- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսական և բելառուսական ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացնում Բելառուսի տարածքում:
Վերլուծաբանները չեն բացառում, որ Մոսկվան Մինսկի վրա ճնշում է բանեցնում՝ համոզելով այս կամ այն ձևաչափով ներգրավվել Ուկրաինայի դեմ պատերազմում:
Մինսկը մի քանի անգամ հավաստիացրել, թե չի ներքաշվի պատերազմի մեջ, սակայն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է բանակի ստորաբաժանումները տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին, որտեղ արդեն տեղակայված են ռուսական ուժերը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ «Ռուսաստանի Արևմտյան զինտարածքի ստորաբաժանումները շարունակում են ակտիվ համատեղ զորավարժությունները Բելառուսի բանակի հետ»:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է պատերազմը շարունակելու համար, միայն թե չխոստովանի, որ պատմական սխալ է թույլ տվել, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա տեսակապով ելույթ է ունեցել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի անվան ժողովրդավարության մրցանակաբաշխությանը, ասել, որ Պուտինը թույլ է տվել իր կյանքի ու ռուսների ժամանակակից սերնդի կյանքի ամենամեծ սխալը։
Նրա խոսքերով՝ ցանկացած բռնապետի իդեա-ֆիքսը սխալների անտեսումն է և ձևացնելը, թե ոչ մի սխալ չի կատարվել։
«Հենց այդպես է հիմա իրեն պահում Ռուսաստանը։ Ակնհայտ է, որ բռնակալը պարտվել է, սակայն նա ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանը շարունակի պատերազմը, միայն թե իրեն ու ուրիշներին չխոստովանի, որ պատմական սխալ է կատարվել»,- ասել է Զելենսկին, ընդգծելով, որ Ուկրաինան և ազատ աշխարհը հաստատ չեն փոխի իրենց նպատակները և իրենց արժեքների ինչ-որ զիջումների գնան։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը բոլոր հնարավոր միջոցներով կպայքարի իր շահերը պաշտպանելու համար։
Նա ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի հեռավար անցկացված նիստում և իր խոսքում դժգոհել, որ Արևմուտքը Ռուսաստանին վերաբերվում է որպես երկրորդ կարգի երկրի, որը գոյություն ունենալու իրավունք չունի։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը ցավակցություն է հայտնել Ուկրաինայի Բախմուտ քաղաքի մարտերում դեկտեմբերի 3-ին զոհված հինգ վրացիների հարազատներին։
Ռուսական զորքերը վերջին շրջանում ուժեղացրել են գրոհները Բախմուտի վրա։ Քաղաքի ծայրամասերում կատաղի մարտեր են ընթանում։
Դեկտեմբերի 3-ին զոհվել են Ավթանդիլ Ռուրուան, Ռոմեո Կվարացխելիան, Ռոմեո Պիչխայան, Մերաբ Ալադաշվիլին և Բադրի Մարկելիան։
Վրաստանի պատրիարքն ասել է, որ նրանք իրենց կյանքը տվել են մերձավորին օգնելու համար։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ամերիկյան Time հանդեսը տարվա մարդ է ճանաչել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ոգին։
«Տարվա մարդը․ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի ոգին»՝ ազդարարում է հանդեսի շապիկի ճակատի գրառումը։
«Նրանք ապացուցեցին, որ քաջությունը կարող է նույնքան վարակիչ լինել, որքան վախը, ժողովուրդներին ու պետություններին միավորելու ու բարձրացնելու ազատությունը պաշտպանելու համար, աշխարհին հիշեցրին ժողովրդավարության և խաղաղության փխրուն լինելու մասին»․- գրել է Time-ը, նշելով, որ Վլադիմիր Զելենսկին թափ տվեց աշխարհն այնպես, ինչպես շատ տասնամյակներ ոչ ոք չի արել։
«Փետրվարի 24-ին, երբ սկսվեցին թափվել ռուսական ռումբերը, Կիևում մնալու և Ուկրաինային սատարելու համար աշխարհը բարձրացնելու նրա որոշումը բախտորոշ նշանակություն ունեցավ»,- ընդգծում է Time-ը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնեցկի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել։ Նրանց թվում կան զինվորականներ։
Շախտյորսկ-Տորեզ ճանապարհին բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին։ Բեռնատարի վարորդը ևս զոհվել է։ Երեք զինվորականներ ծանր վիճակում տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։
Վթարի պատճառն ուսումնասիրվում է։ Նախնական վարկածով՝ միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկության հանդիպակաց գոտի։
- Հեղինակ՝ Ռոբերտ Զարգարյան
Միացյալ Նահանգների Սենատը համաձայնեցրել է 2023 թվականի պաշտպանական բյուջեն՝ այն կկազմի շուրջ 850 միլիարդ դոլար։
Նախատեսվում է եկող տարի Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական աջակցություն տրամադրել։ Ըստ նախագծի՝ 6 միլիարդ դոլար էլ կուղղվի Եվրոպայում Ռուսաստանին «զսպելու համար»:
Նախատեսվում է նաև ևս հինգ տարով երկարաձգել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության արգելքը։
Արդեն համաձայնեցված նախագիծը օրենքի ուժ կստանա ամերիկյան Կոնգրեսի երկու պալատներում քվեարկություններից ու նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրվելուց հետո։
- Հեղինակ՝ Ռոբերտ Զարգարյան
Միացյալ Նահանգները չի քաջալերել կամ օգնել Ուկրաինային՝ հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Միաժամանակ, Էնթոնի Բլինքենը վերահաստատել է պաշտոնական Վաշինգտոնի վճռականությունը՝ ապահովելու, որ Կիևն ունենա պաշտպանվելու համար անհրաժեշտ սպառազինությունը:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, իր հերթին, վստահեցրել է` ԱՄՆ-ը, թեև նման հեռահարության զենք չի տրամադրում Ուկրաինային, սակայն չի էլ խոչընդոտի Կիևին՝ «զարգացնելու մեծ հեռահարությամբ հարվածներ հասցնելու սեփական կարողությունը»:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այս հայտարարությունները հնչում են նախօրեին Ռուսաստանի՝ թիկունքում գտնվող երեք օդանավակայաններին անօդաչու թռչող սարքերով հասցված հարվածներից հետո։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու որոշումը` է՛լ ավելի խորացնելով տարաձայնությունները Բուդապեշտի և միության մյուս անդամների միջև։
«Մենք ձև կգտնենք Ուկարինային աջակցելու համար, անգամ՝ առանց Հունգարիայի, բայց դա կպահանջի հավելյալ ժամանակ, հավելյալ ջանքեր ու ծախսեր։ Վիկտոր Օրբանը սրանից լավ նվեր չէր կարող Պուտինին մատուցել», - հայտարարել է այս հարցով բանակցող եվրոպացի պաշտոնյաներից մեկը։
Եվրահանձնաժողովն իր հերթին շաբաթներ առաջ առաջարկել էր անդամ երկրներին սառեցնել 2023-ին Բուդապեշտին հատկացվելիք 7,5 միլիարդ եվրոյի օգնությունը՝ կոռուպցիոն ռիսկերի և դատական համակարգի անկատարության պատճառով:
Բանակցություններին մոտ կանգնած դիվանագետները հաղորդում են, որ հիմա, արգելափակելով Ուկրաինայի վարկը, Հունգարիան փորձում է այս հարցում զիջումներ կորզել Բրյուսելից։ Երկու հարցով բանակցությունները շարունակվում են, վերջնական որոշման համար կողմերը դեռ ժամանակ ունեն՝ մինչև դեկտեմբերի 19-ը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «կիևյան ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից» վերադարձվել է 60 ռուս զինծառայող, որոնց «գերության մեջ մահացու վտանգ էր սպառնում»։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն, իր հերթին, հայտարարել է, որ փոխանակման արդյունքում հայրենիք է վերադարձել 60 ուկրաինացի զինվորական՝ 58 տղամարդ և երկու կին։ Ըստ ուկրաինացի պաշտոնյայի, նրանց մեծ մասը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի պաշտպաններն են, որոնք պահվել են ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության Ելենովսկայա բանտում։