Մատչելիության հղումներ

Ուկրաինական Խերսոնում նաև հայ է զոհվել, վիրավորների մասին հաստատված տեղեկատվություն դեռ չկա


Ռուսական ռազմական մեքենաները Խերսոնում, 24-ը փետրվարի 2022թ․
Ռուսական ռազմական մեքենաները Խերսոնում, 24-ը փետրվարի 2022թ․

Ուկրաինայի Խերսոն քաղաքում ռուսական հարձակումների հետևանքով նաև հայ է զոհվել։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ զոհվածը Ուկրաինայի քաղաքացի Վահիկ Սողոմոնյանն է, մյուս մանրամասները ճշտվում են:

Վիրավորների մասին հաստատված տեղեկատվություն պաշտոնական կառույցը չունի։ Գիտեն միայն, որ հայկական կողմը գույքային մեծ կորուստներ ունի։ «Գույքային, ունեցվածքային վնասներ՝ մեծ ծավալների հասնող, հատկապես Դոնբասի շրջանում», - ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ հիմա շատ ծանր վիճակ է Մարիուպոլում, Խերսոնում, որտեղից դուրս գալն այս պահին բարդ է։ Խարկովից արդեն իսկ հասցրել են դուրս գալ մի քանի հայկական խմբեր։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փոխանցմամբ, մի մասը շարժվում է Դնեպրի աջ ափ, Ռումինիայի հետ սահման։

«Բայց ունենք բազմաթիվ էլի հայրենակիցներ, որոնք էս պահին, իհարկե տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Խերսոնում, անվտանգությունից ելնելով, ճանապարհների անվտանգային միջավայրը շատ վատ է և այլն, չեն կարողանում տեղաշարժվել և միջանցքի հայտարարման դեպքում շարունակելու են դուրս գալ։ Այս վիճակը գրեթե բոլոր վայրերում է, նույնը Կիևում․ Կիևում էլ է թողնված մեկ միջանցք, եղել են ընտանիքներ, որոնց հետ կապի մեջ ենք, դուրս են եկել, բայց միայն Կիևի համայնքը 40 և ավելի հազար է, եթե մենք էս թվերը պատկերացնենք, շատ դժվար է ասել, թե ինչ մասն է դուրս եկել», - ասաց Ալեքսանյանը։

Ուկրաինայում ապրող ծագումով հայերի ու Հայաստանի քաղաքացիների թիվը, ըստ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, հասնում է 400 հազարի։ Նրանցից շատերն են ցանկանում Հայաստան գալ, պաշտոնական տվյալներ, սակայն դեռ չկան՝ քանիսն են եկել, քանիսն են հերթի մեջ։

«Հունվարից սկսած շատ շատերը առավել վտանգավոր գոտիներից դուրս են եկել, այդ թվում՝ նաև Դոնբասից դուրս են եկել Դոնի Ռոստով, Վորոնեժ, մի մասն էլ շարժվել է դեպի Ուկրաինայի արևմուտք, բայց քանակությունն այնքան մեծ է և խափանումները կապի, կոմունիկացիաների հաճախակի են տեղի ունենում, որ շատ դժվար է ասել, թե այս պահին ինչքան մարդ է մնացել քաղաքում», - ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատուն։

Հայաստանի արտգործնախարարությունը ևս դեռ չի հայտարարել ՝ մինչև հիմա քանի ընտանիք է ժամանել Երևան։ ԱԳՆ-ի մամլո խոսնակն անհասանելի է։ Օրեր առաջ պաշտոնապես հայտարարվել էր, որ Ուկրաինայում ապրող Հայաստանի քաղաքացիները կարող են Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմաններ հատել ու Հայաստան հասնել առանց շենգեն վիզայի։

Անվտանգության երաշխիքներ, այդուհանդերձ, պաշտոնական գրության մեջ չկան։ Չկա նաև տեղեկություն ֆինանսական հնարավոր աջակցության մասին, այն դեպքում, երբ «Ազատության» հետ զրույցում ուկրաինահայերից շատերն են դժգոհում՝ գումար չունեն հայրենիք վերադառնալու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG