Ֆինլանդիան Կիևին «Լեոպարդ» մակնիշի տանկեր կտրամադրի միայն Գերմանիայի համաձայնության դեպքում, այսօր հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Միկո Սավոլան։ Ֆիննական ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ գերմանական արտադրության սպառազինության վերաարտահանման դեպքում Գերմանիայի թույլտվությունը պարտադիր է։
«Թե ինչ դիրքորոշում մենք կորդեգրենք «Լեպորադների» հարցում, Գերմանիայից է մեծապես կախված», - հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարը։
Նախորդ շաբաթ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն չէր բացառել ոչ մեծ թվով «Լեոպարդների» փոխանցումը Կիևին, «եթե եվրոպական պետությունների ավելի մեծ շրջանակ նման որոշում կայացնի»։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Սևաստոպոլի մերձակայքում ոչնչացված անօդաչուների թիվը հասել է 7-ի։ Այս մասին հաղորդել է բռնակցված Սևաստոպոլի նահանգապետ Միխաիլ Ռազվոզժաևը։
Նրա խոսքով՝ բոլոր անօդաչուները ՀՕՊ ուժերի ու Սևծովյան նավատորմի կողմից ոչնչացվել են մինչև ափ հասնելը, ուստի քաղաքում գտնվող որևէ շինություն կամ ռազմավարական նշանակության օբյեկտ չի տուժել։
Սևաստոպոլի ծովածոցում խոցված առաջին ԱԹՍ-ի մասին Ռազվոզժաևը հայտնել էր դեռ գիշերը, հետագայում դրանց թիվն, ըստ պաշտոնյայի, հասել էր երեքի։
«Անօդաչուների երկրորդ հարձակումը Սևաստոպոլի ուղղությամբ մեկնարկել էր կեսօրին», - հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Դնեպրում հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։ Այս մասին տեղեկացրել է նահանգապետ Վալենտին Ռեզնիչենկոն՝ նշելով, որ փրկարարական և որոնողական աշխատանքները շարունակվում են։
«Այս պահի դրությամբ ևս 35 մարդ համարվում է անհետ կորած, վիրավորների թիվը հասել է 75-ի», - նշել է պաշտոնյան։
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին այսօր կայցելի Ուկրաինա և կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սա նրա առաջին պաշտոնական այցն է որպես ԵԱՀԿ գործող նախագահ։
Նախարար Օսմանիի հանդիպումների ընթացքում կքննարկվեն հումանիտար և անվտանգության մարտահրավերները, որոնց բախվում է երկիրը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի պատճառով։ Քննարկումները կներառեն նաև Ուկրաինայի ժողովրդի, ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ամենահրատապ կարիքները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի դերը երկրի կայունությունն ուժեղացնելու և առաջացող բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու գործում:
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի նաև Կիևի մարզ՝ դիտարկելու պատերազմի ազդեցությունը խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա և տեղեկանալու այդ տարածքում անհրաժեշտ միջազգային օգնության ծավալին:
Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ այս գիշեր ռուսական զորքերը հրթիռակոծել են Զապորոժիեն: Այս մասին Telegram-ում գրել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը։
Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ են ստացել։ Ավերվել են քաղաքացիական, բնակելի և արտադրական ենթակառուցվածքներ։ Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղարի փոխանցմամբ՝ երեք մարդ գտնվում է հիվանդանոցներում։ Նրանց թվում երկու երեխա՝ ինը և տասնհինգ տարեկան։
Ռուսական կողմը հաղորդում է, որ այսօր առավոտյան համազարկային համակարգերով հրթիռակոծվել է Մակեևկան: Ռուսաստանը նաև հայտնել է, որ Սևաստոպոլի վրա անօդաչու թռչող սարք է խոցվել:
Երեկ Գերմանիայում մեկնարկել է ուկրաինական զորքերի վերապատրաստումը՝ ամերիկյան զինված ուժերի կողմից, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլին:
Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ Ուկրաինայից ժամանած մոտ 500 զինծառայողներ կանցնեն այդ վերապատրաստումը։ Նշվում է, որ Միլլին նախատեսում է այսօր այցելել Բավարիայի դաշնային նահանգում գտնվող մարզահրապարակ և անձամբ ծանոթանալ մարզումների ծրագրին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ մոտ ապագայում Ուկրաինան կստանա ծանր սպառազինության հերթական խմբաքանակը։
«Ծանր սպառազինության մատակարարման հետ կապված վերջին պարտավորությունները կարևոր են, մոտ ապագայում ես ակնկալում եմ ավելին (մատակարարում): Կարևոր է, որ մենք Ուկրաինային մատակարարենք այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է»,- ասել է նա։
Դնեպր քաղաքում բնակելի շենքի հրթիռակոծության զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 30-ի, 75 մարդ տուժել է: Փլատակների տակ, սակայն, հնարավոր է դեռ մնացել են մարդիկ: Մոտ 40 մարդ անհետ կորած է համարվում, զոհվածների թիվը կարող է աճել: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Երկու օրում փլատակների տակից փրկարարները տասնյակ մարդկանց են հանել, այդ թվում՝ վեց երեխայի, նրանց կյանքը հաջողվել է փրկել:
Ռուսական ուժերը հունվարի 14-ին երկրորդ անգամ են հրթիռակոծել Ուկրաինայի բնակավայրերը:
Դնեպր քաղաքում հրթիռը հարվածել է բնակելի շենքերից մեկին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, կան մոտ 30 վիրավորներ, նրանց թվում՝ 6 երեխաներ:
Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը հայտնել է, որ քաղաքի այդ թաղամասում ամբողջությամբ անջատվել են էլեկտրականությունը և կենսապահովման համակարգերը:
Ամբողջ գիշերվա ընթացքում արտակարգ իրավիճակների ծառայությունը պետք է մաքրի շենքի ավերակները:
Հրթիռային հարվածը վերապրած այդ շենքի բնակիչներին տարհանում են կռունկների միջոցով:
Ուկրաինան քրեական գործ է հարուցելու պատերազմի օրենքները և կանոնները խախտելու հոդվածով:
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը մտադիր է հրաժարական ներկայացնել: Այդ մասին է հայտնում Bild գերմանական օրաթերթը:
Bild-ի համոզմամբ, հրաժարականը նոր բարդություններ կստեղծի Ուկրաինային ռազմական օգնության ծավալը բարձրացնելու մտադրություն ունեցող կանցլեր Օլաֆ Շոլցի համար:
Թերթը գրում է, թե «Շոլցի առաջնորդած սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Լամբրեխտը որոշել է հեռանալ և մեկ այլ թեկնածուի ընձեռել գերատեսչությունը ղեկավարելու հնարավորություն: Հրաժարականի ստույգ ժամկետի մասին տեղեկություններ չկան»:
Թերթը նշել է, որ Պաշտպանության նախարարության խոսնակը Լամբրեխտի հրաժարականի մասին խոսակցություններն անվանել է «ասեկոսեներ» և ավելացրել, թե գերատեսչությունը դրանք մեկնաբանելու մտադրություն չունի:
Գերմանիայի քաղաքական շրջանակներում և մամուլում վերջին ժամանակաշրջանում Լամբրեխտին քննադատել են այն բանի համար, որ գերատեսչությունը չի կարողացել արագ վերականգնել երկրի բանակի՝ Bundeswehr-ի հզորությունը, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո պետությունն այդ նպատակով 100 միլիարդ եվրո է հատկացրել: