Մատչելիության հղումներ

Ուկրաինայի 8 քաղաքացի դիմել է ՀՀ Միգրացիոն ծառայություն` փախստականի կարգավիճակ ստանալու


Ռուս-ուկրաինական պատերազմի երկու շաբաթների ընթացքում Միգրացիոն ծառայությունը Ուկրաինայի քաղաքացիներից ապաստանի 8 հայց է ստացել. նրանք Հայաստանի իշխանություններից խնդրել են իրենց փախստականի կարգավիճակ տալ։

«Ներկայացրած հայցերը կքննվեն 3 ամսվա ընթացքում։ Ինչպես գիտենք, պատերազմը, ռազմական գործողությունները, հասարակական կարգի համատարած խախտումները, մարդու իրավունքների խախտումները ՀՀ օրենքով ապաստանի և փախստականների մասին մտնում են այն հիմնավոր պատճառների մեջ, որոնց հիման վրա օտարերկրյա քաղաքացին կարող է ստանալ փախստականի կարգավիճակ Հայաստանում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Փախստականի կարգավիճակ ստանալու հայցով դիմած Ուկրաինայի քաղաքացիներն այժմ կացարանում են ապրում, այնտեղ կմնան 3 ամիս, մինչև Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում կկայացնեն։ Ապաստան ստանալու հայցի քննությունը, սակայն, կարող է երկարաձգվել մինչև 6 ամիս։ Եթե պատասխանը բացասական լինի, ապա ապաստան հայցողը Հայաստանում այլևս անօրինական միգրանտ է համարվելու և պետք է կա՛մ լքի երկիրը, կա՛մ 60 օրվա ընթացքում բողոքարկի որոշումը։

«Բոլոր այդ դատական ակտով բողոքարկվող հայցի ընթացքում էլի օրինական են գտնվում Հայաստանում և գտնվում են միգրացիոն ծառայության հոգածության ներքո: Եթե պատասխանը դրական է, նշանակում է, որ տվյալ օտարերկրյա քաղաքացին այլևս փախստական է Հայաստանի Հանրապետությունում, փախստական է նաև 1951 թվականի փախստականների կոնվենցիան ստորագրած մյուս մոտ 160 պետություններում, և սկսում ենք արդեն ինտեգրել տվյալ փախստականին», - հավելեց Նելլի Դավթյանը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարվա ընթացքում փախստականի կարգավիճակ ստանալու համար Ուկրաինայից 5 անձ է դիմել միգրացիոն ծառայությանը, Ռուսաստանից՝ 7-ը։ 2020-ին Ուկրաինայի 2 քաղաքացի է դիմել, Ռուսաստանից՝ 5։

Իսկ ի՞նչ է արվում Ուկրաինայում ապրող Հայաստանի քաղաքացիների և ծագումով հայերի համար, որոնք ցանկություն ունեն վերադառնալու Հայաստան։ Պետական գերատեսչությունները հայտնում են, որ օգնում են Ուկրաինայի սահմանակից երկրներ հասած հայերին փաստաթղթային հարցերով։ Արդյոք պետությունը պատրաստվում է նրանց տարհանելու համար օդանավ հատկացնել, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց` այս պահին օդանավ տրամադրելու հարցը դեռևս լուծված չէ։

«Իհարկե, տարբեր քննարկումներ լինում են, բայց այս պահին անվճար օդանավ ուղարկելու խնդիր լուծված չէ։ Այս պահին մեր հայրենակիցները իրենց միջոցներով են վերադառնում Հայաստան», - նշեց նա։

Գերատեսչությունից հստակ թիվ չեն նշում, թե քանի քաղաքացի է ցանկություն հայտնել վերադառնալ Հայաստան։ Միևնույն ժամանակ ընդգծում են՝ մշտական կապի մեջ են հայերի հետ, փորձում են միջոցներ ձեռնարկել նրանց վերադարձը կազմակերպելու համար։

Իսկ Հայաստանում վերջին շաբաթներին հատկապես մեծացել է Ռուսաստանի քաղաքացիների հոսքը։ Նրանցից շատերը խուսափում են բացահայտ խոսել երկիրը լքելու պատճառների մասին, ոմանք էլ ասում են՝ դեմ են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմին կամ էլ արևմտյան խիստ պատժամիջոցների հետևանքով կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։

Թե Ռուսաստանի քանի քաղաքացի է եկել Հայաստան, առայժմ պարզ չէ, հստակ թիվը կհրապարակվի ապրիլին։ Իսկ մինչ այս շատերը դիմում են անձնագրային և վիզաների վարչություն Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։

«Դա բարդ որոշում է։ Ինձ համար դժվար է երկու բառով ասել։ Շատ պատճառներ կան, չափազանց շատ», - ասում է դիմողներից Մարգարիտան, որ 2 օր առաջ է Մոսկվայից Երևան եկել։ Եղբոր հետ այսօր անձնագրային և վիզաների վարչությունում էր՝ տեղեկանալու, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Մտադիր է այստեղ շարունակել աշխատել, սակայն ապագայի ծրագրերը դեռ մշուշոտ են: Հետաքրքրվեցինք՝ որքա՞ն է պատրաստվում մնալ Հայաստանում։

«Պատկերացում անգամ չունեմ, չեմ կարող ասել», - ասաց նա: Իսկ եղբայրը նշեց` գուցե ընդմիշտ:

Ոստիկանությունից տեղեկացնում են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի մոտ 40 տոկոսով աճել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը։ Վերջին երկու շաբաթում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ավելի քան 200 ծագումով հայ է նման դիմում ներկայացրել։ Դիմումների պատասխանը կստանան մինչև 6 ամսվա ընթացքում։ Իսկ եթե օտարերկրացին է ցանկանում Հայաստանի քաղաքացիություն ստանալ, ապա պարտադիր է, որ վերջին երեք տարվա ընթացքում մշտապես բնակված լինի Հայաստանում, ծանոթ լինի Սահմանադրությանն ու կարողանա հայերեն խոսել։ Սա այն դեպքում, եթե վերջինս ամուսնացած չէ Հայաստանի քաղաքացու հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG