Մատչելիության հղումներ

Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունն անցյալում է, վստահեցնում է Ադրբեջանում Իրանի դեսպանը


Իրանի ԱԳՆ նախկին խոսնակ, ներկայումս՝ Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Աբաս Մուսավի, արխիվ

Լարվածությունն անցյալում է, Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարում է՝ երկու երկրներն իրենց հարաբերությունները նոր էջից են սկսում։
Աբաս Մուսավին համոզված է՝ Թեհրանին ու Բաքվին հաջողվեց հաղթահարել տարաձայնությունները։

«Երկու բարեկամական երկրների, եղբայրների, հարևանների և մահմեդականների հարաբերությունները նոր էջից են սկսվում», - Tehran Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է իրանցի դիվանագետը՝ հավելելով, որ խնդիրները լուծվել են այդ թվում Ադրբեջանի և Իրանի նախագահների ողջախոհության շնորհիվ՝ հարաբերությունների կարգավորման հարցում շրջադարձային էր Իլհամ Ալիևի և Իբրահիմ Ռաիսիի՝ Աշգաբատում տեղի ունեցած հանդիպումը։

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո սահմանակից երկրների հարաբերություններում աննախադեպ ճգնաժամը Իրանի դեսպանը բնորոշել է «ոչ դիտավորյալ» և «արհեստական»։ «Այդ լարվածությունը, որը հիմնականում կապված էր կիբերտարածության և այլ խնդիրների հետ, կարող էր ընդհանրապես տեղի չունենալ», - շեշտել է իրանցի պաշտոնյան առանց փակագծեր բացելու։

Հարևան պետությունների հարաբերությունները սրվել էին Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ Բաքուն սկսեց մաքսատուրքեր պահանջել Իրան-Հայաստան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներով անցնող իրանական բեռնատարներից։ Ադրբեջանը նաև մեղադրում էր Իրանին «առանց Բաքվի համաձայնության, ապօրինի Լեռնային Ղարաբաղի տարածք մտնելու համար»։ Թեհրանն էլ, իր հերթին, Բաքվին մեղադրում էր իր սահմաններին «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ տեղակայելու համար։

«Փառք Աստծո, նրանց [Իսրայելին] չի հաջողվել ազդել երկու բարեկամ, հարևան երկրների և մահմեդականների հարաբերությունների վրա։ Կեղծ, արմատներ չունեցող ռեժիմը չի կարող ազդել բարեկամ, հազարամյա արմատներ, խորը կապեր, նույն լեզուն, կրոնը, մշակույթն ու ավանդույթները ունեցող երկրների բնակիչների հարաբերությունների վրա», - համոզմունք է հայտնել Իսրայելի հետ սկզբունքային տարաձայնություններ ունեցող Թեհրանի ներկայացուցիչը՝ պնդելով, որ առայսօր Թել Ավիվին չի հաջողվել հասնել իր նպատակներին. - «Եվ տա Աստված, որ չհասնեն»։

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման վկայությունը, թերևս, հաճախակի դարձած երկկողմ շփումներն են։ Վերջին շաբաթներին չորս անգամ հանդիպել են արտգործնախարարները, մեկ անգամ էլ՝ նախագահները։

Անցած շաբաթ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի Բաքու այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են ընդլայնել երկկողմ համագործակցությունը և սկսել այդ ուղղությամբ ճանապարհային քարտեզի մշակումը։

Հարևան երկրների իշխանությունները առաջիկայում նախատեսում են միջկառավարական նիստ գումարել և ներկայացնել Թեհրանի ու Բաքվի հարաբերություններում բացվող նոր էջում քայլերի հաջորդականությունը։ Իրանը մասնավորապես մտադիր է մասնակցել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնողական աշխատանքներին։ ՄԻնչ այդ, Իրանը, Ադրբեջանը, ինչպես նաև մյուս հարևանը՝ Վրաստանը համաձայնության են եկել տարածաշրջանային մեկ այլ նախագծի շուրջ՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ երթուղու գործարկման։ Թեհրանի այս նախաձեռնության համաձայն՝ երթուղին կանցնի իրանական Աստարայից դեպի Ադրբեջան, այնուհետև՝ Վրաստանի նավահանգիստներ, իսկ այնտեղից՝ Բուլղարիա և Արևելյան Եվրոպայի այլ երկրներ։

Ադրբեջանում Իրանի դեսպանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո Անկարայի և Բաքվի առաջարկով ձևավորվող նոր տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակին, շեշտել է՝ տարածաշրջանի խոշոր երկրները՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, և նրանց երկու փոքր հարևանները՝ Ադրբեջանն ու Հայաստանը, փորձում են այդ ձևաչափը դարձնել տարածաշրջանային կայուն մեխանիզմ։ Դեսպան Մուսավին նշել է , որ հինգ երկրները փորձում են համոզել Մոսկվայի հետ տարաձայնությունների պատճառով այդ հարթակը մերժող Թբիլիսիին նույնպես միանալ իրենց։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ «3+3» հարթակի նպատակներից է կանխել օտարերկրյա միջամտությունը տարածաշրջանային հարցերում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG