- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ռուսական ուժերը նոր հարձակում են սկսել Ուկրաինայում, հիմնական թիրախում են Դոնեցկի շրջանի Բախմուտ և Ավդիիվկա շրջանները, հայտարարել է երկրի Գլխավոր շտաբը, հավելելով՝ վերջին ժամերին միայն հրթիռակոծության տակ են հայտնվել մոտ 20 բնակավայրեր։
Մինչ այդ մասնագետները փորձում են վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը, որն ընդհատվել էր ռուսական վերջին հրթիռակոծություններից հետո։
Պաշտոնյաները զգուշացնում են, որ Ուկրաինայի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները շարունակում են մնալ ռուսական հարվածների թիրախում, և առաջիկայում հովհարային անջատումներ կարող են կրկնվել մի շարք շրջաններում։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսական զորքերն այսօր նոր հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։ «Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալության փոխանցմամբ՝ հարվածները հասցվել են երկրի միանգամից մի շարք քաղաքներին՝ մասնավորաբար Օդեսային, Սումիին, Կրիվոյ Ռոգին։
«Օդեսային հասցված հարվածների հետևանքով վնասվել է երկու ենթակառուցվածքային օբյեկտ, մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց», - հաղորդում է գործակալությունը։
Կրիվոյ Ռոգում աշխատանքն են դադարեցրել այստեղ գտնվող հանքերն ու քաղաքային մետրոն։ «Ուղևորներն ու հանքափորները դուրս են բերվել, նրանց անվտանգությունն ապահովված է», - հայտարարել է Կրիվոյ Ռոգի ռազմական վարչակազմի ղեկավարը։
«Ուկրէներգո» ընկերությունը հաստատել է, որ ռուսական հարվածների հետևանքով կրկին տուժել են երկրի էներգետիկ ենթակառույցները, ինչը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումների չծրագրված խափանումների։
Մոլդովայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ ռուսական օդանավերից արձակված հրթիռներից մեկը պայթել է երկրի տարածքում՝ մոլդավական Բրիչանի գյուղի մերձակայքում։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ռուսաստանում աշնանը հայտարարված զորահավաքը բարդացրել է Ուկրաինայի վիճակը», -Reuters գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
«Նման քանակությամբ անձնակազմի ժամանումը ռազմաճակատ բարդացրել է իրադրությունը։ Դրանք նոր բրիգադներ և գումարտակներ են, որոնց [ռուսական] բանակում սպասում էին, քանի որ այն կատարելապես հյուծված էր։ Նոր ժամանող ստորաբաժանումները նաև ավելի լավ են մարզված, քան դրանց նախորդները», - նշել է Սիրսկին։
Զինվորականի խոսքով՝ այժմ Ռուսաստանի Զինված ուժերի առջև ծառացած գլխավոր խնդիրը մատակարարումների պակասն է։
«Պատերազմի այս փուլում ռուսական կողմը շատ հաճախ հին զենք և սպառազինություն է օգտագործում», - նշել է ուկրաինացի գեներալը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանից ծովով արտահանվող նավթի առավելագույն գին սահմանելու փորձերը փոխում են իրադրությունը համաշխարհային էներգետիկ շուկայում, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Որևէ կասկած չկա, որ այս որոշման ընդունումը քայլ է համաշխարհային էներգետիկ շուկայի ապակայունացման ուղղությամբ։ Անկասկած է նաև, որ մենք որևէ առավելագույն գին ընդունել չենք պատրաստվում», -հայտարարել է Պեսկովը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, անհայտ ծագման անօդաչու թռչող սարքն այսօր առավոտյան հարվածել է Սարատովի մարզում գտնվող ռազմական օդանավակայաններից մեկի թռիչքուղուն։ Ռուսական Baza տելագրամ ալիքի տեղեկություններով, հարվածի հետևանքով Ту-95 մակնիշի երկու ստրատեգիական ռմբակոծիչ է վնասվել։
Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հաստատել է, որ մարզում միջադեպ է տեղի ունեցել, սակայն նշել է, որ քաղաքացիական ենթակառույցները դրա հետևանքով չեն տուժել։
Սարատովում տեղի ունեցած հարձակման մասին տեղեկություններին զուգահեռ ռուսական աղբյուրները հաղորդել են Ռյազանի մարզում արձանագրված պայթյունի մասին։ РИА-Новости գործակալության տեղեկություններով, Ռյազանի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում վառելիք տեղափոխող բեռնատարի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս վեցը վիրավորվել են։
Սարատովի և Ռյազանի մարզերը գտնվում են Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների գոտուց համապատասխանաբար 600 և 480 կիլոմետր հեռավորության վրա։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ռուսաստանի հետ երկխոսության լիակատար դադարեցումը լրջագույն սխալ կլինի», - կիրակի երեկոյան, Համբուրգում հնչեցրած ելույթում, հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Պատերազմի մեկնարկից ի վեր ես շարունակաբար շփվել եմ Ռուսաստանի նախագահի հետ, քանի որ համոզված եմ՝ չնայած բոլոր տարակարծություններին, մենք չպետք է դադարեցնենք երկխոսությունը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ես և Ֆրանսիայի նախագահը, որպես «Մեծ յոթնյակը» և ՆԱՏՕ-ն ներկայացնող պետությունների ղեկավարներ, շարունակենք այն։ Դա անելով հանդերձ՝ մենք զուրկ ենք պատրանքներից», - նշում էր Շոլցն՝ ընդգծելով, որ Ռուսաստանն, ամեն դեպքում, չպետք է թելադրի ապագա խաղաղության պայմանները։
«Շատ կարևոր է, որպեսզի Ուկրաինային տրամադրվող ռազմական և ֆինանսական օգնությանը զուգահեռ, մենք չկորցնենք այն պահը, երբ ի հայտ կգա [խաղաղության] հեռանկարը։ Այժմ, սակայն, այդ պահը չէ», -հայտարարել է Գերմանիայի կանցլերը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Մոսկվան նավթ չի վաճառի Ռուսաստանից ներկրվող վառելիքի առավելագույն գին սահմանած երկրներին, կիրակի օրը հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Նավթի առավելագույն գնի սահմանումն իր բնույթով կոպիտ միջամտություն է շուկային և հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին», - նշել է ռուսաստանցի պաշտոնյան։
Ռուսաստանից ծովային ճանապարհով ներկրվող նավթի առավելագույն գինը մեկ բարելի դիմաց 60 դոլար սահմանելու մասին որոշումը համաձայնեցվել էր ուրբաթ օրը։
Այսօր ուժի մեջ մտնող այս մեխանիզմն առայժմ կիրառում են միայն «Մեծ յոթնյակի» պետություններն ու Ավստրալիան։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Այս օրերին կատաղի մարտեր են Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Ռուսները փորձում են գրավել Բախմուտը, այս քաղաքի մոտ հատկապես ակտիվ են «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության զինվորները, այդ թվում՝ նախկին բանտարկյալներ:
Երեկ "Верстка"-ն հրապարակել է հարցազրույց Ուկրաինայում գերեվարված «Վագներ»-ի զինծառայողի հետ: Ռուսաստանցի Ալեքսանդր Բոլչյովը պնդում է, թե նախկին բանտարկյալ է և գտնվում էր Ուկրաինայում «Վագներ»-ի կազմում:
Բոլչյովը հարցազրույցում ասում է, որ նախկին բանտարկյալներին սպառնացել են մահապատժի ենթարկել, եթե նրանք նահանջեն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը CBS հեռուստակայանին դեկտեմբերի 4-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ռուսական կողմը չի ցուցաբերում Ուկրաինայի խնդիրը բանակցային եղանակով լուծելու հետաքրքրություն:
«Դիվանագիտությունը միշտ արժեք ունի, եթե կողմերը, տվյալ պարագայում Ռուսաստանը, իսկապես հետաքրքրված են դիվանագիտական փոխգործությամբ: Բայց այն, ինչ հիմա ենք տեսնում, հակառակի մասին է խոսում»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իմաստ ունի բանակցությունները սկսելու փորձ անել:
Բլինքենի խոսքով, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «առաջարկ է ներկայացրել, թե ինչպես շարժվել դեպի խաղաղություն»:
«Իսկ ի՞նչ արեց {Ռուսաստանի նախագահ Վլադիմիր} Պուտինը: Նա կրկնապատկեց, եռապատկեց այն, ինչ մինչ այդ է արել»,- ասել է Բլինքենը:
Նրա համոզմամբ, քանի դեռ Պուտինը չի դրսևորում դիվանագիտական կարգավորման նկատմամբ անկեղծ հետաքրքրություն՝ խնդրի բանակցային լուծում չի լինի:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ուկրաինայում մարտերը դանդաղում են, և դա, հավանաբար, կշարունակվի առաջիկա ձմռան ամիսներին, կարծում են ԱՄՆ հետախուզական ծառայությունները:
Այնուամենայնիվ, ուկրաինական ուժերի կողմից դիմադրության թուլացման որևէ ապացույց չկա, ասել է ԱՄՆ հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:
Նա հավելել է, որ երկու կողմերն էլ կփորձեն «համալրվել և վերականգնվել» գարնանը ցանկացած հակահարձակման համար:
Ուկրաինայում պատերազմի 9-րդ ամիսն է, սակայն Ռուսաստանը կորցրել է իր գրաված հողերի կեսից ավելին: