Մատչելիության հղումներ

Հայազգի Իգորի ընտանիքն արդեն երրորդ պատերազմից է փախչում. հիմա էլ Ուկրաինայից Ռումինիա


Ուկրաինա, 1-ը մարտի, 2022թ.
Ուկրաինա, 1-ը մարտի, 2022թ.

Ռուսական հարձակումից Օդեսայից փախած 34-ամյա Իգոր Սահակյանի ընտանիքը պատսպարվել է Ռումինիայում՝ Իասի քաղաքի հանրակացարաններից մեկում։ Սահակյանի ընտանիքն արդեն երրորդ պատերազմի միջով է անցնում՝ ղարաբաղյան առաջին, 2014-ի ռուս-ուկրաինական և հիմա էլ այս վերջինը։

«Ուզում էինք դեպի Եվրոպա մի տեղ գնալ, էնքան որ մեզ մի պետություն մի բանով օգնի, հոգնել ենք արդեն: Սա երրորդ կռիվն է, որ մենք փախնում ենք:

Ամեն ինչ նորմալ է, բերում են ուտելիք երեխեքին, ամեն ինչ բերում են, նորմալ տալիս են, էդ պահով նորմալ է, տեղներս լավ: Դե երեխեքի հետ դժվար է տեղ գնալ, մանավանդ կրակոցի ժամանակ: Կամավորները ավտոբուսով մեզ բերել են Մոլդովայի սահման, շուտ էինք հասել, մոտ երկու ժամ տևել է», - պատմում է նա:

Իգորի կինը, ցույց տալով հատկացված համեստ սենյակն ու ռումինական իշխանությունների օգնությունը, պատմում է. «Սա Ռումինիան է մեզ հատկացրել` ամեն ինչով նոր»:

Ուկրաինայում մեծացած հայազգի տղամարդու ընտանիքը ղարաբաղյան առաջին պատերազմի պատճառով է նախ Դոնեցկ տեղափոխվել, հաստատվել այնտեղ, երեխաներ մեծացրել։ Վերջին երկու տարին Իգորը Դոնեցկից տեղափոխվել էր Օդեսա, տուն վարձել, նոր կյանք սկսել երիտասարդ կնոջ հետ։ Գաղթի այս վերջին ճանապարհն անցել են 3 տարեկան և 11 ամսական տղաների հետ, հազիվ երեխաների հագուստն են վերցրել իրենց հետ։

Շինարարությունում աշխատող տղամարդը հույս ուներ, որ վրա հասած պատերազմը շուտ կավարտվի, իրենք էլ կանցնեն իրենց առօրյա գործերին, բայց վերջնական լքելու որոշում կայացրեցին, երբ օրեր առաջ կրակոցներից տունը ցնցվեց. «Նոր շորեր երեխեքին ենք վերցրել, մեզ ոչ մի բան, գիշերը որ սկսել են կրակել, ես ասի` էսա տունը կփլվի, չենք էլ նայել, երեխեքը քնած, շորերը հագցրինք, գնացինք ծանոթի սեփական տան պադվալ, բայց պադվալում երկար չես կարող մնալ, պիտի դուրս գաս, որ փրկես»:

Ռումինիայում է նաև Իգոր Սահակյանի քրոջ ընտանիքը։ Միասին նույն հանրակացարանում են տեղավորվել։ Իգորի փեսան՝ Դավիթ Զախարյանը պատմեց, որ իրենց Ուկրաինան լքել օգնել են կամավորական խմբերը. «Մենք ավտոբուսով եկանք, բայց շատերը ավտոներով, բայց ավտոներով շատ դժվար է, 3 օր հերթ ենք կանգնում»:

Այս երկու հայ ընտանիքները հույս ունեն, որ ապաստան կստանան եվրոպական որևէ երկրում։

Ուկրաինայի Հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ընդունում է՝ Արևմուտքում հաստատվելու ցանկություն մյուս հայ ընտանիքներն էլ ունեն. «Ինձ թվում է` իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր կօգտագործեն այս առիթը իրենց ավելի լավ կամ ապահով կյանքն ապոհովելու համար, չվերադառնան Հայաստան, այլ ուզենան գտնել Եվրոպայում ինչ-որ տեղ ապաստարան»:

Հայաստան տարհանման հարցի մասին դեռ ԱԳՆ-ից դիրքորոշում չեն հայտնել. համայնքի ներկայացուցիչ

Հայկական համայնքում ասում են, որ վիճակը օրեցօր ավելի է բարդանում։ Օրերս Խերսոնում մի հայազգի տղամարդ էր զոհվել, Խարկովում էլ բնակելի շենքի հրթիռակոծման հետևանքով հայ ընտանիք է վիրավորվել։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի տեղեկություններով՝ երկու երեխաները և ծնողները վիրահատվել են, այժմ գտնվում են կայուն վիճակում։

Հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Մկրտչյանի խոսքով` պատերազմի սկզբից շարունակում են օգնել իրենց դիմող հայերին տարբեր հարցերով՝ սննդից մինչև տեղափոխում։ Մկրտչյանի ներկայացմամբ` Կիևի կենտրոնական շրջաններում խանութները բաց են, բայց հերթերն են շատ, քանի որ քաղաքի ծայրամասերում բախումների պատճառով փակ են թե՛ խանութները, թե՛ դեղատները։

Հայկական համայնքի տվյալներով` Ուկրաինայում մինչև 400 հազար հայ կա, բայց թե քանիսին է հաջողվել դուրս գալ երկրից, չեն կարող ասել։ Մկրտչյանն ասաց, որ Հայաստան տարհանման հարցի մասին դեռ ԱԳՆ-ից դիրքորոշում չեն հայտնել։

«Երեկ էլ զանգահարեցին, ասացին, որ ինչ- քանակ եթե հավաքվի, Ռումինիայից թե որտեղից կարող են թռիչք ապահովել Երևան: Բայց դա միայն դեռ խոսակցություններ են, դեռ նման դիրքորոշում ԱԳՆ-ից չունենք: Կարող է էսօր լինի, վաղը լինի, ընդհանրապես չլինի, ժողովուրդն իր մեջ խոսում է: Հուսանք, որ դա կլինի», - ասաց նա:

Մկրտչյանը փոխանցեց, որ քանի օր է շատ լարված է վիճակը երկրի հարավ-արևելքում տեղակայված Մարիուպոլ քաղաքում, որտեղ մինչև այս պատերազմն ապրում էր շուրջ 15 հազար հայ։ Այս քաղաքում չկա միջանցք, որ խաղաղ բնակիչները կարողանան հեռանալ. «Կան քաղաքներ, որտեղ մեր հայերի վիճակը շատ վատ է, օրինակ` Մարիպուլ քաղաքը, որը առավոտից առավոտ ռմակոծվում է, կանաչ կորիդորներ չկան, որ մարդիկ դուրս գան, փորձում են միջոցներ գտնել: Հույները երկու օր առաջ կազմակերպել են տարհանում, մեր հայերն էլ են օգտվել»:

Մի քանի հարյուր ընտանիք տեղափոխվել է արևմուտք

Ուկրաինայի շուրջ զարգացումներին հետևող և համայնքի հայերի հետ կապ պահպանող Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի պաշտոնյան ասում է, որ արդեն մի քանի հարյուր ընտանիքներ են իրենց ու հայկական համայնքի համատեղ ջանքերով տեղափոխվել արևմուտք.

«Այս պահի դրությամբ մեր օգնությամբ սահմանը հատած ընտանիքներ կան Հունգարիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Մոլդովայում և Լեհաստանում, և կան ընտանիքներ, որոնք արդեն ունեն տոմսեր, օրինակ` Բուխարեստով, Աթենքով Երևան գալու և Վիեննայով պատրաստվում են տոմսերն առնել Երևան գալու, Բուդապեշտով: Նրանք արդեն գտնվում են մեր հայկական համայնքների հոգածության ներքո, նրանց դիմավորել են, կացարան են տրամադրել, սննդի խնդիր են լուծել, մի մասն իրենց գումարով է այդ տոմսը ձեռք բերել: Մի մասին, որտեղ հնարավոր է եղել, աջակցել են»:

Հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը հիշեցնում է՝ պատերազմող Ուկրաինայից հարևան երկրներ տեղափոխված Հայաստանի քաղաքացիները այդ երկրներում կարող են մնալ երկու շաբաթ միայն, հետո պետք է վերադառնան Հայաստան։ Հայաստանի կառավարությունը հայ համայնքի հետ միասին մշակել է տեղեկատվություն Ուկրաինան արևմուտքով լքելու անցակետերի մասին, որը կդյուրացնի ճանապարհ ընկած մարդկանց գործը։

Ալեքսանյանի խոսքով` հայերից բացի, Հայաստան գալու ցանկություն են հայտնել նաև ուկրաինացիներ։ Իսկ թե մինչև հիմա քանի հայ ընտանիք է հայրենիք վերադարձել, Հայաստանի արտգործնախարարությունը չի հաղորդում։ Արտաքին գերատեսչությունը չի մանրամասնում նաև, թե արդյոք պատրաստ է օդանավ ուղարկել ցանկացող հայերին Հայաստան բերելու համար։ Այսօր միայն հաղորդեցին, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Կիևում գործող Հայաստանի դեսպանատան աշխատակիցները տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG