Մատչելիության հղումներ

Փոխվարչապետերի հաջորդ հանդիպումից առաջ Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում, 22-ը մայիսի 2022թ.

Փաշինյան-Ալիև բրյուսելյան բանակցություններից հետո և այս շաբաթ Մոսկվայում նախատեսված սահմանազատման հանձնաժողովների նիստից առաջ Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։

Երեկ Հայաստանի արտաքին գերատեսչությունը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որի հետևանքով զոհվել էր շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանը և կոչ էր արել Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից։

Պատասխան հայտարարությամբ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը Երևանին խորհուրդ էր տվել ճիշտ գնահատել նոր իրողությունները՝ շեշտելով, թե «տասնամյակների վարքագիծն իրականացնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ֆանտազիա»։

Ըստ հայկական կողմի՝ արդեն մեկ հանդիպում անցկացրած Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանացնի։ Փոխվարչապետերի մակարդակով ձևավորված հանձնաժողովը այս շաբաթ Մոսկվայում է հանդիպում ունենալու։ Ո՞ր օրը և ի՞նչ օրակարգով, Մհեր Գրիգորյանի գրասենյակից դեռ չեն մանրամասնում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի համար անընդունելի են արտաքին գերատեսչության հայտարարության շեշտադրումները:

«Երբ ատրճանակը ճակատիդ դրված է, դա բանակցություններ չեն, դա ուղղակի հերթական կապիտուլյացիան է, հերթական ճնշումն է: Բայց եթե հիշեք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ էր հայտարարում դեռևս ամիսներ առաջ, որ պետք է իրենք դուրս գան, որից հետո կարող են շարունակել քննարկումները, հիմա դրանից էլ են հետ կանգնել: Իսկ մեր ասածը բառացիորեն հետևյալն է՝ ադրբեջանական զորքը դուրս գա մեր երկրի սուվերեն տարածքից, հետո սկսեն սահմանազատման և սահմանագծման գործընթացները», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Իշխող խմբակցությունից Մարիա Կարապետյանը հակադարձում է՝ Հայաստանը երբեք նախապայմանի լեզվով չի խոսել. - «Մենք մշտապես ասել ենք, որ սա նախապայման չէ, այլ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է մթնոլորտ, որում դա լավագույնս կիրականացվի, որովհետև եթե ներխուժման փաստը վերացված չէ, ապա դժվար է գրասենյակային աշխատանք կատարել, իմանալով, որ ամեն պահի, երբ այդ գրասենյակային աշխատանքը կատարելիս մի բան դուր չգա Ադրբեջանին մխրճված իրավիճակում շատ ավելի հեշտ կլինի բախում հրահրել: Քանի որ չի հաջողվել հասնել փոխըմբռնման մեր պատկերացումների շուրջ, մենք համարել ենք, որ մեր առավել մեծ շահն այն է, որ, այնուամենայնիվ, սահմանազատում և սահմանագծում տեղի ունենա»:

Հանձնաժողովի ղեկավարների՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը կայացել էր անցած շաբաթ Երասխի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Իսկ արդեն հանձնաժողովի ամբողջ կազմով առաջին հանդիպումը նախատեսված է Մոսկվայում, հաջորդը՝ Բրյուսելում։

Մինչ այդ պաշտոնական Երևանը ասում է՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է։

Ըստ ընդդիմադիր Աննա Գրիգորյանի՝ հայելային հետքաշման քաղաքականության անթույլատրելիությունը լավագույնս երևում է Արցախի Փառուխ գյուղի օրինակով, երբ ադրբեջանական զինուժը հայելային հետքաշման փոխարեն նոր դիրքեր գրավեց գյուղի ուղղությամբ՝ զբաղեցնելով նաև կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։

«Նույն տրամաբանությամբ լինելու է Հայաստանի սահմանի երկայնքով, դատապարտելի է այդ քաղաքականությունը, նախևառաջ, որովհետև Ադրբեջանը չի կատարելու այդ պարտավորվածությունը, և երկրորդը՝ նշանակում է, որ դու փաստացի կորցնում ես վերահսկողությունը սեփական տարածքի նկատմամբ», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Արդեն երկու ամիս է՝ Ադրբեջանական բանակը շարունակում է դիրքավորված մնալ բարձունքին, այսօր դարձյալ հաստատեց գյուղապետ Վարդան Միքայելյանը։

«Չեն թողնում մտնենք գյուղ, ռուս խաղաղապահներին գնացել, ասել եմ, որ ուզում եմ մտնեմ, մի հատ տեսնեմ ինչ ա կատարվում գյուղում, չեն թողնում», - ասաց Միքայելյանը:

Երևան - Բաքու հռետորաբանությունը սրվեց, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Հայաստանը համաձայնել է իրենց առաջարկներին առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցի ներառման։ Չուշացավ Հայաստանի արտգործնախարարի հակադարձումը, թե հարաբերությունները պետք է կարգավորվեն երկու կողմի առաջարկների հիման վրա, որտեղ նաև արցախցիների իրավունքների հարցը կա։ Ավելի վաղ խորհրդարանում Փաշինյանը բաց տեքստով հայտարարել էր, որ կողմերի հիմնական հակասությունը հենց այս հարցի շուրջ է՝ Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է Հայաստանը համարում է, որ լուծված չէ։

Փոխվարչապետերի հաջորդ հանդիպումից առաջ Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում
please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG