Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխից. ՌԴ ՊՆ


Բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, ասված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության վերաբերյալ Ռուսաստանի ՊՆ հաղորդման մեջ:

Նշվում է նաև, որ Ասկերանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը», - ասված է հաղորդագրության մեջ։

«Ազատություն»-ը փորձում է ճշտել այս տեղեկատվությունը Արցախի պաշտոնական մարմիններից, առայժմ՝ ապարդյուն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունը՝ պնդելով, թե Փարուխ գյուղում և կից լեռնային շրջաններում ադրբեջանական բանակի դիրքերը «փոփոխություն չեն կրել»:

Իրադրությունը Աղդամին սահմանակից Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերում կտրուկ սրվեց հինգշաբթի օրվանից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց։ Ըստ Արցախի՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։

Ասկերանի շրջանում իրադրության լարումից երեք օր անց Արցախի Անվտանգության խորհուրդը երեկ պաշտոնական գրությամբ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների թիվը։ 2020-ին՝ պատերազմից ավարտից անմիջապես հետո, Ղարաբաղում մոտ 2000 խաղաղապահ է տեղակայվել։

Երեկ Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց` ադրբեջանական կողմին կոչ անելով հետ քաշել զորքերը: Պաշտոնական Բաքուն հակադարձել է այդ հայտարարությանը՝ «ափսոսանք» հայտնելով, թե այն «միակողմանի է» և «իրականությանը չի համապատասխանում»:

XS
SM
MD
LG