Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ապրող հայերի մի մասը ցանկանում է վերադառնալ Հայաստան, որոշներն էլ չեն պատրաստվում լքել այն


Հինգ օր է՝ Նազանը ամուսնու և 9 ամսական Դոնեի հետ ապաստարանում է ՝ Կիևի Դարնիցկի շրջանի իրենց նորակառույցը, բարեբախտաբար, ապահով նկուղ ունի:

«Մեր շենքի անվտանգության աշխատակիցը չկա, իր փոխարեն եկել է կամավոր զինված անձ ու երևի երեք օր առաջ կամավորական մեծ խումբ եկավ մեր տարածաշրջան, կտուրներից են հսկում, փողոցներում են հսկում», - ներկայացրեց Նազան Նասլիյանը:

Ամեն ինչ գեղեցիկ էր պատերազմից առաջ՝ հայուհի Նազան Նասլիյանն ու ուկրաինացի Եվգենի Կարպովը երկու տարի առաջ ամուսնացան, հաստատվեցին Կիևում, ով կմտածեր, որ սպասված առաջնեկը քաշ է հավաքելու ապաստարանում և դառնա միակ ուրախությունը ռումբերից ու հրթիռներից պատսպարվածների համար:

«Ինքը էստեղ բոլորի ուրախությունն ա, բոլորը գալիս իր հետ շփվում են, էդ առումով չի ձանձրանում, որովհետև շատ մարդ ա իրենով հետաքրքրված», - ասաց Նասլիյանը:

Նազանն ասում է՝ 24-րդ հարկի իրենց բնակարան բարձրանալ վախենում են, տագնապի ազդանշաններն անընդհատ են: Ամուսինը Ուկրաինայից հեռանալ չի կարող՝ տղամարդկանց ելքը երկրից արգելված է, մտածում են՝ գոնե ինքն ու փոքրիկը կարողանան Հայաստան հասնել: Կիևն այս պահին կարելի է լքել միայն ցամաքային ճանապարհով՝ բայց անվտանգ ճամփա չկա:

«Դեսպանատնից ու հայերի միությունից հորդորում են մնալ տեղերում, քանի որ վտանգավոր է մինչև սահման գնալը: Միակ տարբերակն այստեղից դուրս գալու իմ ու Դոնեի համար՝ պետք է գնանք սահման, դուրս գանք Եվրոպա ու այնտեղից վերադառնանք Հայաստան, եթե ուզում եմ: Օդային ճանապարհ ընդհանրապես հնարավոր չի, դեսպանատնից ասացին, որ մտքներիցդ հանեք էվակուացիան ինքնաթիռով», - նշեց նա:​

Դեսպանատնից ասել են՝ «ձեր որոշումն է, եթե անձնական մեքենայով փորձեք հասնել սահման», այդտեղ էլ խցանումներ ու հերթեր են:

«Կարող է մեր մեքենան չթիրախավորեն, բայց պատահաբար կպնի, դրա համար ասացին, որ իրենց հորդորն է մնալ տեղերում», - նշեց Նազան Նասլիյանը:

Քանի դեռ լուծում չկա, Նազանն ընտանիքով խաղաղության հույս է փայփայում թաքստոցում:

Օրեր առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիները կարող են Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմաններ հատել ու Հայաստան հասնել առանց շենգեն վիզայի։ Նույնիսկ քովիդ թեստ պետք չէ: Իսկ ինչպե՞ս անվտանգ հասնել սահմանային անցակետեր՝ անվտանգության երաշխիքներ հասկանալի է՝ չկան:

«Այսօրվա դրությամբ շուրջ 25 անցակետեր դեռևս գործում են, բայց մեծ հերթեր են գոյացել՝ մի քանի կիլոմետրանոց», - ասաց ​Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը:

Ուկրաինայից փախչող Հայաստանի քաղաքացիները 15 օրում պիտի լքեն տարանցման երկիրը, հստակեցնում է Հովհաննես Ալեքսանյանը։

Ուկրաինան կես միլիոնանոց հայկական համայնք ունի, շատերը Ուկրաինայի քաղաքացիներ են, Ալինա Պետրոսյանի մայրը ուկրաինուհի է, հայրը՝ հայ: «Հեռանալ՝ ոչ», -ասում է նա:

«Ուկրաինայում այժմ անվտանգ տեղ չկա, բայց այստեղից հեռանալ չեմ պատրաստվում, սա սկզբունքային դիրքորոշում է», - ասաց Պետրոսյանը:

Ալինան Կիևի հայ համայնքի երիտասարդական կազմակերպության ղեկավարն է, պատերազմի այս օրերին փորձում են ջուր ու սնունդ հասցնել այն մարդկանց, որ դրա կարիքն ունեն: Հասկանում է հեռանալ չցանկացողներին՝ էմոցիաներից բացի՝ ապահով չէ. «Մենք չգիտենք, թե ինչ կլինի Կիևից դուրս գալիս, չգիտենք որտեղ են ռուսական զորքերը, որտեղ են դիվերսանտները, շատ վտանգավոր է»:

Կիևի հայ համայնքի ներկայացուցչի տվյալով՝ հայերի շրջանում զոհեր, վիրավորներ չկան:

XS
SM
MD
LG