Նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը հայտարարել է, որ Ռուսաստանն այլ ելք չունի, քան հաշվի առնել ՆԱՏՕ-ի միջուկային հնարավորությունները, քանի որ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական դաշինքը ձգտում է պարտության մատնել Ռուսաստանին:
«Այսօրվա պայմաններում, երբ ՆԱՏՕ-ի բոլոր առաջատար երկրները իրենց հիմնական նպատակն են հայտարարել մեզ ռազմավարական պարտության հասցնելը, որպեսզի մեր ժողովուրդը տուժի, ինչպես իրենք ասում են, ինչպե՞ս կարող ենք այս պայմաններում անտեսել նրանց միջուկային հնարավորությունները», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը։
Արևմուտքը, Պուտինի խոսքերով, ցանկանում էր լիկվիդացնել Ռուսաստանը:
«Նրանք մեկ նպատակ ունեն՝ լուծարել նախկին Խորհրդային Միությունը և նրա հիմնարար մասը՝ Ռուսաստանի Դաշնությունը»,- նշել է Պուտինը։
Արևմուտքը, նրա խնդմամբ, անուղղակի մեղսակից է եղել Ուկրաինայի «հանցագործություններին»։
Շաբաթ օրը երեք չոր բեռնատար նավ՝ գրեթե 70 հազար տոննա պարենով, դուրս է եկել Ուկրաինայի նավահանգիստներից, հայտնում է Համատեղ կոորդինացիոն կենտրոնը (ՀՎԿ)։
Եգիպտոս է տեղափոխում 14,068 տոննա եգիպտացորեն և 11,939 տոննա սոյա, մյուս նավը Իտալիա կհասցնի 11,755 տոննա եգիպտացորեն և 11,209 տոննա ցորեն, 20,2 հազար տոննա արևածաղկի ալյուր էլ՝ Ֆրանսիա։
Ուկրաինական երեք նավահանգիստներից արտահանվող հացահատիկի և գյուղատնտեսական այլ ապրանքների ընդհանուր տոննաժը կազմում է 22 միլիոնից ավելի։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ուշադրություն են դարձրել Ստամբուլի պայմանավորվածությունների կատարմանն ու ռուսական գյուղմթերքի արտահանմանը, հաղորդում է Կրեմլը։
Ռեջեփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին երկրաշարժերի հետևանքների վերացման հարցում Ռուսաստանի օգնության համար։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են ռուսական էներգակիրների հետագա մատակարարումների և Ակկույու ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր։
Պուտինն ու Էրդողանն ընդգծել են Ռուսաստանից կարիքավոր երկրներ գյուղմթերքների և պարարտանյութերի մատակարարման խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունը։
Լեհաստանն արդեն Ուկրաինա է փոխադրել Leopard տեսակի գերմանական հրասայլերից մի քանիսը:
Այդ մասին Վարշավայում՝ ազգային անվտանգության խորհրդի նիստում ասել է նախագահ Անջեյ Դուդան: Պարզաբանումները ներկայացրել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
«Լեհական Leopard-ներից առաջիններն արդեն հասել են Ուկրաինա: Ուկրաինացի զինծառայողներն ուսումնավարժական հավաքների են մասնակցում, նրանց հետ Սվիետոշովի հրաձգարանում աշխատում են լեհ, կանադացի և նորվեգացի հրահանգիչները»,- հայտնել է նախարարը:
Գերմանիան վերջերս ոչ միայն խոստացել է Leopard-ներ ուղարկել Ուկրաինա, այլև դաշնակից երկրներին թույլ է տվել Ուկրաինային տրամադրել այդ հրասայլերը:
«Մեկ տարի առաջ առավոտյան ժամը 5-ին զանգ եմ ստանում՝ «Կիևը ռմբակոծում են»: Հասկացա, որ պատմության էջը շրջվում է, և մենք մտնում ենք դրամատիկ իրավիճակ», - Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պատմեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:
Ռուս - ուկրաինական պատերազմի լույսի ներքո վերլուծելով անցած մեկ տարին՝ Եվրամիության պաշտոնյան փաստեց՝ զոհվում են ուկրաինացիներն ու ռուսները, բայց նաև եվրոպացիներն են տառապում գնաճի հետեւանքով: Երբ է ավարտվելու պատերազմը՝ Բորելը չգիտի, բայց վստահ է՝ պատերազմի ավարտից հետո էլ Ռուսաստանը չի վերանա, և Եվրոպան պետք է մտածի՝ ինչպես կառուցել հարաբերություններն այդ երկրի հետ:
Վերահաստատելով, որ Եվրամիությունը երրորդ համաշխարհային պատերազմ չի ուզում, Ժոզեպ Բորելն ընդգծեց. - «Մենք պատերազմող կողմ չենք, մենք աջակցում ենք մեկ կողմին, բայց չենք մասնակցում պատերազմին»։
Իսպանացի դիվանագետի կարծիքով՝ բացի տնտեսական կորուստներից, փոքր չեն նաև պատերազմի դաշտում Մոսկվայի կորուստները՝ այդ թվում 1600 ոչնչացված տանկ․ - «Սա Պուտինը երբեք չէր էլ կարող պատկերացնել ։Բայց, դժբախտաբար, երևում է՝ նրանք պատրաստ են շարունակել այս պատերազմը, 300 հազար զինվոր են կենտրոնացրել շփման գծում, ինչը կրկնակի ավելի է այն անձնակազմից, որը սահմանին էր մեկ տարի առաջ՝ պատերազմի մեկնարկի նախաշեմին»:
Եվրոպական միության դիվանագիտության ղեկավարը դժվարացավ կանխատեսել պատերազմի ավարտի ժամկետները և այն, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունները պատերազմի ավարտից հետո:
«Դե, Ռուսաստանը չի վերանա», - շեշտեց դիվանագետը՝ հավելելով, որ Եվրոպան պետք է սկսի մտածել, թե ինչպես կարելի է վերականգնել խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում։
«Մեկ տարվա՞, թե՞ առաջիկա տասնամյակների մասին է խոսքը», - լրագրողի այս հարցին Բորելն արձագանքեց. - «Անկեղծ ասած չգիտեմ: Ձեր հարցին ես չեմ կարող պատասխանել»։
Ուկրաինայի դեմ մեկ տարի տևող պատերազմի ընթացքում ռուսները կորցրել են ավելի շատ զինծառայող, քան խորհրդային բանակն Աֆղանստանի իննամյա պատերազմում: Այդ մասին ասվում է զեկույցում, որը համատեղ հետաքննության արդյունքում հրապարակել են «Մեդիազոնա» կայքը և BBC բրիտանական ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Զեկույցը կազմվել է միայն բաց աղբյուրներում հրապարակված տեղեկություններով, որոնցում նշված են զոհվածների անուն-ազգանունները և հասցեները: «Մեդիազոնան» և BBC-ին նշում են, որ զոհերի իրական թիվը կարող է անգամներով ավելի մեծ լինել:
Մոսկվան և Կիևը չեն հրապարակում զոհերի թիվը: 2022-ի նոյեմբերին Պենտագոնը հայտնել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան, սպանվածներով և ծանր վիրավորներով, կոցրել են հավանաբար հարյուր հազարական զինծառայող:
Արևմտյան որոշ հետախուզական կենտրոնների կարծիքով, ռուսների սպանվածների և ծանր վիրավորների թիվը կարող է հասնել 200 հազարի, իսկ միայն սպանվածներինը՝ մոտ 60 հազարի:
Ուկրաինայի դատախազության պատերազմի վարչության ղեկավար Յուրի Բելոուսվը The Independent բրիտանական օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը կարող է հասնել 100 հազարի:
ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով, որոնք հաշվի են առնում միայն պատկան գրասենյակների կողմից փաստագրված մահվան դեպքերը, Ուկրաինայում 2023 թվականի փետրվարի սկզբի դրությամբ զոհվել է մոտ 8 հազար խաղաղ բնակիչ, ևս մի քանի խաղաղ քաղաքացի պատերազմի ընթացքում սպանվել է Ռուսաստանի տարածքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսով զրուցել է ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ:
Ըստ Էրդողանի աշխատակազմի, երկու նախագահները քննարկել են Ուկրաինայում մեկ տարի տևող պատերազմին, ինչպես նաև Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած հուժկու երկրաշարժին առնչվող հարցեր:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել բնական աղետի կապակցությամբ Ուկրաինայի ցոււցաբերած աջակցության և համերաշխության համար:
Նա հավաստիացրել է, որ Թուրքիան պատրաստ է իր ուժերի սահմաններում նպաստել խաղաղության հաստատմանը, «որը պետք է հիմնվի հրադադարի և երկխոսության վրա»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փետրվարի 24-ին հայտնել է Ուկրաինային ևս 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու որոշման մասին:
Այս նոր փաթեթով ուկրաինական բանակը կստանա HIMARS տեսակի ամերիկյան արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ և մարտական անօդաչուներ: Դրանք Վաշինգտոնի պատվերով պետք է արտադրեն ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի գործարանները:
Անօդաչուներից Ուկրաինա կուղարկվեն CyberLux K8, Switchblade 600, Altius-600 և Jump 20 տեսակի սարքեր, որոնք կարող են պայքարել թշնամու ԱԹՍ-ների դեմ, հզորացնել հակաօդային պաշտպանությունը և նպաստել քաղաքացիական բնակչության պաշտպանությանը:
Ամերիկացիները Կիևին կտրամադրեն թշնամու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների հայտնաբերման սարքեր:
Բացի այդ, նոր փաթեթով Ուկրաինան կստանա 155 միլիմետր տրամաչափի հրետանային համակարգերի մեծ թվով արկեր, ինչպես նաև ականազերծման սարքավորումներ և հուսալի կապի միջոցներ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ի վաղ առավոտյան հանդես է եկել Ռուսաստանի սանձազերծած պատերազմի առաջին տարվան նվիրված հատուկ ուղերձով:
«Փետրվարի 24-ին մեզանից միլիոնավորներն ընտրեցին ոչ թե սպիտակ, այլ կապույտ-դեղին դրոշը, ոչ թե փախուստը, այլ դիմավորումը՝ թշնամու դիմավորումը, գիտենք, որ այս տարին կլինի մեր հաղթանակի տարին», - հայտարարել է Զելենսկին ուղերձում, որը տեղադրվել է նրա տելեգրամ-ալիքում:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ «դա ցավի, հույսի, արցունքների և միասնության տարի էր:
«Եվ այս տարին կլինի մեր անպարտելիության տարին, մեր հաղթանակի տարին», - հավաստիացրել է Ուկրաինայի ղեկավարը: