ինչպես ասել եմ ապրիլի 14-ին խորհրդարանում իմ ունեցած ելույթում, ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի ղարաբաղցի, արցախցի և հայ: Լեռնային Ղարաբաղի խնդրի որևէ հանգուցալուծում կամ Լեռնային Ղարաբաղում հաստատված որևէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլև չի երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար և ընդունելի չի լինելու երբեք»:

Հայտարարելով, թե խաղաղության օրակարգն ապահովելու է Հայաստանի ու Արցախի ապագան՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման թեմային, որի շուրջ աղմուկը չի դադարում։

Վարչապետն այսօր էլ չպարզաբանեց, թե ինչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, որի մասին խոսել էր անցած չորեքշաբթի Ազգային ժողովում։

Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախորդ օրերին հայտարարեցին, որ իրենց պաշտոնավարման ժամանակ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման հորդոր միջազգային հանրությունից չի եղել։

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ 2016 թվականին ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթի առանցքային իմաստը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով: Անորոշ ասելով, ընդ որում, նկատի էին առնվում տասնամյակներ, եթե ոչ ավելի: 2016 թվականի առաջարկություններում նշաձողի այդպիսի իջեցում էր նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը, ընդ որում՝ այնպիսի ատյանների, որոնք նախկինում արդեն դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Նշաձողն իջեցնելու այդպիսի հորդոր էր ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնյան գագաթաժողովը», - նկատեց վարչապետը:

Այս պահին չկա ղարաբաղյան կարգավորման ոչ մի նախագիծ. Փաշինյան

Նշելով, որ այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությունը ծանոթ է՝ Ադրբեջանի փոխանցված 5 կետն է և Երևանի արձագանքը, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա Լեռնային Ղարաբաղյան կարգավորման ոչ մի նախագիծ, ուշադրություն դարձրեք՝ ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի: Կրկնում եմ՝ ոչ մի անգամ նման նախագիծ կամ նույնիսկ սևագիր չի եղել: Նկատի ունեմ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո:

Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն՝ հազար անգամ ներողություն խնդրելով, ստիպված եմ արձանագրել, որ Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես: Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է: Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ: բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտ մի փաստաթուղթ, որն ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ»:

Պուտինի հետ հանդիպումից հետո էլ Փաշինյանը բարձրացնում է Փառուխի հարցը

Վարչապետը հայտարարեց, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների բովանդակությունը տեղյակ է պահել Արցախի նախագահին. «Այս ֆոնին, իհարկե, չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարգել գործունեությունը:

Այս առումով, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է, մյուս կողմից՝ մի շարք դրվագներում մենք տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն: Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու Փառուխի հատված չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսակետից: Եվ մենք հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կապահովի ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը», - շեշտեց նա:

Ըստ Փաշինյանի` Պուտինի հետ նախօրեին կայացած հանդիպմանը կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում, ու Երևանը պատրաստ է Հայաստանի տարածքում օր առաջ մեկնարկել Արևելքը Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG