Մեկ տարվա ընթացքում ԵՄ-ն զգալիորեն կրճատել է իր կախվածությունը Ռուսաստանի էներգետիկ աղբյուրներից, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է Էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։
«Թվերը խոսուն են․ Ռուսաստանն այլևս չի հանդիսանում գազի համար առաջին մատակարարը Եվրոպա, այդ տեղը զբաղեցրել են Միացյալ Նահանգներն ու Նորվեգիան։ 12 ամսվա ընթացքում Ռուսաստանի խողովակաշարերով գազի մատակարարումը 155 միլիարդ խորանարդ մետրից իջել է 62 միլիարդ խորանարդ մետրի: Ներմուծումն, ընդհակառակը, 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, աճել է՝ 80 միլիարդ խորանարդ մետրից հասնելով մինչև 135 միլիարդ խորանարդ մետրի», - լրագրողներին ասել է հանձնակատարը Ստոկհոլմում, որտեղ երեկվանից ընթանում է Եվրամիության հեռահաղորդակցության, տրանսպորտի և էներգիայի հարցերով ոչ ֆորմալ հանդիպումը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը երեկ այցելել է Կիև:
Նախարարի այցի մասին նախօրոք չի հայտարարվել:
Յելլենը հանդիպել է Ուկրաինայի նախագահի և վարչապետի հետ: Նախագահ Վլադիմիր Զելենսկին շեշտել է հանդիպման կարևորությունն ու նշել, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Ուկրաինային պատերազմի առաջին օրերից:
Յելլենը հայտարարել է Կիևին հատկացվող 10 միլիարդանոց փաթեթի առաջին՝ 1 միլիարդ դոլարի տրանշի փոխանցման մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է Ուկրաինային հասցված օդային նոր հարվածների մասին տեղեկությունները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական զորքերը «Կիևի մարզի Բրովարի քաղաքի մերձակայքում խոցել են Ուկրաինայի Զինված ուժերի կազմում գործող ռադիոէլեկտրոնային պայքարի կենտրոններից մեկը։ Խմելնիցկու մարզում հարված է հասցվել հատուկ գործողությունների «Զապադ» օպերատիվ կենտրոնի տարածքին»։
«Մենք ուշի ուշով հետևում ենք Մերձդնեստրում ստեղծված կացությանը, և այն մեզ մտահոգում է», - այսօր ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ իրադրությունը հանդարտ չէ, առկա են արտաքին սադրանքներ։
«Մենք տեղյակ ենք, թե ինչ տարատեսակ սադրանքների են ընդունակ թե ուկրաինական վարչակազմի մեր ընդդիմախոսները, թե եվրոպական երկրների ներկայացուցիչները», -հայտարարել է Պեսկովը։
Ուկրաինայի իշխանությունները հաղորդում են Shahed կամիկաձե անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման մասին: Երկրի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուս զինվորականների արձակած 14 անօդաչու թռչող սարքերից 11-ը խոցվել են։
Կիևի, Չեռնիգովի, Պոլտավայի, Ժիտոմիրի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։ Պայթյուններ են հնչել Կիևում և Խմելնիցկիում:
Ուկրաինա զենքի մատակարարումը Արևմուտքի կողմից սպառնում է համաշխարհային միջուկային աղետով, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Իհարկե, կարելի է շարունակել զենքով ապահովել Կիևի նեոֆաշիստական ռեժիմին և խոչընդոտել բանակցությունների վերականգնման ցանկացած հնարավորություն: Մեր թշնամիները հենց դրանով են զբաղված՝ չցանկանալով հասկանալ, որ իրենց նպատակներն ակնհայտորեն կհանգեցնեն տոտալ ֆիասկոյի: Պարտության բոլորի համար: Կրախի: Ապոկալիպսիսի: Երբ նախկին կյանքի մասին ստիպված կլինենք մոռանալ դարերով, մինչև ծխոտ փլատակներից չդադարի ճառագայթումը», - ասել է նա «Իզվեստիա»-ում հրապարակված հոդվածում։
Մեդվեդևի կարծիքով՝ «եթե լրջորեն առաջ գա բուն Ռուսաստանի գոյության հարցը, դա կորոշվի ոչ թե ուկրաինական ճակատում, այլ ամբողջ մարդկային քաղաքակրթության հետագա գոյության հարցի հետ մեկտեղ»։
«Մեզ աշխարհն առանց Ռուսաստանի պետք չէ», - ընդգծել է նա։
Միաժամանակ, Մեդվեդևը վստահեցրել է, որ «Ռուսաստանը դա թույլ չի տա»։
Այսօր Ժնևում բացվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի տարեկան նստաշրջանը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի տարածքում ռուսական ներխուժման սկզբից ի վեր ռազմական հանցագործությունների հետաքննության հարցը։
Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմի թեման կգերիշխի հանդիպմանը, որից օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ռուսաստանից զորքերը հարևան երկրից անհապաղ դուրս բերել պահանջող բանաձև:
Անցյալ տարի, երբ խորհրդի նիստում տեսակապով ելույթ էր ունենում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, բազմաթիվ դիվանագետներ լքեցին դահլիճը։
Մինսկից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մաչուլիշչիի ռազմական օդակայանում տեղի են ունեցել պայթյուններ:
Ըստ «Ազատության» ռուսական ծառայության, վնասվել է А-50 տեսակի ռադարների հայտնաբերման հետախուզական ռուսական օդանավը: Ենթադրվում է, որ օդակայանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման:
Ռուսաստանն ունի այդ կարգի 9 օդանավ, դրանք կիրառվում են Ուկրաինայում թիրախների ուղղությամբ արձակվող հրթիռների հետագիծը ճշգրտելու համար։
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, թե «Մաչուլիշչիում ոչ մի լուրջ բան չի պատահել»:
Ռուսաստանը և Ուկրաինան չեն մեկնաբանել օդակայանի փետրվարի 26-ի միջադեպը:
Ուկրաինական բանակը գարնանը պատրաստ կլինի հարձակման անցնել, որի ռազմավարական նպատակներից է լինելու «հարավում ռուսական ուժերի մեջ սեպ խրել»։ Գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։
Նա ընդգծել է, որ հարձակման սկիզբը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ Արևմուտքից զենքի մատակարարումից։
Հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի խոսքով` թեև հարձակման հիմնական նպատակներից մեկը կլինի Ռուսաստանի տարածքի և բռնակցված Ղրիմի միջև հաղորդակցության խաթարումը, չեն բացառվում հարվածներ նաև Ռուսաստանի տարածքում զենքի պահեստներին, այդ թվում՝ Բելգորոդի շրջանում։ Սկիբիցկին ընդգծել է․ Ուկրաինայի վրա այնտեղից հարձակումներ են իրականացվում։
Սկիբիցկին պնդում է, որ առաջիկա հարձակման նպատակն է «ազատագրել Ուկրաինայի բոլոր օկուպացված տարածքները՝ ներառյալ Ղրիմը», և վերականգնել 1991 թվականի սահմանները:
Արևմտյան երկրների մի շարք ներկայացուցիչներ թերահավատություն են արտահայտել մոտ ապագայում Ղրիմը վերագրավելու Ուկրաինայի հնարավորության վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ ընդգծել են․ միայն Կիևն կարող է որոշել՝ ազատագրել Ղրիմը, թե՝ ոչ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը կոչ է արել Եվրամիությանը շարունակել մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա, նույնիսկ այն դեպքում, երբ դաշինքն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով:
Իր գիշերային տեսաուղերձում Զելենսկին կոչ է արել ԵՄ-ին սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի միջուկային արդյունաբերության վրա՝ ի լրումն վերջին պատժամիջոցների, որոնք ուղղված են Ռուսաստանի բանկային հատվածին և նրա հասանելիությանը էլեկտրոնային բաղադրիչներին և հազվագյուտ հողային նյութերին:
ԵՄ նոր փաթեթը չի ներառում պատժամիջոցներ Ռուսաստանի ատոմային էներգետիկայի պետական «Ռոսատոմ» ընկերության և ավելի լայն միջուկային էներգետիկայի դեմ:
Եվրոպական մի քանի երկրներ, օրինակ՝ Ֆրանսիան, ուրան են գնում Ռուսաստանից իրենց ռեակտորների համար, իսկ Հունգարիան բացահայտ դեմ է միջուկային էներգետիկայի պատժամիջոցներին:
Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել իր զինվորականներին երկրի արևելյան հատվածում ռուսական ուժերի դեմ պայքարում իրենց ջանքերի համար։
«Արևելքում արդյունքն անհրաժեշտ է, որպեսզի մենք արդյունք ունենանք մնացած բոլոր ոլորտներում»,- ասել է նա։